Գերդաստաններ

Տատի աղոթքից ծնված «Սուրբ մատուռ»-ի հեղինակը․ Աշուղ Նազելի. «Գերդաստաններ»

Աշուղ-Նազելին հայտնի «Սուրբ մատուռը», բոլոր երիտասարդ երգիչների կողմից սիրված «Կարմիր վարդի ալն եմ սիրում», «Մուշ աչքեր» և շատ այլ երգերի հեղինակն ու կատարողն է։

1900-ական թվականներին Տավուշի շրջանի Բաղանիս գյուղում ապրում էր հովիվ Շաքարը, որը բարձրահասակ էր, գեղեցիկ, սրինգ էր նվագում և լավ երգում էր։ Նա սիրում էր շատ հարուստ Միրզյանների դստերը՝ Աննային, որին Անուշ էին կոչում։ Նա թուխ դեմքով և կարճահասակ մի աղջիկ էր և հմայված էր հովվով։ Սակայն Աննայի հայրը, դեմ լինելով աղջկա և Շաքարի ամուսնությանը, խեղճ հովվի ձեռքերը կապում է, գցում մի մութ տնակի մեջ, պատժում, որ հրաժարվի աղջկանից։ Սակայն  Աննան թաքուն գնում է տնակը, արձակում կապերը և միասին փախչում են և ապրում սարերում։ Այս մասին ժամանակին պատմել է Աննան, որը մեզ հայտնի աշուղ Նազելիի հայրական տատն էր։ Նազելիի հայրը՝ Լենդրուշը, ժառանգելով հոր թավ, գեղեցիկ ձայնը, մինչև այսօր էլ երբեմն, երգում է։

Երգում էր նաև Նազելիի մայրական պապը՝ Ղուկասը, որը Կոթի գյուղից էր և մեն-մենակ քարերից մաքրել և սարքել էր Կոթի գյուղի ճանապարհը և անցանելի դարձրել  մեքենաների ու մարդկանց համար։ Աշուղի մայրը՝ Ռիման, ակումբի տնօրեն է եղել, երգել է Գուսան Աշոտի հետ, իսկ Գուսան Բենիկի հետ թատրոնում նույնիսկ գլխավոր դերերում է հանդես եկել։

Եվ ահա փայլուն ձայն ունեցող աղջկան՝ Նազելիին, որին հաճախ նաև Սվետա էին անվանում, հորեղբոր աղջիկն իր հետ տանում է դիտելու հնդկական ֆիլմ, և վերադարձին ֆիլմի երգերն ամբողջությամբ երգում է Նազելին։ Զրնգուն ձայնով աղջիկը դպրոցի առաջնակարգ երգչուհին էր։ Սակայն Լենդրուշը չէր ուզում, որ աղջիկը երգչուհի դառնա՝ պատմում է Աշուղ Նազելին։

Բանասիրությունն այնքան էլ հեռու չէր արվեստից, իսկ աշուղները բանաստեղծներ են։ Նազելին ընդունվեց բանասիրական ֆակուլտետ, և երազանքի իրականացման առաջին քայլն արված էր։ Այստեղ նրան նկատեց երգիչ և գրաբարի դասախոս Խորեն Պալյանը։

Ինչպես հայտնի է, աշուղական երգը ջուր է խմում բանահյուսությունից, ազգագրությունից, և այդ պատճառով էլ աշուղական և ժողովրդական երգերը նման են միմյանց։ Եվ բանասեր Աշուղ Նազելու երգերը մեկը մյուսի հետևից ծնվում էին, սրտեր շարժում, հուշեր արթնացնում։ Դրանք ունեին իրենց հետաքրքիր նախապատմությունները և աչքի էին ընկնում համահունչ մեղեդայնությամբ։

2000-ական թվականներին երգչուհին երգում էր «Իմպուլս» ռադիոկայանում, հետո` «Ակունք» անսամբլում։ Հոգևոր և էթնիկ երաժշտությունը հմայել էր Նազելիին։ Նա 2005 թվականին ինքնուրույն ստեղծեց «Երգանի» անսամբլը, որի մեներգչուհին ինքն էր։ Նա Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Սայաթ-Նովա անսամբլի մթնոլորտում անցավ մեծ դպրոց։ Ծնվեցին նրա՝ այսօր մեծ ընդունելություն գտած երգերը։ Գեղեցիկ նախապատմություն ուներ «Հետ չեկար»-ը, «Սուրբ մատուռը»։ Վերջինս, որն այսօր կատարում են ամենուր, տատիկից լսած մի փոքրիկ աղոթք էր` պատմում է Նազելին։

Հանրային ռադիոյի 6-րդ ստուդիայում, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի 60-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ էր ունենում նաև Նազելին՝ անսահման հուզիչ, տպավորիչ երգերով։ Ռադիոյի ֆոնդում այսօր պահվում են Աշուղ Նազելիի բոլոր երգերը։

«Նուբար» ազգագրական համույթի ղեկավար և Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների հեղինակ և վարող Լուսինե Նազարյանն այս գերդաստանի շառավիղներից է։ Լուսինեն պատմում է, թե ինչպես է բացահայտվել այդ բարեկամությունը, ինչպես են մտերմացել և թե որքան գեղեցիկ է, երբ արյան կանչը ձուլվում է մեղեդուն։ Նրանք նաև համագործակցում են, «Մուշ աչքեր»-ին Լուսինեն գուրգուրանքով է վերաբերվում։

Լուսինե Նազարյանը շատ հետաքրքիր բացահայտումներ է արել Տավուշ-Համշեն-Դերսիմ ճանապարհին։ Նա շատ համոզիչ ներկայացրեց, որ Համշենի երգերը  ոչ միայն թուրքական ծագում չունեն, այլև գալիս են Պոնտոսից։

Այս գերդաստանի շառավիղներից է նաև երգչուհի Արփինե Մամյանը։ Նա կարևորում է Նազելիի հետ համագործակցությունը, նրա խորհուրդներն ու կարծիքը։

Գերդաստանի երիտասարդ, երգող աղջիկները գալիս են Նազելիի մոտ, խորհուրդներ  լսում, ինչ-որ մի ճյուղ վերցնում նրա ընձյուղներից ու գոհունակությամբ հեռանում։

Այսօր «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի գրեթե բոլոր սաները երգում են «Կարմիր վարդի ալն եմ սիրում» երգը, իսկ երգչուհին դիտում է նրանց ու հոգին թնդում է երջանկությունից, քանի որ իր երգերը թև են առել և թռչում են։ Եվ այդ ճախրանքի մեջ՝ կարմիր ու ալ վարդերի հետ, Անուշ տատի աղոթքն է, որը ծիածանակերտ ճանապարհ է հարթում։

Back to top button