Խոշորացույց

Հիբրիդային համաշխարհային պատերազմն սկսված է․ «Խոշորացույց»

Հունվարի 13-ին Տայվանում կայացած ընտրություններում հաղթել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությունը եւ նախագահի, եւ խորհրդարանի ընտրություններում։ Այս կուսակցությունը հանդես է գալիս Տայվանի լիակատար անկախության օգտին, ուստի հասկանալի է, թե ինչու են նման արդյունքները հարուցել Չինաստանի դժգոհությունը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Հանրապետական կուսակցությունում կազմում է 69 տոկոս, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում այս տարվա ընտրություններում կրկին սպասվում է Բայդեն-Թրամփ մենամարտը։

Ռուսաստանում ընտրություններում չափազանց մեծ է Պուտինի վերընտրվելու հավանականությունը, նման պատկեր է Ադրբեջանում։

Եվրախորհրդարանի ընտրություններում մեծ է եվրասկեպտիկների հաջողության հնարավորությունը։ Նման պայմաններում աշխարհում քաղաքական ռիսկերն այս տարի էլ ավելի են մեծանալու։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը շեշտում է, որ քաղաքական ռիսկերը միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայում կառավարելի են, եթե խոսում ենք միբևեռ կամ երկբևեռ աշխարհակարգում, որն այլեւս փլուզված է։

Այսօր բազմաբևեռ աշխարհ է, կան ուժային կենտրոններ, որոնք իրենց սեփական օրակարգերով են առաջնորդում։ Դրան զուգահեռ վերջին 4 տարիներին հակամարտությունները գնալով աճում են, ասում է քաղաքագետը` թվարկելով` Ադրբեջանի հարձակումը Արցախի, ապա Հայաստանի վրա, Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, պաղեստինա-իսրայելական ճգնաժամի խորացումը, հութիները եւ պատերազմը Կարմիր ծովում, Թայվանում իրավիճակի բարդացման հնարավորությունը։ Սրանք գալիս են նշելու, որ աշխարհում կան բաժանարար գծեր եւ հիբրիդային բնույթի համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է։

Եթե մեկ տարի առաջ Արեգ Քոչինյանը «Խոշորացույցում» նշում էր, որ ռուս-ուկրաինական պատերազմում մեզ համար շահեկան զարգացում չկա, ապա Արցախի անկման եւ արցախահայության բռնագաղթից հետո, ըստ նրա, Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի պարտությունը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քաղաքական ռիսկերը եւ դրանց կառավարումը աշխարհում եւ Հայաստանում. թեմայի շուրջ զրուցում ենք  Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։

Back to top button