

Կրեմլում այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումնը Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հետ: Ինչպեստ տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը, Վլադիմիր Պուտինը ողջունելով իր պաշտոնակիցներին, ընդգծել է, որ հանդիպումը տեղի է ունենում բոլորի համար ընդհանուր և կարևոր տոնի՝ Հաղթանակի օրվա նախօրեին:
«Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ մեր պապերն ու հայրերը միասին են հաղթահարել սարսափելի և անողոք թշնամուն՝ նացիզմը և պաշտպանել իրենց հողը: Այդ ամենը նախկին Խորհրդային Միության երկրների ժողովուրդներին միավորող հզորագույն գործոն է»,-, նշել է Ռուսաստանի նախագահը:
Պուտին. Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացրել մարտնչող ազգայնականությունը
Զուգահեռներ անցկացնելով անցած դարի կեսին տեղի ունեցած իրադարձությունների և արդի աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին` Վլադիմիր Պուտինն ասել, որ Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացրել մարտնչող ազգայնականությունը, և Ռուսաստանի համար եղբայրական Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, Պուտինի խոսքով, ակներև են դարձնում, որ անպատասխանատու քաղաքականությունը ողբերգության է հանգեցնում։
Երեկ Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահի և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հանդիպումը: Պուտինն այսօր Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հետ հանդիպումից առաջ տեղեկացրել է, որ ԵԱՀԿ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նախանշված են ԵԱՀԿ գործունեության ակտիվացման ուղղությամբ կոնկրետ քայլեր՝ Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Խոսքը, ըստ Պուտինի, նախ և առաջ Կիևի գործող իշխանությունների և հարավ-արևելյան շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության մեկնարկի մասին է: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում քննակվում են Ուկրաինայի իրավիճակի, ինչպես նաև նշված երկների միջև համագործակցությանը, ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Խոսելով ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության մասին՝ Պուտինն ընդգծել է, որ նախագահները քննարկում են նաև միասնական քայլերը՝ իրենց ժողովուրդների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Լուկաշենկո. Համատեղել ջանքերը Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մոսկվայում իր հայ, ռուս, ղրղզ և տաջիկ պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկներին կոչ է արել համատեղել ջանքերը Արևմուտքի պատժամիջոցներին համատեղ դիմակայելու նպատակով: Նա միաժամանակ ընդգծել է, սակայն, որ դրանք այդքան էլ վտանգավոր չեն: «Արևմտյան երկները գնում են լարվածությունն էլ ավելի սրելու ճանապարհով, և որ շատ վտանգավոր է՝ տնտեսության և ֆինանսական ոլորտները ճնշելու միջոցով»,- ասել է Բելառուսի նախագահը: