Գերդաստաններ

Արտաշես արքային նվիրված երգերից մինչև հանրահայտ «Հայեր միացեք» ու «Գետաշեն». Գուսան Հայկազուն. «Գերդաստաններ»

Նա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավարն է, «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության անդամ է, նրա գերդաստանի շատ անդամներ երգիչներ և երաժիշտներ են։

Գուսան Հայկազունու նախնիները Պարսկահայքի Խոյ գավառի Բարանդուզ գյուղից էին։ Գյուղի բնակչությունը 1828-30-ականներին ամբողջությամբ գաղթել էր Արաքսի ափերը՝ Արտաշատ։ Գուսանի պապը՝ Նիկողայոսը, սիրում էր կատարել Արտաշեսի հարսանեկան արարողության երգերը, որոնք, ցավոք, չեն պահպանվել, քանի որ այն ժամանակ հարմար չի եղել ձայնագրել։ Եվ քանի որ այդ երգերի մեծ շարքը սիրում էր կատարել Նիկողայոսը, նրա հյուսած երգերում էլ Արտաշես անվանը կհանդիպեիր։ Գուսան Հայկազունը և քույրը՝ բանաստեղծուհի, գրող, հրապարակախոս, նկարչուհի Նանեն պատմում են, որ պապը գնացել է հյուրախաղերի ու տուն չի վերադարձել։

Գուսան Հայկազունը վաղ է կորցրել հորը, այն ժամանակ, երբ դեռ պապը կար։ Հայրը լավ սրնգահար էր։ 1948 թվականին, 14 տարեկանում նրան այն ժամանակվա Կուլտուրայի մինիստրությունը պարգևատրում է պատվոգրով։ Ստեփանը նաև լավ կլառնետ էր նվագում և ճանաչված էր ողջ տարածաշրջանում։ Միակ բանը, որ պահպանվել էր հորից, նրա որսորդական հրացանն էր, որից երբեք չի բաժանվում, և գուցե դա էր պատճառը, որ շատ պատրաստակամ, հայրենասերի ավյունով մասնակցեց Արցախյան պատերազմին՝ Արտաշատի «Երկրապահ» ջոկատի կազմում։ Եղել է Գետաշենում, Բերձորում։

Դեռևս դպրոցական տարիներից հայրենասիրական երգեր երգող պատանու համար բավականին դյուրին էր ստեղծագործել հայրենասիրական թեմաներով։ Իսկ շփումը Մոնթեի և նրա ընկերների հետ ծնունդ տվեց մինչ օրս հասարակական հնչեղություն ունեցող  այնպիսի երգերի, ինչպիսիք են «Հայեր միացեք»-ը, որի առաջին կատարողը Սահակ Գալոյանն էր՝ «Զորավար Անդրանիկ» երգչախմբի ղեկավարը, նաև «Հպարտ գնացեք», «Պարիր արցախցի», «Մոնթե Մելքոնյան», «Պիտի գնանք» և այլ երգերի։

Ստեփանը ցանկանում էր, որ որդին շինարար դառնա և այդ պատճառով էլ որդուն ակորդեոն չառավ, որի մասին այնքան երազում էր տղան։ Բայց, այնուամենայնիվ, նոտագրություն ամենևին չիմացող երիտասարդը բազմաթիվ նվագարաններ ունեցավ, սկսեց երգեր գրել և կատարել։

Գիշերները Գագիկը Կոմիտասի երգերի տակ էր քնում, իսկ Շարա Տալյանի երգերը նրան գերում էին, թափանցում հոգու խորքը, նրան սովորեցնում էլ ավելի երաժշտական դառնալ։

Արցախյան պատերազմի տարիներին շատ հետաքրքիր նախապատմությամբ հայտնի «Գետաշենը» առաջին անգամ կատարեցին Արտաշատի ջոկատի տղաները։

Գուսան Հայկազունու գերդաստանից են հայտնի թառահար Արտաշես Նազարյանը և գուսանական երգերի կատարող Սեյրան Նազարյանը։ Հենց այդ Արտաշեսն էր դարձել Նիկողայոս պապի երգի հերոսը։

Գուսան Հայկազունը երաժշտական ընտանիք ունի։ Դուստրը՝ Անահիտը, քանոն է նվագում, որդին՝ Սիփանը երգում է, իսկ երկու տարեկան Պապ Հայկազունը, հետևելով նրանց, ուզում է դառնալ գուսանական երգերի լավագույն կատարող և իր ձեռքը կվերցնի և՛սրինգ, և՛ թառ, և՛ ակորդեոն և՛ նաև խունացած պահոցներից կգտնի ու կյանքի կկոչի Արտաշեսի և Սաթենիկի սիրո երգերը ու մի նոր երգ կգրի արդեն վերածնված Արցախի մասին։

Back to top button