Քեսաբցիների խնդիրը առաջիկա օրերին կներառվի նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի օրակարգում
Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ
Չնայած Սիրիայից ստացվող ուրախալի լուրերին, որ սիրիական բանակը հրոսակներից մաքրել է Քեսաբի հարակից ծովափը, և մոտ է արդեն Քեսաբ քաղաքն ազատագրելու պահը, այդուհանդերձ, ամերկահայերը շարունակում են տագնապել տարագիր հարազատների անվտանգության ու կյանքի համար: ՄՆ-ում ապրում են մեծ թվով քեսաբցիներ, ովքեր հայկական բնակավայրից հեռացել են տարիներ առաջ, բայց չեն կտրել կապը հարազատ քաղաքի ու այնտեղ ապրող հայրենակցիների հետ: Նրանց համար քեսաբցիների փրկության գործին աջակցելը հայրենիքի ու ընտանիքի պարտք է: Սիրիահայերի զորակցության միացյալ մարմնի հերթական նախաձեռնությունը բարեգործական համերգ էր, որի հասույթը կուղղվի քեսաբցիների առօրյա ծախսերը հոգալու նպատակին: Ամերիկահայերն այս անգամ էլ կուղարկեն 100 հազար դոլար: Նույնքան ուարկվել էր անցած ամիս: Ընդհանուր առմամբ, ՄՆ-ի արևմտյան ափից սիրիահայերին ուղարկվել է 900 հազար դոլար: Բարեգործական ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ պատերազմական գոտում ապրող հայերն ունեն բարոյական ու նյութական օգնության կարիք, ասում է Սիրիահայերի զորակցության միացյալ մարմնի ատենապետ Զավեն Խանջյանը:
Քեսաբցիների խնդիրը առաջիկա օրերին կներառվի նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի օրակարգում: Փոլ Կրեկորյանի հեղինակած բանաձևի նախագծում նշվում է, որ մարտի 21-ին Թուրքիայի սահմանից Ալ Քաիդայի հետ կապված զինված ուժերի հարձակման հետևանքով Հայոց ցեղասպանությունից հետո Քեսաբում ապաստանած հայերը կրկին տեղահանվեցին, իսկ Քեսաբի ու հարակից բնակավայրերի հայկական ու քրիստոնեական մշակութային արժեքները պղծվում ու ոչնչացվում են: Նախագիծն առաջարկում է օրենսդրական և վարչական ոլորտներում միջոցներ ձեռնարկել քեսաբցիներին աջակցելու համար, որպեսզի նրանք հնարավորին չափ շուտ տուն վերադառնան ու վերականգնեն կորցրածը: Ընդունվելու դեպքում բանաձևն` իբրև կոչ, կուղարկվի նաև ՄՆ-ի նախագահին: