Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նոր կառավարության կազմում ընդգրկվածներին հիմնականում նախկինում տեսել ենք բարձր պաշտոններում, ուստի եթե խոսենք այդ կառավարության եւ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պահանջների համաչափության մասին, ապա լավատեսություն չկա, որ այս կառավարությունը կկարողանա լուծել խնդիրները: Այս կարծիքն է այսօր հայտնել Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին: Ընդդիմադիր գործընկերոջը հակադարձել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորի խոսքով` նախկինում աշխատածները ապացուցել են իրենց կարողությունները եւ կարող են օգտակար լինել երկրին: Ներքաղաքական վերջին զարգացումների, նոր կառավարությունից սպասելիքների մասին այսօր խոսել է նաեւ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե թերահավատ է նոր ձեւավորված կառավարության գործունեության եւ ցուցաբերելիք արդյունքների առնչությամբ: Նրա խոսքով` կառավարության մեջ ընդգրկված են մարդիկ, ովքեր շահում են ներկայիս խաղի կանոններից, հետեւաբար` նրանք, Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, չեն փոխելու խաղի կանոնները:
«Բարեփոխումների իրականացումը, անկեղծ ասած, չեմ կարող սպասել մի թիմից, որը նախկինում նույնպես պաշտոնավարել է եւ, լավագույն դեպքում, տեսել ենք, թե ինչպիսին են այդ բարեփոխումները»:
Ընդդիմադիր գործընկերոջ մոտեցումը չկիսեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` կարելի է դեռ աշխատանք չտեսած վատաբանել, անհավատությամբ լցվել կամ դժկամությամբ խոսել, սակայն, նրա կարծիքով, դա չէ ճիշտ ճանապարհը: Մի բան է հստակ` տուր իշխանություն, փորձիր հավատը` ձեւակերպեց պատգամավորը. «Նրանք, ովքեր աշխատանքում ապացուցել են իրենց գործունեությամբ, պետք չէ ասել, որ նրանք նախկինում աշխատել են: Իսկ ինչու պիտի չաշխատեին: Հովիկ Աբրահամյանին ես ճանաչել եմ երկար տարիներ: Իր օրոք, փաստորեն, համայնքները կայացան եւ ապակենտրոնացումը իրականում տեղի ունեցավ Հայաստանում»:
Ինչու չգնալ այն ճանապարհով, որ եթե մարդն իրատես է, գիտե Հայաստանի իրականությունը, կարող է իր կազմակերպչական ունակություններով օգտակար լինել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում` հարցրեց Մկրտիչ Մինասյանը: Նա շեշտեց, թե այդ առումով ինքը որեւէ կասկած չունի: Ստեփան Սաֆարյանը, սակայն, հակադարձեց, թե` տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը Հայաստանում, թերեւս, ամենաչկայացած ոլորտներն են:
Թեմային այսօր մեկ այլ ասուլիսում անդրադարձավ նաեւ նախկին օմբուդսմեն, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ի պատասխան լրագրողների հարցերի` բանախոսներն անդրադարձան նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օրեր առաջ արած հայտնի հայտարարությանը, թե` դեպի իշխանություն տանող ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության երեկվա նիստում, կարծես թե, հենց այս բանաձեւմանն էր հակադարձել` համոզմունք հայտնելով, որ «առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքով` յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իր խնդիրները լուծում է քաղաքական ճանապարհով եւ, այս առումով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն իր իրավունքն է: Հանրապետական պատգամավորն այնուհետեւ հավելեց. «Այն, ինչ ասել է պարոն Շարմազանովը, ասել է իրատեսորեն, որ, եթե կան քաղաքական ուժեր, որոնք հանրապետական կուսակցությանը համարում են արդեն այլեւս ոչ ուժեղ, ոչ կարող կուսակցություն, ոչ ընդունակ այս ժողովրդի, այս երկրի խնդիրները լուծելու, նրանք չարաչար սխալվում են: Ինչու: Որովհետեւ Հանրապետական կուսակցությունը հզոր կուսակցություն է` մեկ: Եվ երկրորդը` պատասխանատու կուսակցություն է»:
Եթե խոսքը ընդամենը հզոր կուսակցություն լինելու եւ քաղաքական դաշտում ծանրակշիռ ներկայություն ունենալու մասին է, ապա անհարկի էր այսքան կրքեր բորբոքելը` իր հերթին նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը. Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղարի խոսքով` դա, թերեւս, այն է, ինչ ասում է Սահմանադրությունը` իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը: Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Շարմազանովի հայտարարությունն ամենեւին էլ տեղին չէր եւ այն չի նպաստում դրական մթնոլորտ ստեղծելուն: Արջն իր ահից է գոռում` շարունակելով միտքը պատկերավորեց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի երեկվա հայտարարությանը, ապա, Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, դա պայմանավորվածությունների դաշտում պետք է դիտարկել: Եզրափակելով` նախկին օմբուդսմենը նաեւ համոզմունք հայտնեց, որ նման սցենարները իրենց մեջ մի վատ բան են պարունակում. «Միշտ ժողովուրդը դրանցից ստանում է ավելի քիչ բան, քան ակնկալում է»: