Մոռացված ֆիլմերի ստվերներըՏնտեսական

Դար+ Հայկինո 100. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայ կինոյում կան սիրված ռեժիսորների անուններ, որոնց ստեղծագործական այդ տարածք է ուղղորդել նախախնամության ձեռքն ու մեծ նվիրումը։ Սակայն նրանց կենսագրությունները ևս թերթելիս ցավոք, գտնում ես անկատար ծրագրեր, կոտրված երազանքներ։

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի մուտքը հայ կինո սովորականից տարբեր էր ու հետաքրքիր։ Նրա ֆիլմերի շնորհիվ աշխարհը ճանաչեց, սիրեց ու գնահատեց հայ նորօրյա կինոն։ «Ձայն բարբառո», «Տեր ողորմեա», «Քրմուհի» և այլ կինոնկարները ցուցադրվել ու հաջողություններ են գրանցել աշխարհի շատ երկրներում, տարբեր փառատոններում նրան բերել պատվավոր մրցանակներ։

Ավելի քան երկու տասնյակ ֆիլմերի հեղինակ Վիգեն Չալդրանյանը իր դեբյուտը կինոյում սկսեց անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին։ Հաջորդ՝ «Ապրիլ» ֆիլմն էկրան բարձրացավ 1985 թվականին։ Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին։

Ըստ կինոգետ Սիրանույշ Գալստյանի այս ֆիլմում Չալդրանյանը որսացել էր ազգային հիշողության ու պահանջատիրության երակը, որն ապրում էր ավագ սերնդի մեջ, ու լեգենդի պես փոխանցվում երիտասարդներին։ Լեգենդ, որն ամենամոտ ապագայում դրսևորվելու էր իբրև իրականություն։

Սիրանույշ Գալստյան

«Երբ որ սկսում ես դիտել ֆիլմը, հասկանում ես, որ այն կարծես մի ամբողջական պարտիտուր լինի, որից ոչ մի նոտա ու ոչ մի տակտ չես կարող հանել»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

«Ապրիլ» ֆիլմի էկրան բարձրանալուց մի քանի տարի անց պիտի տեղի ունենար ազգային ինքնագիտակցության վերելք և կինոն ներքին խմորումները կանխազգալով իր հայացքը ավելի էր կենտրոնացնում պատմության ու ներկայի խաչմերուկներին։ Այդ պատմության մեջ հավերժական արժեքներ փնտրող հայ մարդու հետքերով գնացող Վիգեն Չալդրանյանը՝ 1988 թվականին ձեռնամուխ եղավ «Ձայն բարբառո»  երկսերիանոց գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին, որի համար հիմք դարձավ Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» վիպակը։

Երջանիկ ճակատագրով այս ֆիլմում հիշվում ու մտապահվում է շատ բան, հատկապես այն դրվագը, երբ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը մեղքերի համար թողություն է խնդրում։  Տարիներ անց դերասանուհին վերհիշելով ֆիլմի նկարահանումները նշում է, որ այն հարուստ է գեղանկարչական լուծումներով և առանձնանում է Վրեժ Պետրոսյան կինոօպերատորին բնորոշ յուրօրինակ ձեռագրով։

Հասմիկ Տեր-Կարապետյան

«Ֆիլմն ինձ համար շատ թանկ է նաև այն առումով, որ ես նկարահանման ժամանակ շփվեցի հրաշալի մարդկանց հետ: Նկարահանման ժամանակ պատահում էր, որ դերասանները երբեմն պաթետիզմով էին արտաբերում նախադասությունները, իսկ Վիգենը դա չէր սիրում: Եվ շատ մեղմ կարողանում էր համոզել նրանց, որ շատ թեթև և աննշան արտաբերումով խոսեն միմյանց հետ»,-պատմում է Հասմիկ Տեր-Կարապետյանը։

Հայկական կինոյի պատմության մեջ անցյալ դարի 80-ականները հարուստ էին նոր անուններով, որոնք հաջորդ տասնամյակում կարող էին շատ բան տալ մեր կինոարվեստին, եթե պատմության դրամատիկ շրջադաձերից ծնունդ առած ճգնաժամերի պատճառով կինոն չկորցներ իր զարգացման բնականոն ընթացքը ։

1983թ․-ին վավերագրական կինոյի վարպետ Ռուբեն Գևորգյանցը և այն ժամանակ դեռ սկսնակ Գեորգի Կևորկովը միացան ու պատմավավերագրական ֆիլմ նկարահանեցին հեղափոխական բանաստեղծ Միքայել Նալբանդյանի կյանքի մասին։

Շուրջ չորս ամիս տևած նկարահանումները ավարտելուց հետո Ռուբեն Գևորգյանցը մեկնեց Մոսկվա, որտեղ իրականացրեց ֆիլմի մոնտաժային և ձայնագրման աշխատանքները։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ կինոնկարի առաջին դիտումին հաջորդած քննարկման ժամանակ պետկինոյի պատասխանատուները որոշակի աննշան փոփոխություններ առաջարկեցին, որոնցից մեկն էլ վերաբերվում էր ֆիլմի անվան փոփոխմանը։

Կոլեգիայի անդամներն իրավացիորեն պնդում էին, որ կինոնկարի նախնական «Միքայել Նալբանդյան» անվանումը, ցավոք, օտարերկրյա դիտողի համար գայթակղիչ չէ։ Իրավիճակը փրկեց Դավիթ Մուրադյանը, որը խմբագրական կոլեգիայի անդամներին ներկայացրեց Միքայել Նալբանդյանի ռուսերեն թարգմանված հատորյակի բանաստեղծությունից մի տող՝ «Огонь мерцающий в ночи»։ Բովանդակային առումով կինոնկարին համահունչ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» տողն էլ դարձավ ֆիլմի վերնագիր։

«Ֆիլմը հանձնելու ժամանակ պարզ դարձավ, որ կինոնկարի ամբողջ դրամատուրգիան կառուցված է ազգային ազատագրական գաղափարախոսության վրա։ Հայաստանի քարտեզագրման թեման էր շոշափվում ֆիլմում։ Գիտենք՝ միայն պետություն վերականգնողներն են պատրաստվում քարտեզագրման։ Եվ այդ փաստը որոշ չափով անհագստություն առաջացրեց մոսկովյան պետկինոյի ղեկավարության մոտ։ Բայց ավելի խիստ միջամտումներ չեղան»,-նշում է Դավիթ Մուրադյանը։

Այսօր, տարիների հեռվից վերլուծելով իրադարձությունները, հասկանում ենք, որ կինոն ևս կարծես գուշակում էր մոտեցող ժամանակի պահանջը։ 1988-ի ազգային շարժումից մի քանի տարի առաջ զգացվում էր Նալբանդյանի գործն ու կերպարը ներկայացնելու անհրաժեշտությունը։

Գևոգյանց եղբայրները  իրականաթյուն դարձրեցին այն։ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմին հաջորդեցին երկու եղբայրների նկարահանած «Քանի դեռ կանք» կինոնկարը, «Սպիտակ ոսկոր» էքսցենտրիկ կատակերգությունը։ Այդ ժանրը հատկապես հարազատ էր Գեորգի Կևորկովին և շատ լավ դրսևորվեց հետագայում նկարահանած ֆիլմերում։  Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ավարտական՝ «Պատահար հուլիսին» ֆիլմը Գեորգի Կևորկովը նկարահանեց 1982-ին։ 

Հենց այդ տարվա ամառային մի օր «Հայֆիլմ» կինոստուդիայի ճանապարհին գտնվող հինգհարկանի շենքերից մեկի բնակիչների անդորրը խախտվում է անսպասելի բղավոցներով։ Այսօր արդեն ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյանն այդ ֆիլմում մարմնավորել է տանիքներ ներկող վարպետի հնարամիտ օգնականի կերպարը։ Այդ նրա բարիտոնային ձայնն էլ անհանգստացրել էր շենքի բնակիչներին։ Տարիներ անց վերհիշելով այդ զավեշտալի դեպքը՝ էդուարդ Գասպարյանը, ծիծաղով, պատմում է այդ միջադեպի մասին։ Նրա ուրախ ձայնի մեջ լսվում է նաև թախիծ ու կարոտ անցած օրերի համար։ 

«Իմ գոռգոռոցներից հետո շենքի բնակիչները խուճապահար դուրս էին եկել և իրար անընդհատ հարցնում էին «Ի՞նչէպատահել, ի՞նչէպատահել» մենք էլ իրենց հանգստացնում էինք ասելով, որ ֆիլմ է նկարահանվում, տանիքում դերասաններն են աշխատում »,-պատմում է Էդուարդ Գասպարյանը:

 Խորհրդային տարիներին կինոաշխարհ մտած Վիգեն Չալդրանյանը, Գեորգի Կևորկովը, Ռուբեն Գևորգյանցը ռեժիսորների այն խմբից են որոնց ուսերին ընկավ Խորհրդային միության փլուզումն ու «Հայֆիլմ» կինոստուդիայի դժվար գոյատևման շրջանը։

Դա դժվարացրեց կինոյով ապրող այդ տաղանդավոր արվեստագետների հետագա կյանքն ու աշխատանքը։ Բայց հանուն ճշմարտության պետք է փաստել, որ այն ինչ նրանք արեցին, պատվով արեցին, որովհետև երբ դիտում ենք նրանց  ֆիլմերը համոզվում ենք, որ այդ սերունդը  իր պրոֆեսիոնալ պարտքը հանրության առջև լիովին կատարել է։

Back to top button