Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Արդարադատության եւ Սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարարներին
լրացված ժամը 16.20
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ Հովհաննես Մանուկյանին ու Գաբրիել Ղազարյանին: Հիշեցնենք ՀՀ նախագահի հրամանագրերով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է արդարադատության, իսկ Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ սպորտի ու երիտասարդության նորանշանակ նախարարին հորդորելու է անել ամեն ինչ, որ այս ոլորտը քաղաքականությունից հեռու մնա:
Նոր կառավարության նոր կազմն արդեն հայտնի է, ավելին՝ աշխատակազմերին ներկայացված են արդեն բոլոր նորանշանակ նախարարները: Արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանն ինքն է խնդրել, որ ազատվեն նախարարի պաշտոնից, պատճառները շատ են, սակայն, նախկին նախարարը դրանց մասին գերադասում է չխոսել: Թովմասյանը գործազուրկ չի դառնա, առաջարկները շատ են, հանրությանը՝ հայտնի ու անհայտ առաջարկներ ի, դեպ, նախկին նախարարը մեկ շաբաթվա ընթացքում կընտրի, թե որտեղ պետք է աշխատի.«Բնականաբար ես դեռ 43 տարեկան եմ, կենսաթոշակի չեմ անցնելու, բնականաբար, աշխատելու եմ, բայց երևի մեկ շաբաթ անհրաժեշտ է, որպեսզի մի հատ էլ վերագնահատեմ, և որոշեմ, թե ինչով եմ զբաղվելու: Ինձ համար պետության իրավական համակարգը, առկա խնդիրները շարունակում են մնալ, որտեղ էլ լինեմ, ես առնչություն ու մասնակցություն եմ ունենալու այդ խնդիրների լուծմանը»:
Արդարադատության նոր նախարարը Հովհաննես Մանուկյանն է, ով 2005-2008թթ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էր, 2011թ զբաղցենում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատության նախարարն աշխատել է նաև նույն այս գերատեսչությունում, ճանաչում է ՀՀ երրորդ հանրապետության արդարադատության բոլոր նախարարներին.«Համակարգի առջև լուրջ խնդիրներ են կանգնած, արդարադատության նախարարությունը կառավարության կարևորագույն օղակներից է, կարծում եմ, որ մենք շարունակելու ենք բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են: Համակարգը լավ կադրեր ունի, այդ կադրերին, մենք հետայսու էլ կօգտագործենք»:
Սպորտի ու երիտասարդության հարցերի նոր նախարարը Գաբրիել Ղազարյանն է:
Այս պաշտոնում նա փոխարինելու է լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին: Վերջինս նախարարի պաշտոնը զբաղեցրեց մեկ տարի: Արդեն նախկին նախարարը համատեղ աշխատանքի համար նախկին կոլեկտիվին շնորհակալություն հայտնելու առիթը բաց չթողեց.«Վստահ եղեք, որ իմ համար ամեն ինչ նորմալ է լինելու, մոտ ապագայում կիմանաք, իհարկե փակագծերը ոչ այնքան բացած, այնպես որ կյանք է, ամեն ինչ լինում է»:
Գաբրիել Ղազարյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետն էր, 2006թ նաև՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահն է: Նա քաջատեղյակ է ոչ միայն սպորտի, այլ նաև երիտասարդության հարցերին.«Այս պատվավոր պաշտոնը, որը ես ստանձնում եմ, դա շատ մեծ գործունեության աշխատանք է, այն ծրագրերը, որոնք կատարում էր նախարարությունը, պետք է ամբողջ ուժոց կատարենք այդ ծրագրերը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ է կարևորելու սպորտի ու երիտասարդության հարցերը, ամեն ինչ անելու է, որ ոլորտը զարգանա.«Ես հորդորելու եմ նորանշանակ նախարարին, ամեն ինչ անել, որ այս ոլորտը քաղաքականությունից հեռու մնա, պետք է զարգացնել սպորտը և երիտասարդությունը»: