Վերնատուն

2023–ը՝ ծանր գրական տարի. «Վերնատուն»

Գրական տարին ամփոփում է «Գրանիշ» գրական կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

«Եթե տասը տարի առաջ մենք ուղղակի թվայնացնում ու տեղադրում էինք գոյություն ունեցող գրական տեքստերը, որ դրանք ավելի մեծ թվով մարդկանց հասանելի լինեն համացանցում, տարիների ընթացքում «Գրանիշի» ուղղվածությունը դարձավ ավելի գրական պրոցեսին արձագանքող, հիմա տարվա ընթացքում մենք հրապարակում ենք նոր հեղինակների նոր տեքստեր», – ասում է Հասմիկ Հակոբյանը:

Ի՞նչ է փոխվել վերջին 10–20 տարիներին գրական կյանքում։ Հասմիկ Հակոբյանն ասում է, որ փոխվել է գրական լեզուն, գրականության մատուցման ձևը, գեղագիտությունը։ «Մեր խնդիրն այն է, որ ստեղծվի նոր լեզու և նոր բովանդակություն, մենք խրախուսում ենք հատկապես նորարարությունը լեզվի տեսակետից, կառուցվածքի ներկայացման տեսակետից, տեքստում տարբեր շերտերի անցողիկությունը, աղմուկներն ու ներդաշնակությունները»։

Հասմիկ Հակոբյանն ասում է, որ մեր ժամանակներում հաճախ լավ գրական տեքստերը մնում են ստվերում և առաջին պլանում են հայտնվում սկանդալային թեմա ունեցող տեքստերը, քանի որ սոցիալական ցանցերում սկանդալայինությունը մնում է առաջնային։ Մյուս կողմից, որոշ տեքստեր, որքան քննադատվում են այնքան շատ են ընթերցվում։ Հասմիկ Հակոբյանը սա լավ ցուցանիշ է համարում։ Ասում է՝ 2023–ը գրականության համար վատագույն տարիներից էր։ «Մեզ թվաց, որ 2020 թվականի պատերազմը ամենավատն էր, բայց քաղաքական աժիոտաժների պատճառով մենք անընդհատ հետընթաց ունեցանք։ Ամբողջ 2023 թվականը կարող եմ բնորոշել մեկ բառով՝ «սպասում», սպասում, թե ինչ է լինելու Արցախում, ինչ է լինելու հաջորդ օրը, այդ տրամադրությունները մեզ հնարավորություն չեն տվել աշխատել օրինաչափ ռեժիմով; Ես չեմ կարող տեղադրել բանաստեղծություն կամ տեքստ, երբ հաջորդ գրառումը դրան զուգահեռ հացի հերթի մասին է։ Ծանր գրական տարի է եղել»։

Գրական դաշտի ամենաակտուալ խնդիրն այսօր մնում է ընթերցողի պակասը, ներկայությունը՝ մարզերում, հասարակության մեջ գրքի հանդեպ դեռ խորթ վերաբերմունք կա, որոշների համար ժամանակակից հայ գրականությունը «կողքից մի բան է», – նշում է Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ Վրաստանում ընթերցողներն ավելի շատ են քան մեզ մոտ և մենք խնդիր ունենք ընթերցողների լսարանը մեծացնելու։ 2015 թվականից սկսած յուրաքանչյուր տարի «Գրանիշն» ամփոփում է գրական տարին՝ արձակ, պոեզիա, էսսե, գրականագիտական հոդված անվանակարգերում։

Back to top button