Վերնատուն

«Խուլի տան» բնակիչները․ ցուցահանդես՝ «լսողների համար»․ «Վերնատուն»

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում բացվել է արվեստագետ Սահակ Պողոսյանի «Խուլի տուն» վերնագրով բազմաշերտ, «բազմահարկ» նախագիծը։

Ցուցադրության տեքստում ասվում է․ «նախագծի հիմքերը գտնելու համար պետք է երկու հարյուրամյակ հետ գնալ Ֆրանցիսկո Գոյայի ժամանակներ և Պիկասոյի հետ «բարձրանալ» 20-րդ դարի աստիճաններով։ Կյանքի վերջին տարիներին մեկուսանալով «Խուլի տուն» կոչվող իր առանձնատանը՝ Իսպանացի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան ստեղծում է «Մռայլ նկարներ» կոչվող որմնանկարների շարքը, որոնք հայտնաբերվել և ներկայացվել են մահվանից տարիներ հետո միայն։ Գոյան, որ համարվում է «վերջին մեծ դասական վարպետն ու առաջին մոդեռնիստը», կյանքի վերջին շրջանում անդրադարձել է արդի սոցիալ– քաղաքական թեմաների, քննադատել հասարակական բարքերն ու սոցիալական խնդիրները։

Իսպանացի մեկ այլ հանրահայտ նկարիչ՝ Պաբլո Պիկասոն, իր արվեստում կրում է Գոյայի գեղարվեստի ժառանգությունը։ Նա նույնպես ապրելով առաջին և երկրոդ աշխարհամարտի խառնաշփոթ ժամանակները՝ կրկին անդրադառնում է համամարդկային արատներին։

Նախագծի համադրող, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ասում է, որ Պիկասոյի միջոցով Սահակ Պողոսյանն անդրադառնում է Գոյային, քանի որ Պիկասոն նույնպես իր մեջ կրում է Գոյային։

Ո՞րն է Սահակ Պողոսյանի կապը Գոյաի և Պիկասոյի հետ․ հեղինակն ասում է, որ այդ կապը ժամանակն է։

«Բառացիորեն իմ, Գոյայի ու Պիկասոյի ստեղծագործությունների մեջ կա հարյուր տարվա ինտերվալ։ Կապող բանը ժամանակն է, որը, թվում է, թե փոխվում է, բայց վերջին հաշվով չի փոխվում, մնում է նույնը։ Ցիկլը նույնն է․ անկախ պատմական փաստերի, տեխնիկական հնարավորությունների ու գիտության զարգացումներից, մարդը կատարում է նույն սխալներն, ինչ կատարում էին Աբելն ու Կայենը։ Մարդկության ամբողջ ժամանակաշրջանը դաժանության, ինքնահաստատվելու, իր տեղը աշխարհում գրավելու, բարբարոս պայքարի հավաքական ամբողջություն է։ Այս ստեղծագործությունների շարքը մարդու մասին է ու մարդու արարքների մասին», – ասում է Սահակ Պողոսյանը։

«Ուտոպիայի ձգտումը բերում է անտիուտոպիայի։ Բոլորը խոսում են երջանկությունից և սոցիալական հավասարությունից, մարդու իրավունքներից, բայց այդ ամենի մասին խոսում են այն ամենի քողի ներքո, որ ներկայացված է «Խուլի տան» մեջ։ Սահակը այդ ամենը բերում է կոնկրետ, լոկալ իրականություն, անում է վիզուալ կոդերի միջոցով, որոնք ուշադիր լինելու դեպքում կնկատես։ Այս ցուցադրությունը լսողների համար է, նրանց համար, ովքեր ուզում են լսել»։

Սահակ Պողոսյանն ասում է, որ մեր հասարակությունը լսելու և լսածը հասկանալու խնդիր ունի։ «Ես 30 տարի խոսում եմ այն ամենի մասին, ինչ կատարվեց մեզ հետ այս վերջին 30–35 տարիների ընթացքում։ Խոսում եմ բոլոր իշխանությունների օրոք, հանրային տարածքներում, իմ ստեղծագործությունների միջոցով՝ բոլոր լեզուներով, նույնիսկ ուղիղ խոսքով, որ A կետից B կետ հասնելու համար ձեր դիմացը անդունդ կա, որի մեջ պիտի ընկնեք։ Բայց «ձայն բարբառոյ հանապատի», ոչ մեկ անգամ ցանկություն չի ունեցել լսել կամ լսածը քննարկել», – ասում է Սահակ Պողոսյանը։

Սահակ Պողոսյանի «Խուլի տուն» նախագծի ցուցադրությունը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կտևի մինչև 2024 թ․-ի ապրիլի 28-ը։

Back to top button