ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մաքսայինը ավտոկայանատեղի չէ․կայանման օրավարձը 1600-ի փոխարեն 5000 դրամ կդառնա

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է ՊԵԿ հյուսիսային մաքսատանը պահվող ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար 1600 դրամի փոխարեն դարձնել 5000 դրամ։ Հիմնավորելով առաջարկը՝ զեկուցողները մատնանշել են հարկային չարաշահումները։ Կան դեպքեր, երբ մեքենաները ներկրվում են ոչ թե սեփական կարիքների համար, այլեւ վերավաճառելու նպատակով․ այդ անձանց համար ավելի ձեռնտու է չմաքսազերծել մեքենան, սպասել մինչեւ գնորդի հայտնվելը եւ գործարք կատարելու ժամանակ միանգամից մաքսազերծել։ Կառավարությունն ասում է`փորձում են կանխել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանության վայրերի՝ ավտոկայանատեղիներ դառնալու հեռանկարը:

Կառավարությունն առաջարկում է վերանայել ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը և մարդատար ավտոմեքենայի համար գանձել օրական 5000 դրամ գործող 1600 դրամի փոխարեն։ Դրույքաչափը բարձրացվում է, որպեսզի  ավտոներկրողները տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն՝ ներկայացնելով օրինագիծը՝ ասում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

«Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության վայրը ավտոկայանման վայր չէ, հետևաբար առաջարկում ենք կարգավորել հարցը, և եթե մարդ բերել է այդ մեքենան ոչ տեղում վաճառելու նպատակով , շտապ տեղում իր ձևակերպումները կանի, կտանի մեքենան, որպեսզի ավելորդ անգամ գումար չվճարի։ Առաջին օրը առաջարկում ենք չգանձել գումար, երկրորդ օրվանից սկսում ենք»։

ԱԺ պատգամավորները, սակայն, մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ թանկացնելը հիմնավորված չեն համարում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Գյումրու ԱՏԳ-ում մեքենաների՝ ամիսներով կայանման պատճառը պետական մարմնի աշխատանքի հետ է կապում :

«Ձեր մոտ հերթեր են գոյանում, դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել, այսինքն՝ դուք ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողը ձեր գործը վատ անելու համար պետք է օրական 5000 դրամ վճարի մինչև ձեր հերթերը կարգավորվե՞ն»։

ՊԵԿ նախագահի տեղակալն առարկում է՝ Գյումրու մաքսատանը հերթեր չկան, սպասարկումն իրականացվում է պատշաճ կերպով՝ չնայած հոսքի ավելացմանը։ Նաև նշում է, որ այսօր ի վիճակի են օրական 500 մեքենա սպասարկել։ Եթե փաստաթղթերը նորմալ են, մեքենան մաքսազերծելու գործընթացը կտևի 3-5 ժամ։  Ընդդիմադիր  պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդիրներ է կանխատեսում նախագծի ընդունումից հետո։

«Դուք ասում եք՝ պատշաճ կատարում եք ձեր աշխատանքը, օրական 500 մեքենա հնարավոր է սպասարկել, բայց հիմա տուրքը բարձրացնում եք, իսկ դա նշանակում է, որ շատանալու են անձինք, որոնք կցանկանան արագ մաքսազերծում անել։  Ինքներդ ձեզ հակասում եք։ Եթե այսօր հազիվ 500 եք սպասարկում,  վաղը մեկ օրվա մեջ 1000 ո՞նց եք սպասարկելու։ Եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ, ապա այս ձևով խնդիրը չի լուծվի»։   

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը վստահ է՝ նախագիծը ոչ միայն հիմնավորված է, այլև անհրաժեշտ։

«Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաները բերում են ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու, այդ մարդկանց համար շատ ավելի ձեռնտու է մեքենան չմաքսազերծել, սպասել մինչև գնորդ կհայտնվի, գործարք կատարելու ժամանակ միանգամից մաքսազերծել։ Այդ ամբողջ ընթացքում իրենք մեքենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ կարողանում են հետո այն գնով վաճառել, որը նաև իրենց ծախսերը կփակի»։

Նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները:

Back to top button