ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արցախի խորհրդարանի նիստը մտահոգել է պաշտոնական Երևանին ու Բաքվին

ԱԺ իշխանական թևը սուր է ընկալել Արցախի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը Երևանում։ Ըստ որոշ գնահատականների՝ Արցախի պետական ինտիտուտների աշխատանքը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումը։ Իշխանական պատգամավորները այս գործողությունները կապում են Ադրբեջանում շրջանառվող խոսույթի հետ՝ ենթադրյալ «ռևանշիզմի» վտանգի մասին։ Մինչդեռ հայաստանյան ընդդիմությունը պնդում է, որ Արցախի էջը չփակելու համար անհրաժեշտ է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։

Արցախի խորհրդարանի պատգամավորները Երևանում մեկ շաբաթ առաջ ԱԺ նիստ են գումարել։ Պաշտոնական տեղեկատվություն չկա այդ մասին, բայց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է լուրը։

«Ոչ թե մեկ անգամ, այլ արդեն բազմիցս հնարավորություն ենք ունեցել հավաքվել ամբողջ կազմով, ունենալ քննարկումներ, ի վերջո հասկանալ՝ որոնք են մեր անելիքները, և կա մի տեսակ այսպիսի ներքին պայմանավորվածություն, որ մենք կարծես թե արդեն մեկ ուժ ենք դարձել, այլևս տարբեր միավորումներ չենք և իրավունք էլ չունենք լինելու։ Բոլորիս առջև նույն խնդիրն է, հետևաբար պետք է մեր գործողությունները, մեր քայլերը համահունչ լինեն և միասին պետք է լինեն։ Նիստը, չեմ կարող հերքել այո, եղավ։ Չեմ կարող խոսել օրակարգի մասին, կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ պաշտոնապես օրակարգի մասին խոսվի։ Այս փուլում կարևորում եմ իրական քայլերը, գործողությունները, որոնք պետք է արդյունք տան»։

Այս փաստին սուր են արձագանքում ՀՀ իշխանությունները։ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նման գործողությունները համարում է ական, որն ուղղված է ՀՀ պետականության դեմ։ Պատգամավորը պնդում է, որ այդ փորձերը մշտական են և կարծում է, որ դրանք ուղղորդվում են երրորդ երկրից։ Իշխանական պատգամավորը պնդում է՝ նման քայլերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի։

«Փորձերից մեկը հենց դա է, երբ Հայաստանը իր ինքնիշխանության, անկախության, խաղաղության, տարածքային ամբողջականության պահպանության գործընթացի մեջ է և, օրինակ, գնում են մի կողմից՝ երկու ամիս առաջ, ստորագրում են թուղթ, որ լուծարում են բոլոր պետական մարմինները, հետո գալիս են Հայաստանում ինչ–որ նիստեր են անում։ ԼՂ–ն վարի տան, հիմա գան Հայաստա՞նը վարի տան։ Հերիք չեղա՞վ։ Մենք ՀՀ անկախությունից և տարածքային ամբողջականությունից մեկ քայլ հետ չենք անելու, և ձեր ասած գործողությունները նրա մասին, որ մենք անենք բաներ, որոնք բերեն օբյեկտիվ հիմք, որ դիմացինը չկնքի «Խաղաղության պայմանագիր»։ Հիմնավորման հնարավորություն տանք, որ գնան ամերիկաներում, ռուսաստաններում, եվրոպաներում, ուրիշ տեղերում ասեն, որ այսպես էր, դրա համար այդպես արեցին։ Դա ՀՀ օրակարգը չի»։

Մինչդեռ հայաստանյան ընդդիմությունը պնդում է՝ Արցախի պետական մարմինները պետք է պահպանվեն, դա անհրաժեշտ է ապագա պայքարի համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հիմնավորում է, թե ինչու Արցախի պետական մարմինները հնարավոր չէ լուծարված համարել 2024 թվականի հունվարի 1–ից։

«Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի Հանրաքվեի միջոցով և որևէ նախագահ կամ որևէ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել։ Այդ թուղթը ստորագրվել է, որովհետև ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք։ Հավանաբար, բոլորս ենք հասկանում, թե ինչ տեղի կունենար, եթե հազարավոր բնակչություն ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսեին։ Ես այն մեկն եմ, որ համարում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է գործեն, Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, քանի որ ի տարբերություն իշխանության ներկայացուցչի ես, մեր քաղաքական ուժը և մեր հայրենակիցների ստվար զանգվածը համարում են, որ Արցախի Հանրապետության էջը փակված չէ։ Ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել այդ խնդրին առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների, առանց Արցախի ժողովրդին ներկայացնող ինստիտուտների կենսագործունեության»։  

Այս հարցում տարաձայնությունը նոր մեղադրանքների պատճառ է դառնում։ Իշխանական պատգամավորը շաղկապված է համարում Արցախում «պալատական» վերջին հեղարջումը և դրան հաջորդած Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Ընդ որում այս շղթայի մաս է համարում նաև Հայաստանում այդ հեղաշրջումից նախկին իշխանության ղեկավարների ոգևորությունը։ Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ սրա համար կա երկու սցենար․

«Հայաստանում, իմ նշած մարդիկ, կամ քաղաքական խիստ կարճատեսներ են, դա շատ մեծ պրոբլեմ է, երբ 20 տարի մարդիկ երկիր են կառավարել, որոնք այնքան գիտելիք չունեն, որ երկու քայլ իրար հետևից հաշվեն քաղաքական առումով։ Դա վտանգավոր մոլորություն է։ Կամ դա ուղղակի լավ մտածված դավաճանական գործողություն է եղել։ Այդ երկուսից մեկն է եղել։ Ես կարծում եմ, որ դա էլ ժամանակը ցույց կտա՝ այդ մարդիկ ինչի մեջ են եղել»։

Բացահայտումների մասին խոսում է նաև ընդդիմությունը․

«Այն, ինչ պարտադրում է Ալիևը՝ Ադրբեջանը և ինչին համաձայնում են Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանը, դա ոչ թե խաղաղություն է, այլ դա ուղղակի հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։ Ալիևը նույնիսկ այս չակերտավոր «խաղաղության» պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որը կարող է յուրովի մեկնաբանել, և այս խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն կտա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Այս իշխանությունները, որքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այնքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առաջ դնում»։

Այժմ Ադրբեջանն պարբերաբար խոսում է ռևանշիզմի վտանգի մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն, անգամ փորձում է այն բացառող առանձին դրույթ ներառել խաղաղության պայմանագրում։ Հայաստանի գործող իշխանությունն էլ համարում է, որ ռևանշիզմը կկործանի Հայաստանը։

«Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ ՀՀ լինի։ Ուրիշի ձեռքերով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում։ Կլինեն Հայաստանում մարդիկ, որոնք տարբեր հայրենասիրական ճոռոմաբանություններով այդ գործընթացը առաջ կտանեն, բայց այդ գործընթացը մենք տեսել ենք, երբ հայ ժողովրդին տրամադրում են և ինչ–որ տրամադրություններ են առաջ բերում, վերջում միայնակ են թողնում։ Օրինակ՝ Վանի ինքնապաշտպանություն, 1.5 միլիոն մարդու ցեղասպանություն, մարդկանց հայրենազրկում իրենց պատմական բնօրրանից։ Այդ փակ ցիկլից մենք պետք է դուրս գանք»։

Գևորգ Պապոյանը անտրամաբանական է համարում՝ խաղաղության պայմանագիր կնքնելուն զուգահեռ մտածել ռևանշիզմի մասին։ Այդ հարցի պատասխանները, ըստ իշխանական պատգամավորի՝ ամբողջ «Խաղաղության պայմանագրի» տրամաբանության մեջ է։

Back to top button