Տնտեսական օգուտ կամ ջրային ռեսուրսի խնայում․ ձկնաբույծներն ու կառավարությունը ընդհանուր հայտարարի չեն գալիս
Ջրային և վարչական իրավավախտումների մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունները հարուցել են ձկնաբույծների դժգոհությունը։ Նրանք վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են հավաքվում շրջակա միջավայրի նախարարության դիմաց։ Ջրային օրենսգրքում կատարված փոփոխություններով հունվարից արդեն ձկնաբուծարանները պետք է փակ շրջանառու համակարգ ունենան, հակառակ դեպքում կտուգանվեն։ Կշեռքի մի նժարին բիզնեսն է, մյուսում՝ ջրային ռեուրսների ոչ արդյունավետ կառավարումը։
Բողոքի ակցիա կառավարության 3-րդ մասնաշենքի՝ Շրջակա միջավայրի նախարարության դիմաց: Դժգոհողը Հայաստանի ձկնաբույծներն են։ Պատճառը՝ նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխություններն են «Ջրային օրենսգրքում»։ Ըստ այդմ ստորգետնյա հորատանցքերից ջուր ստացող ձկնաբուծարանները պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հիշեցնում է՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նույնպես փոփոխություններ են կատարվել․
«2024թվականի հունվարի 1–ից այն ձկնաբուծարանները, որոնք փակ շրջանառու ջրախնայող համակարգ չեն ունենա, տուգանք կառանձնացնենք։ Տուգանք կառանձնացնեք նաև, եթե տնտեսվարողները առցանց ջրաչափեր չեն ունենա»։
Ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարը վստահ է, որ շրջանառու համակարգերը թույլ տան վերաօգտագործել ծախսվող ջրի առնվազն 40 տոկոսը: Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:
«Փակ համակարգ ստեղծելու համար միլիոնավոր դոլարներով փող է պետք։ Սևանի ձկնաբուծարանը ինչքան փող է ծախսել։ Եթե ուզում եք փակ համակարգ լինի, պետք է ջուրը ֆիտրեք բակտերիաների՝ գեոֆիլտրերի միջոցով»։
Ձկնաբույծները պնդում են՝ փակ համակարգում ձուկ աճեցնել հնարավոր չէ․
«Ցանկացած փակ համակարգի կողքը կա մեկ հատ էլ կիսափակ համակարգ, որի կողքը ձուկը շարունակում է մեծանալ։ Փակ հակարագում պահում են մանրաձուկ՝ մինչև 300 գրամ, դրանից հետո էլ հանում են, պահում են կիսափակ համակարգում, որից հետո նոր դառնում է ուտելի»։
Ձկնային տնտեսությամբ զբաղվողներն առաջարկում են նախ՝ ապօրինի հորերը փակել, հետո, եթե դա արդյունք չտա, նոր անդրադառնալ իրենց։ Իշխանության համար հարցը հստակ է դրված՝ ջրային ռեսուրսների խնայումն այլընտրանք չունի։ Խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը խոստովանում է՝ ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում շատ վատ վիճակում է ․
«Մենք դեռ մակերևութային ջրերի քանակը չկարգավորելով, ռեսուրսները չօգտագործելով՝ մենք հիմք ենք դրել մի բնագավառի (մեր երկրում ձկնաբուծությունը արագ զարգացել է ), որը հիմնված է ստորգետնյա ջրերի վրա։ Օրենքը կարևոր է, տնտեսական խնդիրներ առաջացնում է, բայց քանի որ բնապահպանական բաղադրիչը շատ ավելի կարևոր է, հարցը քննարկվել է մեր հանձնաժողովում ու դրական եզրակացություն ստացել»։
Դեռ 2015–ին ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության օգնությամբ ու միջոցներով ուսումնասիրություններ էին կատարվել։ Պարզվել էր, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Արարատյան դաշտի շուրջ 55 դիտակետում արձանագրել է ջրային պաշարների մակարդակի բավականին անհանգստացնող նվազում։ Այժմ հատուկ ծրագրերով ցանկանում են բացասական դինամիկան փոխել դրականի։ Առաջիկայում նախատեսվում է քրեականացնել Արարատյան դաշտի խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը։