ԿարևորՀասարակություն

Վարչական պատասխանատվություն չի կիրառվի պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվի ընդհանուր վարութային հարցեր, օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու դրույթի խմբագրման արդյունքում մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթները կիրականացվեն թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվեն, ի թիվս այլ հարցերի՝ օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց վարչական իրավախախտման վարույթների շրջանակում անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հետ կապված հարաբերությունները:

Ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նրա հավաստմամբ խնդիրն այն է, որ օրենսգրքով վարչական վարույթի հարուցումը հարկային մարմնի կողմից իրականացվող կրկնակի վարչարարություն է, որն արդյունավետ չէ՝ հիմք ընդունելով օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառման պրակտիկան:

Նշվել է, որ հարկերի չվճարման դեպքերի կանխարգելման եւ հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում դրանց կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ունի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան վարչական գործիքակազմ (չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացում), որով էլ ապահովվում է հարկ վճարողների կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնումը:

Նշվել է նաեւ, որ ՀՀ հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով պատասխանատվություն է նախատեսված պետական հարկերի եւ վճարների վճարումը սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու դեպքում՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 170.3-րդ հոդվածը:

Back to top button