ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Լավատեսությունը կարող է նաև մտահոգիչ լինել. ի՞նչ է փոխել «Խաղաղության պայմանագրի» 6-րդ շրջափուլը

Երկու օր է, ինչ Ադրբեջանից ազդակներ են հնչում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու լավատեսության մասին: Ադրբեջանի նախագահը տարբեր հայտարարություններ է անում, միևնույնն է՝ տողատակերում մտցնելով ադրբեջանական կողմի վերջնագրեր-պահանջները:

Այն բանից հետո, երբ Ադրբեջան այցելեբ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, այժմ այնտեղ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Բոլորի հետ շփումներում Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կնքելու խոչընդոտներ այլևս չկան:

Սակայն, հայտնի է, որ խաղաղության պայմանագրում կողմերը ունեին սկզբունքային տարաձայնություններ կարևորագույն հարցերի շուրջ: Դրանցից մեկը առնչվում է արցախահայերի իրավունքներին ու անվտանգությանը:

Այժմ հարց է, թե արդյո՞ք Խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող առաջարկների 6-րդ փաթեթի փոխանակումից հետո սկզբունքային փոփոխություններ են արվել, ինչն էլ առաջացրել է վերանշյալ լավատեսությունը:

Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագրի» հիմնական և անկյունաքարային տարաձայնությունը բացահայտել է Ադրբեջանի նախագահը «Եվրանյուզին» տված հարցազրում: Պարզվում է՝ հիմնական խնդիրը կապված էր արցախահայությանն առնչվող առանձին կետի հետ: Դա, ըստ Ալիևի, 3 տարի շարունակ փորձել է առանձին դրույթով ամրագրել հայկական կողմը, ինչին ի պատասխան Ադրբեջանը դրել է պայման՝ արցախահայությանն առնչվող պայմանագրային կետի դիմաց պետք է ներառվի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցը: Իսկ դրան արդեն հայկական կողմն է դեմ: Ադրբեջանի նախագահի մոտ, սակայն, խաղաղության հասնելու հարցում լավատեսությունը վերջերս մեծացել է: Բանակցային գործընթացն առաջ մղելու ճանապարհին, նրա խոսքով, լուրջ խոչընդոտներ այլևս չկան: Իհարկե, եթե Հայաստանը համաձայնի կամ օգտագործել նույն ձևակերպումը երկու ազգային փոքրամասնությունների համար, կամ ընդհանրապես չներառի այդ հարցը:

Արդյո՞ք, սա նշանակում է, որ Հայաստանը «Խաղաղության պայմանագրի» մշակման 6-րդ շրջափուլում արդեն հանել է արցախահայությանն առնչվող դրույթը իր պահանջ-առաջարկներից՝ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի շտապում հստակ պատասխան տալ այս հարցին:

«Խաղաղության պայմանագրի բովանդակությանը չէի ցանկանա շատ մանրամասն անդրադառնալ, որովհետև նախ՝ անխընհատ փոխվել է այդ բովանդակությունը և հիմա Հայաստանն իր առաջարկներն է ուղարկել: Երեք սկզբունքներից բացի կան շատ տարբեր դետալներ պայմանագրի մեջ, թե ինչ բովանդակությամբ, ես կարծում եմ դրան բանակցողները պետք է պատասխանեն: Պայմանագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, որովհետև մենք կառուցողական ենք տրամադրված դրան, բայց պետք է փաստաթուղթը ունենա այն տեսքը, որը հնարավոր կլինի Հայաստանի համար ստորագրել և որին Ադրբեջանը իր համաձայնությունը կտա»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն այժմ ուսումնասիրում է խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները: Անգամ նշում է, որ «աշխատանքային մակարդակով տարբեր խողովակներով կապ են պահպանում տարբեր պաշտոնյաների միջև»:

Ընդդիմության համոզմամբ, փախստականների վերադարձին վերաբերող Ադրբեջանի՝ զուգահեռ պահանջները մանիպուլյատիվ են: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը սխալ է համարում արցախահայերի իրավունքների և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցերն իրար կապելը:

«Որովհետև, եթե փախստականների վերադարձի հարց ենք քննարկում, մենք փախստականներ ունենք ոչ միայն Արցախից: Ունենք Բաքվից, Սումգայիթից և այլ տարածքներից: Սրանով խորամանկում են, իբր շանտաժ են անում, որ մյուս հարցը կբարձրացնեն: Այդ մյուս հարցը այսպես, թե այնպես իրենք բարձրացնում են: Արդեն խսում են 300 հազարի մասին, որ պետք է հետ վերադառնան Հայաստան, որոնք 88 թվականից գաղթել են այս տարածքներից: Այսինքն՝ իրենք այս հարցից չեն հրաժարվելու, պարզապես տարբեր հնարավորություններ օգտագործում են ասելու համար, որ Ղարաբաղի հարցը փակված է»:

Այս հարցում, սակայն, հենց Հայաստանի ներսում կոնսենսուս չկա: Իշխանություն-ընդդիմություն մոտեցումները խիստ հակասող են: Եթե իշխանությունը տարբեր առիթներով հաստատում է հստակ թվերով արտացոլված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շեշտում է, որ տարածքային պահանջներ չունի ոչ մի հարևանից, ապա ընդդիմությունը անհանգստացած է՝ նման հայտարարություններ Հայաստանի մասին Ադրբեջանում չեն հնչում: Ավելին, ըստ ընդդիմադիրների՝ Հայաստանը բանակցությունները շարունակելու համար պետք է պահանջ դնի Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը տարբեր գնահատականներով 200 քկմ է, ադրբեջանի զինուժի դուրսբերումը:

Այնուամենայնիվ, արդյո՞ք խաղաղության պայմանագրից դուրս է հանվում արցախահայերի իրավունքների և հնարավոր վերադարձի հարցը՝ այս հարցի պատասխանը չի տալիս նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեև համոզված է՝ տարիներ անց հայերը և ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել իրար հետ:

«Ես կարծում եմ, որ անվտանգային խնդիրներից ելնելով պետք է ինչ-որ ժամանակ անցնի: Դա իմ կարծիքն է: Դա չի նշանակում, որ դրա մասին խոսակցություններ չկան կամ դրա հետ կապված որոշում կա: Բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, թե ինչպես հայերը կարող են վերադառնալ այսօր ԼՂ այն պարագայում, որ 2-3 օրվա ըթնացքում 100 հազարից ավելի հայ իրենց տները ուղղակի թողել են և փոխել են, վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից»:

Ընդդիմության տեսակետը, ի պատասխան Ադրբեջանի նպատակների, օրեր առաջ Աժ-ում բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Արցախի հակամարտությունը մեր բոլորի տեսանկյունից չի ավարտվել: Ադրբեջանի հանցագործ գործունեության արդյունքում այդ հակամարտությունն ավելի է խորացել և Ադրբեջանը միջազգային հարթակում դրա համար պետք է պատասխան տա և պատժվի, և մեր պետության գործունեությունը պետք է ուղղված լինի դրան»:

Հայաստանի կառավարության աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, որում կողմերը ամրագրել են մարդասիրական բնույթի բարի կամքի դրսևորումները, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը համարում է Ադրբեջանի կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու փորձ.

«Ընդանրապես ես որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչու ՀՀ-ն պետք է փորձի մեղմել այն հետևանքները, որոնք սպասում են Ադրբեջանին արևմտյան ճնշումների արդյունքում»:

Վերլուծաբանը կանխատեսում է, որ 2024 թվականի հունվար-փետրվարը Ադրբեջանի դեմ արևմտյան հնարավոր պատժամիջոցների ժամկետի սկիզբն է: Ենթադրում է, որ հենց դա կանխատեսելով, Ադրբեջանը փորձել է փոքր-ինչ ուղղել իր իմիջը արևմուտքի աչքում՝ գնալով Հայաստանի հետ որոշ հումանիտար խնդիրների լուծման:

Հենց հնարավոր պատժամիջոցների պատճառով էլ, ենթադրում է, որ առաջիկայում Ադրբեջանը այլևս չի մերժի արևմտյան հարթակներից որևէ մեկում հանդիպելու ծրագիրը:

Back to top button