ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զինծառայողների ազատ արձակումը իրավական գործընթաց չէ, չունի իրավական բացատրություն․ միջազգային իրավունքի մասնագետ

Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, հաղորդելով, որ երկու երկրները համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա:

Ըստ այդմ նշվում էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցելու 32 գերյալ հայ զինծառայողների, իսկ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի 2 ադրբեջանցի մարդասպանների՝ որպես բարի կամքի դրսևորում։ Միջազգային իրավունքի մասնագետները ադրբեջանցի մարդասպանների ազատ արձակումը տուժողի իրավունքների խախտում են համարում։

Տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից նման հայտարարությունը նշանավորվեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող 32 հայ զինծառայողների ազատ արձակելու Բաքվի պատրաստակամությամբ, ինչին ի պատասխան, որպես բարի կամքի դրսևորում, հայկական կողմն էլ պատրաստվում է երկու ադրբեջանցի մարդասպաններին ազատ արձակել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ գործընթացով է իրականացվելու այդ որոշումը․

«Ըստ էության իրավական գործընթացով չի այս փոխանակումը կատարվում: Իրավական գործընթացը դա արտահանձնումն է, պարզ չէ՝ գերիները բոլորը այնտեղ դատապարտված են, թե ոչ։ Սովորաբար ընդունված է, որ բանտարկված անձն  արտահանձնվի, որպեսզի պատժի մնացած մասը կրի իր երկրում, սա իրավական գործընթացի նպատակն է, եթե դատապարտված անձի մասին է խոսքը։ Սա քաղաքական պայմանավորվածության հարց է, դրա համար իրավական չափանիշներն այստեղ չեն գործում»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործընթացը տեղի է ունենում երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրությունից անմիջապես հետո հրապարակել են անգամ ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

Նրանք հիմնականում Ադրբեջանում 6-15 տարով ապօրինի դատապարտված անձինք են։ Քանի որ դատավարությունները հիմնականում փակ էին և դրանց հետևելու  հնարավորություն չկար, միջազգային իրավունքի մասնագետը կասկածի տակ է դնում նրանց առաջադրված մեղադրանքները։ Պատերազմական իրադարձությունների ժամանակ գերեվարված անձանց հիմնականում Բաքուն ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել, ինչը սխալ է ըստ Արա Ղազարյանի, քանի որ պատերազմի մասնակից լինելը դեռ չի նշանակում ահաբեկիչ լինել ։

Նա սխալ է համարում նաև Հայաստանում մարդասպանության համար դատապարտված ադրբեջանցիներին Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների հետ հավասարեցները։

Այդ երկու ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել։ Սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը լրատվամիջոցներին արդեն գնահատական է տվել գործընթացի վերաբերյալ, ասելով՝ եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, չսպաներ իր հորը, 32 գերիներին չէի՞ն վերադարձնելու։

Ընդամենը երկու օր առաջ դատարանը բավարարել էր նրա պահանջը և մարդասպանը ցմահ ազատազրկման էր դատապարվել։

Նա նշում է, որ այդ որոշումը ժամանակից շուտ էր կայացվել, ինչն իր համար տարակուսելի էր։ Այսօր սակայն ամեն ինչ հասկանալի է դառնում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կատարվածը տուժողի իրավունքների խախտում է համարում․ «Եթե իրավական գործընթաց լիներ, հարց կբարձրանար այստեղ դատապարտված անձանց արտահանձնելու կամ հանձնելու խնդրով, քանի որ դա տուժողի իրավունքների խախտում է, քանի որ այդ անձինք կատարել են սպանություն և տուժողի իրավահաջորդները իրավունք ունեն պահանջելու, որ այդ անձինք համարժեք պատիժ կրեն, իսկ պատիժը ցմահ է։ Եվ այդ անձինք արտահանձնվում են, նախօրոք իմանալով, որ նրանք այնտեղ ազատ են արձակվելու, եթե իհարկե չասենք, որ հերոսացվելու են»։

Եթե օրենքի գերակայությունը չի աշխատում, այն անպատժելիություն է ծնում ավելացնում է իրավագետը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ հիշեցնում է, որ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կետ կա, որով պետք է անազատության մեջ պահվող անձինք վերդարձվեին, սակայն Բաքուն խախտել է այդ կետը։ Գերիների վերադարձը պետք է այս հիմքով իրականացվեր։

«Ամենայն հավանականությամբ խորը ճնշումների արդյունքում Ադրբեջանը ստիպված է գնալ իրենց պատկերացմամբ զիջումների, իսկ իրականում իրենց պարտավորությունների կատարման, քանի որ նոյեմբերի 9-ով կար նման կետ, որ բոլորը բոլորի դիմաց փոխանակում պետք է լիներ։ Հայկական կողմը բազմիցս մեր իրավասության ներքո հայտնված ադրբեջանցիներին անմիջապես վերադարձրել է, մենք բազմաթիվ նման դեպքեր ենք ունեցել 2020 թվականից հետո»։

Ամեն դեպքում ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված անձանց ցանկից հասկացվում է, որ ազատ արձակվող զինծառայողների թվում են նաև 2020թ. դեկտեմբերին Հադրութից գերեվարված զինծառայողները, հատուկ շեշտվում է, որ ազատ արձակվողների մեջ չեն Արցախի նախկին ղեկավարները։

Ցանկում է նաև Ադրբեջանում 18 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Ոսկանյանը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ։ Որոշ տվյալներով Ադրբեջանում պահվող հայերի թիվը անցնում է 80-ը։ Նինա Կարապետյանցի կարծիքով Ադրբեջանում պահվող անձանց թիվը շատ ավելին է․

«Երբ խոսվում է պաշտոնական թվերի մասին, հիմքում կարող է դրված լինել ԿԽՄԿ տվյալները կամ Ադրբեջանի պաշտոնական թվերը, այլ աղբյուր, այլ հնարավորություն չկա պրզելու, թե ինչքան մարդ կա, այնպես որ, շատ դժվար է հստակ թիվ ասել։ Դժվար թե Ադրբեջանը հայտարարի իրական թվերը։ Բավականին մեծ թվեր են, կարծում եմ, ոչ 40-ի, ոչ 50-ի մասին է և ոչ 80 -ի, պոտենցյալ կարող է շատ ավելի մեծ լինել պահվող հայերի թիվը»։

Իրավապաշտպանը հիշեցնում է նաև անհետ կորածների մասին, որոնց նույնպես պետք է գերեվարվածների ցանկում ներառել, քանի որ նրանց մահը վկայող տվյալներ չկան։

Back to top button