ԿարևորՀասարակություն

Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ քննարկում` ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն:

Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանն ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ՝ Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով:

Հանդիպմանը բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականներ:

Տեղեկանք: Փախստականների համաշխարհային ֆորումը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 13-ից 15-ը, անցկացվում է չորս տարին մեկ անգամ և փախստականների հարցերի վերաբերյալ ամենամեծ միջազգային հավաքն է: Ֆորումի նպատակն է նպաստել 2016 թվականի Նյու Յորքի հռչակագրի և 2018 թվականի Փախստականների համաշխարհային համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ երկրների կողմից կամավոր հանձնառությունների ստանձման միջոցով:

Back to top button