Մտքի ուժը

Արցախի մասին՝ Արցախից դուրս. գիտնականները հետազոտությունները կշարունակեն Երևանում. «Մտքի ուժը»

Արցախի գիտնականներից կազմված թիմը կա, Արցախը՝ ոչ․ Արցախի գիտական ու Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնների համագործակցությունը կշարունակվի․ բայց բռնի տեղահանումից հետո արդեն հետազոտությունները այստեղ կանցկացվեն։ Կարևորն այս պահին, որ գիտական խմբի անդամները Հայաստանում են, միմյանց գտել են ու փորձում են նորից հունի մեջ ընկնել։

Տաթևիկ Սարգսյանը ՀՀ ԳԱԱ  Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի «Ասիմետրիկ կատալիզի և ամինաթթուների պեպցիդների սինթեզի»  լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, ծրագրի խորհրդատուն։ Գիտական ղեկավարը Լիլյա Առուստամյանն է, այս պահին Հայաստանում չէ։ 

Տաթևիկ Սարգսյանը պատմում է՝  նախ ամինաթթուների սինթեզի փուլը Արցախում պետք է կատարվեր, պեպտիդային մասը՝ գիտական կենտրոնում։ Կենսակտիվության հետազոտման որոշ փուլեր՝ նորից Արցախում։ Արցախի գիտական կենտրոնում  նման հնարավորություն կար։ Հետազոտությունների այն  մասը, որը հնարավոր չէր Արցախում կատարել,  նախատեսվում էր գործուղումների միջոցով ավարտին հասցնել: Իսկ համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Համատեղ տարբեր ծրագրեր են իրականացրել։ Ավելին, այս ծրագրից որոշ աշխատանքներ արդեն արել էին՝ առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները նորից են սկսել՝  նոյեմբերի 1–ից։

Արցախի գիտական կենտրոնում գիտաշխատող Անի Ոսկանյանը աշխատում էր 2011 թվականից։ Նախ լաբորանտ, ապա գիտաշխատող։ Պատմում է՝ տարբեր հետազոտություններ էին կատարում։

Ընդգծում է՝ լաբորատորիան հագեցած էր  սարք–սարքավորումներով։ Արցախում գիտական կյանքը բաժանվում է մինչ շրջափակումն ու շրջափակումից հետո։ Մինչև 2022թվականի դեկտեմբերի 12–ը Ժակլինա Սարիբեկյանը Արցախի գիտական կենտրոն էր գալիս Մարտակերտից։

Չափարի միջնակարգ դպրոցում մանկավարժ աշխատելուն զուգահեռ 2016 թվականից նաև գիտական գործունեությամբ է զբաղվում։  2016–ի քառօրյա պատերազմն արդեն դժվարացրել էր կյանքը,  2022–ի դեկտեմբերի 12–ից հետո ամեն ինչ ավելի ու ավելի սկսեց բարդանալ։ Աշխատանքային պայմանները մինչև շրջափակումը նորմալ էր, ճանապարհը երկար էր, բայց կարողանում էր համատեղել, շրջափակումից հետո ամեն ինչ փոխվեց, բազմաթիվ դժվարություններին ավելացավ նաև վառելիքի բացակայությունն ու ֆիզիկապես գիտական կենտրոն հասնելը։

Ժակլինա Սարիբեկյանն  այժմ աշխատում է գիտական կենտրոնում։ Դժվար է համակերպվելը, բայց պետք է ապրել՝ ասում է, ինքն անձամբ չգիտի՝ հետ կվերադառնա, թե ոչ՝, բայց ընտանիքի անդամները՝ կգնան։  

Սեպտեմբերի 19-ի կեսօրին մինչ կրակում էին, մոտ կես ժամ պայթյունի ձայն չէր լսվում, այդ պահին հաց թխեց, որ զինվորները հաց ունենան։ Գյուղից դժվարութմաբ են դուրս եկել՝ միայն տաք հագուստ վերցրել։ Մտածում էին, որ վերադառնալու են։ Թխած հացի մի մասը թողեց գյուղում ու դուրս եկավ։ Ադրբեջանցիները արդեն գյուղում էին։ Հետո արդեն նույն սցենարով՝ մինչև բռնի տեղահանումը։

Արցախից Հայաստան տեղափոխվածները մխիթարվում են, որ ընտանիքի անդամներով միասին են։ Իհարկե հարազատներ կորցրեցին։ Գիտական խմբի անդամ Անի Ոսկանյանը Արցախի գիտական կենտրոնի քիմիական լաբորատորիայում է  աշխատում։ Այս պահին արդեն գիտնականները Հայաստանում են՝ ֆիզիկապես, հոգով ու մտքով՝ Արցախում՝ իրենց սիրելի գիտական կենտրոնում։

Back to top button