Քայլեր ձեռնարկել վաղվա թոշակառուների բարեկեցությունը ապահովելու համար.ԿԳ նախարարի կոչը գործատուներին
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանում Ռումինիայի դեսպանատան նախաձռնությամբ տեղի է ունեցել Դանիելա Ռադութի հեղինակած գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ի դեպ այսօր վերանշանակումից հետո ԿԳ նախարարի առաջին հանդիպումն էր զանգվածային լրատվամիջոցների հետ: Անդրադառնալով իր վերանշանակմանը` նախարարը հայտնել է, որ անելիքներ կրթության ոլորտում միշտ էլ կան, իսկ վերանշանակումը էլ ավելի պարտավորեցնող է առավել լայն կրթական բարեփոխումներ իրականացնելու ճանաապարհին: Նախարարը անդրադարձել է նաև կուտակայինի հարցով նախարարության դիմաց մանկավարժների բողոք-հավաքին:
Եթե երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջին աշխատանաքային օրն էր վերանշանակումից հետո, ապա այսօր նրա հերթական աշխատանքային օրն է, քանի որ կառավարության կազմավորմանը զուգահեռ շարունակվում են նաև կրթական բարեփոխումները, այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը: Արձագանքելով օրերս շրջանառվող լուրերին, թե ԿԳ նախարարն արդեն հավաքել է իրերը, և արդեն պատրաստ է թողնել նախարարական աթոռը, Արմեն Աշոտյանն ասաց, որ իրերն իրականում հավաքել է, բայց այլ նպատակով. «Ինչպես ճիշտ նկատեց ինձ լավ ճանաչող մարդկանցից մեկը, իմ աշխատասենյակը ևս հավաքել եմ նոր գրքերի համար: Չեմ կարծում, որ իմ մաքրասիրությունը պետք է կապել քաղաքական գործընթաների հետ»:
«Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում կուտակայինի հարցով նախարարության դիմաց մանկավարժների բողոք-հավաքին, ԿԳ նախարարը պատասխանեց, որ հասկանում և ըմբռնումով է մոտենում մանկավարժների պահանջին:
«Խնդիրը դեռևս վերջնականապես կարգավորված չէ: Կարծում եմ այն մանկավարժներն ու աշխատակիցները, ովքեր դիմում կգրեն և կխնդրեն չպահել իրենց համապատասխան 5 տոկոսը, բնականաբար չի պահվի, ովքեր էլ չգրեն, ժամանակի ընթացքում տեսնելով, որ կողքինները գրել են, իրենք էլ կգրեն»:
Այսինքն դուք այնուամենայնիվ կոչ եք անում գրել դիմումները հարցին Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց. «Իրականում ես կոչ եմ անում բոլոր գործատուներին պետության հետ միասին փորձել քայլեր ձեռնարկել մեր այսօրվա աշխատողների և վաղվա թոշակառուների բարեկեցությունը ապահովելու համար: Եվ այսօրն է կարևոր և վաղվա օրը: Կարծում եմ` ի պատիվ «դեմ եմ»-ի տղաների, նրանց մինչև այսօր հաջողվում է զերծ մնալ այդ հանրային շարժումը քաղաքական որոշ ուժերի կողմից քաղաքականացնելու և մենաշնորհելու գայթակղությունից: Իրենք պահում են մաքուր հանրային, հասարակական շարժում, որը ինձ համար շատ ընկալելի է: Սա էինք ուզում մենք»:
Նշեմ, որ լրագրողների հետ ԿԳ նախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված Դանիելա Ռադութի հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը: