ԿարևորՀասարակություն

Աշխատող կանայք․ ոչ թե 1-ին, այլ 88-րդ հորիզոնական․ տվյալները՝ տվյալ արտադրողներից

Օրերս հրապարակվեցին հետազոտության արդյունքներ, ըստ որոնց՝ Հայաստանը գլխավորում է այն երկրների շարքը, որոնցում կանայք զբաղեցնում են աշխատաշուկայի մեծ մասը։ Մասնագետները վերապահումներ ունեն այս եզրակացության վերաբերյալ։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ որքանով են ուսումնասիրության արդյունքները համապատասխանում իրականությանը։

Ամենաշատ կանայք Հայաստանի աշխատաշուկայում չեն ներգրավված։ Հայտնի ճշմարտությունները չբարձրաձայնելու հիմքով նման պնդում անելու որևէ տրամաբանական պատճառ չէինք ունենա, եթե օրերս Qualtrics թիմը չտարածեր աշխարհի 180 երկրների աշխատաշուկաներում կանանց ներգրավվածության վերաբերյալ վիճակագրություն։

Այդ վիճակագրությունը պնդում է՝ Հայաստանն աշխարհում առաջին տեղում է աշխատուժում կանանց ներգրավվածության ցուցանիշով։ Ներկայացված տվյալներով մեր աշխատուժի 52․76%-ը կազմում են կանայք։ Հայաստանից հետո Թուրքմենստանն է, Բուրունդին, Մոզամբիկը, Հարավային Սուդանը, Զիմբաբվեն։

Վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Տիգրան Գասպարյանը ներգրավված է կառավարության զբաղվածության 2024-2031 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում։ Նման հետազոտությունները նրա մասնագիտական ուշադրության կենտրոնում են։ Ասում է՝ զեկույցի եզրակացությունը իրականությանը չի համապատասխանում։

«Իրականում հրապարակումից հետո տարբեր քննարկումներ են եղել։ Մենք փորձել ենք, ըստ մեր վերլուծությունների, գնահատել իրականությունը և նկատել ենք տարբերություններ։ Առաջինը՝ կա տերմինալոգիայի խնդիր։ Ինքը օգտագործել է «աշխատուժ» տերմինը, իսկ դա զբաղվածության վերլուծությունների մեջ բավականին յուրահատուկ տերմինալոգիա է»։

Աշխատաշուկայի բառարան կամ ինչպե՞ս «կարդալ» մարդկանց զբաղվածությունը։

Ազգային վիճակագրական կոմիտեի մի առանձին բաժին զբաղվում է Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրությամբ։ Բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը «Ռադիոլուր»-ին պատմում է բնակիչների զբաղվածությունը գնահատելու գործիքակազմի մասին։

«Առաջին քայլը՝ հասկանալ երկրի աշխատանքային ռեսուրս կոչվածը, այսինքն՝ աշխատաշուկայի ներկա և պոտենցիալ մասնակիցները»։

Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության մշակած մեթոդոլոգիայի՝ երկրներն իրենց աշխատանքային ռեսուրսում ներառում են 15 տարեկանից բարձր բնակչությանը։ Տարիքն, իհարկե, չի համապատասխանում ազգային օրենսդրությամբ թույլատրելի աշխատանքային տարիքին, սակայն իրականությունն իմանալու համար հարցումները սկսում են իրականացվել հենց այս տարիքից։

«Հաջորդ կարևոր քայլը՝ տրոհել աշխատանքային ռեսուրսը, իմանալ՝ ովքեր են զբաղված։ Լինել զբաղված նշանակում է տնտեսական որևէգործունեության իրականացնում, կապ չունի՝ գրանցված աշխատող, չգրանցված աշխատող, վարձու աշխատող, ինքնազբաղված, թե, օրինակ, ընտանեկան բիզնեսում աջակցող ընտանիքի անդամ»։

Աշխատանքային որևէ գործունեություն ծավալող մարդը համարում է զբաղված։ Հաջորդ խմբում գործազուրկներն են։ Այստեղ բոլոր այն մարդիկ են, որոնք չունեն աշխատանք, բայց փնտրում են և հնարավորության դեպքում կցանկանան աշխատել։

«Եվ երրորդ խումբը նրանք են, ովքեր այս պահին աշխատանք չունեն և չեն փնտրում։ Սրանք աշխատաշուկայի երեք կարևոր, իրար բացառող խմբերն են»։

Ինչպե՞ս է Qualtrics-ը իրականացրել հետազոտությունը

Տիգրան Գասպարյանի խոսքով՝ քննարկվող հետազոտությունը խնդրահարույց է առաջին հերթին տերմինների տարընթերցման պատճառով։ Դրան գումարվում է նույնիսկ այդ դեպքում ակնհայտ տվյալների անհամապատասխանությունը։

«Այստեղ ներկայացված տվյալները վերաբերում են աշխատուժին։ Իրենք դիտարկում են համաշխարհային բանկի տվյալները, որը հղում է տալիս Աշխատանքի համախշխարհային կազմակերպության տվալներին, որն իր հերթին հղում է տալիս Արմստատին։ Բայց եթե մենք նայենք Արմստատի տվյալները, դրանք տարբերվում են ներկայացված տվյալներից, և մենք փորձել ենք հասկանալ, թե որն է պատճառը»։

Ըստ վերլուծությունը վերլուծած մասնագետների՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Արմստատի՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները լրամշակել և համապատասխանեցրել է Համաշխարհային բանկի բնակչության թվաքանակի՝ չճշգրտված տվյալների հետ։

«Երբ Արմստատը տեսնում է գրառումներ, հաղորդակցվում է միջազգային գործընկերների հետ, բայց միշտ կա ռիսկ, որ ինչ-որ մեկը հետազոտություն կանի ու չի գնահատի առկա տվյալները»։

Ի՞նչ են ասում առկա տվյալները

Պաշտոնական վիճակագրություն արտադրողների ձեռքի տակ ամենաթարմ տվյալներն առնվազն մեկ տարվա վաղեմություն են ունենում։ Այստեղ սխալվելն արգելված է, ունեացած տվյալների մանրամասն ուսումնասիրությունը՝ պարտադիր։

«Նոր միայն ամփոփելու ենք 2022-ի թվային տվյալները։ Մի կողմից՝ դա արդեն հին է այս փոփոխող աշխարհում, բայցևայնպես դա գործընթաց է մշակման, ստուգման՝ գիտական բոլոր մեթոդներով։ Հետո է որոշվում՝ ստացած տվյալները արդյո՞ք ապահովում են արժնահավատությունը, թե՞ ոչ»։

Լուսինե Քալանթարյանը «Ռադիոլուր»-ին է փոխանցում ստուգված տվյալները։ Այսպիսով, երկրի աշխատանքային ռեսուրսը՝ զբաղվածներն ու գործազուրկները միասին կազմել են 1 միլիոն 372 հազար մարդ։

«Եթե կառուցվածքի առումով դիտենք, թե մասնակցության առումով հատկապես տղամարդիկ են գերակշռում, թե կանայք, ապա հարաբերակցությունը 56 տոկոս է 44 տոկոսի համեմատ՝ հօգուտ տղամարդկանց։ Այսինքն՝ հիմնականում աշխատաշուկան ձևավորում են տղամարդիկ»։

Զբաղված մարդկանց թիվը 1 միլիոն 211 հազար է՝ ներառյալ հարկային մարմիններում չգրանցված աշխատողները։

«Բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով զբաղված են եկամուտ հետապնդող գորունեությամբ՝ կլինի գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղատնտեսը, որն իր բերքը ոչ միայն արտադրում է սեփական սպառման համար, այլ նաև վաճառում է, որի դիմաց եկամուտ է ստանում, տարբեր ոլորտներում կարող են լինել ինքնազբաղվածներ, օրինակ՝ շինարարության մեջ զբաղված բանվորը կամ բրիգադիրը, որը ոչ մի տեղ գրանցված չի, բայց էս գործունեությամբ զբաղվում է»։

Այստեղ ևս գերակշռում են տղամարդիկ՝ 56 տոկոս-44 տոկոս հարաբերակցությամբ։ Գործազուրկների խմբում մեծ բաժինը կանանցն է․ աշխատանք չունի, բայց փնտրում է տղամարդկանց 13.2, կանանց՝ 13.8 տոկոսը։

Նշված բոլոր տվյալները հաշվարկված են երկրի մշտական բնակչության հաշվով․ արտագնա աշխատողների մասին տեղեկատվությունը ևս ներառված է այս տվյալներում։

Ստացվում է, որ իրական տվյալների օգտագործման դեպքում Հայաստան Qualtrics-ի հետազոտության մեջ կզբաղեցներ 87-րդ կամ 88-րդ հորիզոնականը՝ առաջինի փոխարեն։

Back to top button