ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Լռելյայն ռազմական համագործակցություն․ Իրանի ակնկալիքը Հայաստանից՝ ըստ փորձագետների

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով Մոսկվայում է, նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Պուտին-Ռաիսի երկրորդ հանդիպումն է, նախորդը անցած տարի էր, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այս երկու երկրների համագործակցությունը սրանով չի սահմանափակվում։ Թեհրանն ու Մոսկվան փորձում են շեշտադրել տարածաշրջանային հարցերը տարծաշրջանում լուծելու կարևորությունը, որի տրամաբանության շրջանակներում է նաև«3+3» հարթակում բանակցելը։ 

Իրանի ու Ռուսաստանի նախագահների քննարկումների առանցքում տարածաշրջանային և միջազգային խնդիրներն են։ Ընդ որում այդ հարցերը երկու օր առաջ քննարկել են այդ երկրների արտգործնախարարները մերձկասպյան հնգյակի հանդիպման շրջանակներում։ Հնգյակի երկրները որոշել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի միջև առանց միջնորդների խորհուրդ ստեղծել։ Ըստ այդ որոշման՝ այս ձևաչափով աշխատանքը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային խնդիրների համար կարևոր լուծումներ գտնել հենց տարածաշրջանի երկրների շրջանակներում։ Մերձկասպյան երկրները շեշտում են համագործակցության խորացումը աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ համագործակցության խորացումը տարածաշրջանային երկրների միջև Իրանի մասնակցությամբ հստակ նպատակ ունի՝ դուրս մղել Արևմուտքը տարածաշրջանից ու ևս մեկ անգամ ընդգծել «3+3» կամ «3+2» տարածաշրջանային հարթակի կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․

«Պնդումը, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի միջոցով, ենթադրում է առնվազն մի բան՝ Կասպյան և Կովկասյան տարածաշրջանից, իսկ ավելի լայն իմաստով Մերձավոր արևելյան տարածաշրջանից հավաքական իմաստով Արևմուտքի դուրս մղում։ Սա մի խնդիր է, որը կարողացել է դառնալ նաև Ռուսաստան-Իրան համագործակցության, եթե չասեմ առանցքային խնդիրներից մեկը, ապա գոնե բաղադրիչներից մեկը»։

Նույն կերպ է բացատրում տարածաշրջանային համագործակցության շեշտադրումը նաև իրանագետ Արման Վարդանյանը։ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հաջողությամբ գործել են նաև Սիրիայում և նույն կերպ փորձում են շարունակել Հարավային Կովկասում, ինչը, ըստ իրանագետի, ձեռնտու է Ադրբեջանին ։

«Հայկական կողմը շատ լավ է հասկանում, թե ինչ է ասում Իրանը, պարզապես հայկական կողմը չի ուզում այս փուլում Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները շատ վատացնի, առանց այն էլ մենք թշնամիների պակաս չունենք, և մասնակցում ենք այդ ձևաչափին, բայց Հայաստանի մասնակցությունը ձևական բնույթ է կրում։ Ասեմ ավելին՝ այդ ձևաչափը Հայաստանի շահերից չի բխում։ Մեզ պետք է, որ Արևմուտքը այստեղ ներգրավված լինի, Արևմուտքը մեր բնական դաշնակիցն է։ Արևմուտքից մենք սպառազինություն ենք ստանում, ֆինանսական ու քաղաքական աջակցություն»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հակառակ կարծիքին է այս հարցում։ Նա համոզված է, որ Թեհրանն ու Հայաստանը տարածաշրջանում շատ ընդհանուր շահեր ունեն։

«Հաշվի առելով Թուրքիայի ազդեցության աճը մեր տարածաշրջանում՝ ակնհայտ է, որ ռուսական կողմի զբաղվածությունը Ուկրաինայում, այդ պետությանը հնարավորույթուն չի տալիս շատ ավելի մեծ ռեսուրսներով զբաղվել Հարավկովկասյան խնդիրներով, և ստացվում է, որ առաջացած վակուումում իրանական կողմը նախ և առաջ փորձում է սեփական շահերը պաշտպանելու առումով ներկայություն ունենալ Կովկասում, և այս տիրույթում մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր՝ նախևառաջ թուրք-ադրբեջանական դաշինքի նվազեցում, Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ որոշակի ճեղքերի լրացում հայ-իրանական հարաբերությունների միջոցով, և ակնհայտ է, որ այս տիրույթում պաշտոնական Թեհրանը Հայաստանից ակնկալում է առնվազն լռելյայն ռազմավարական համագործակցություն»։

Իսկ այն ինչ անում է Ադրբեջանը, իրանագետի բնորոշմամբ, արևելյան չարչիություն է։ Այդ երկիրը հակառուսականությունն ու հակաիրանականությունը վաճառում է Արևմուտքին և հակաարևմտյան լինելը վաճառում է Ռուսաստանին ու Իրանին։ Սակայն սա երկար տևել չի կարող, քանի որ հեռանկար չունի, ասում է Ոսկանյանը։

Հայաստանն ու Իրանը արդեն պայմանավորվել են ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրել, ինչը հայկական կողմին իրանական նավահանգիստներից օգտվելու հնարավորություն է ընձեռում։ Այսպիսով՝ Հայաստանը Իրանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ ու եվրոպական երկրներ, իսկ Իրանը Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Back to top button