Աղետի գոտու վերականգնման, աղետից տուժածներին բնակարանների տրամադրման աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության առաջնահերթություններց են` ասում է հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։
«Հիմնադրամը աղետի առաջին օրից աջակցել է աղետից տուժածներին, նպաստել աղետի գոտու վերականգնմանը, բազմաթիվ շենքեր կառուցել։ Մինչև 2019-թվականը աղետից տուժածների համար հիմնադրամի միջոցներով գնվում էին արդեն պատրաստ բնակարաններ, որոնցից օգտվեց 45 ընտանիք։ 2000-ականներին ծրագիր մշակվեց տուժած մարդկանց այլ ուղղությամբ օգնելու համար։ Ավելի արդյունավետ էր նոր շենքների կառուցումը, որի իրագործման համար ԱՄՆ-ում դրամահավաք կազմակերպվեց, որին մասնակցեցին նաև հիմնադրամի այլ մասնաճյուղեր։ 2022-թվականին շահագործման հանձնվեց երկու բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով և 4 արվեստանոցով»,- ասում է Զարուհի Ազնաուրյանը։
Հիմնադրամի ծրագրերի դեպարտամենտի ղեկավարը նշում է, որ բնակարանները հատկացվում են այն գյումրեցիներին, որոնք վերջին 25 տարին բնակվում են հայրենի քաղաքում, երբևէ չեն օգտվել որևէ փոխհատուցման ծրագրից։ «Ստացել ենք բազմաթիվ դիմումներ։ Աշխատում ենք նաև կադաստրի պետական կոմիտեի հետ», – ավելացնում է։
Անդրադառնալով սփյուռքահայ բարեգործներին՝ Զարուհի Ազնաուրյանը նշում է, որ որևէ բան Հայաստանի հետ համագործակցության առումով չի փոխվել։ Կա նույն սրտացավությունը, գործակցության պատրաստակամությունը։ Իսկ հիմնադարմը, անկախ բոլոր վատաբանություններից, շարունակում է աշխատել ու հաշվետու լինել նվիրատուներին», – եզրափակում է Զարուհի Ազնաուրյանը։