Ալավերդին նոր ղեկավար ունի, նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը կդիմի դատարան
Ալավերդում կրքերը շիկացել են: Տեղի է ունեցել գործող համայնքապետին անվստահության օրակարգով ավագանու նիստ, որին մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ու ամիսներ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած, անկախ անդամ Սիմոն Զախարովը։ Քվեարկության արդյունքով համայնքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Նախկին համայնքապետը հայտարարել է, որ մտադիր է դատարան դիմել ու պայքարել անօրինականության դեմ: Թեման շարունակում է Լոռու մարզի մեր թղթակից Լուսինե Սարգսյանը:
Մինչ Ալավերդու համայնքապետարանում համայնքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ էր գումարվել, նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի կողմնակիցները առավոտից խմբվել էին Ալավերդու համայնքապետարանի առաջ ու «Թամազյան» վանկարկելով պնդում էին, որ Ալավերդիում ժողովրդավարությունը դեռ 2022-ին է հաղթանակ գրանցել։
«Եկեք մեկ անգամ ևս վերահաստատենք, որ Ալավերդի խոշորացված համայնքում ժողովրդի վստայութան քվեն ստացել է Արկադի Թամազյանը»։
Համայնքապետարանի տարածքը շրջափակված էր ոստիկանական ուժերով ու կարմիր բերետավորներով՝ հնարավոր բախումներ թույլ չտալու նպատակով: Միաձայն քվեարկությամբ՝ 14 կողմ ձայներով համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Անկախ անդամ Սիմոն Զախարովը հրապարակում է քվերակության արդյունքները։
«Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 68 հոդվածի դրույթներով՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավար ընտրել ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին»:
Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը շնորհակալություն հայտնեց իր թիմակիցներին, հավաքվածներին՝ հայտարարելով, որ գործընթացնապօրինի է: Մտադիր է դատարանում պաշտպանել իր իրավունքները։
«Բիրտ ուժ կիրառելով՝ բռնի կերպով նիստ են անում՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին ներկա լինել, այսպիսի բան ՀՀ-ում դեռ չի եղել, և մենք համարվում ենք ժողովրդավար երկիր: Օրենքով սահմանված կարգով դատարան կդիմենք, որովհետև ապօրինի է»:
Խոհեմությունը պահանջում է, որ Ալավերդում անվստահության գործընթացի փոխարեն իրականացվեն նոր ընտրություններ, ձևավորվի իշխանություն, որը լեգիտիմ կլինի՝ ասում է Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, որովհետև տեղի ունեցածը հակաժողովրդավարական է:
«Քաղաքական այս գործընթացներով բնակչության մեծամասնությունից խլվեց իր իշխանությունը, այդ ամենն արվեց պետական համակարգով, նաև ոստիկանության միջամտությամբ, և խոսել համայնքային ու ժողովրդավարության զարգացումից, դժվար է, որովհետև փաստ ունենք՝ քաղաքացիների մեծամասնության քվեն ստացած իշխանությունն այլևս իշխանություն չէ»:
ՏԿԵ նախարարության իրավաբանական վարչության պետ Արամ Խաչատրյանի դիտարկմամբ՝ հակաօրինական ոչինչ չի արվել, ավագանին իրացրել է օրենքով սահմանված իր լիազորությունը
«Օրենքի ուժով է հրավիրված նիստը: Նոր ընտրված համայնքի ղեկավարը օրենքի ուժով պետք է երդվի համայնքի բնակիչների առջև»:
Արամ Խաչատրյանը քաղաքական որակեց հարցը, թե արդյոք անվստահության գործընթացն էր արտահերթ ընտրությունների այլընտրանքը և խուսափեց պատասխանից:
Հիշեցնենք՝ Ալավերդու ավագանու ներկուսակցական ճգնաժամն արդեն 1 տարվա պատմություն ունի։ Հոկտեմբերին իշխող «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամները իրենց թիմակից, արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանին անսպասելի անվստահություն հայտնելու գործընթաց սկսեցին՝ առաջադրելով այլ թեկնածու։ Քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գործընթացը կեղծ որակեց: Ու չնայած նախկին համայնքապետն անվստահության նախաձեռնությունն իրացված էր համարումու օրենքով առնվազն 1տարով սահմանափակված նոր գործընթացի հնարավորությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախաձեռնեց անվստահության նոր գործընթաց: Մինչ ավագանու 2 թևերը փոխադարձ մեղադրանքներ են ուղղում միմյանց, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ անվստահության գործընթացն անօրինական է, արդյունքները նույնպես: Դեկտեմբերի 8-ին Ալավերդու ավագանին պատրաստվում է նիստ գումարել՝ նոր համայնքապետի գլխավորությամբ։