ԿարևորՀասարակություն

Ինդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում

Կառավարության որոշմամբ  առաջարկվում է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում ավելացնել նաև Ինդոնեզիան, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս Ինդոնեզիայի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև E-VISA համակարգի միջոցով։ Բացի այդ, Ինդոնեզիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է ցանկից հանել Պանաման, քանի որ ՀՀ համապատասխան որոշմամբ, փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից։

Back to top button