ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Մարգարայի կամուրջը կբացվի․ ինչ կտա այն Հայաստանին

Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Հայ-թուրքական սահմանն առաջինը կբացվի երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար: Հայաստանը և Թուրքիան 2022–ի հուլիսի 1–ին Վիեննայում էին համաձայնության եկել այդ հարցում: Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: 

Շենքը կար, բայց ՊԵԿ–ում որոշեցին նորը կառուցել ու մաքսային հսկողություն սահմանել։ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել էին այս տարվա մայիսին։ Ապրիլի 21–ին կառավարության նիստում հաստատված նախագծերից մեկով մաքսակետի կառուցման նախագծահաշվային աշխատանքները, շինարարությունը և անհրաժեշտ սարքավորումների ընդհանուր արժեքը կազմել էր 733 միլիոն դրամ։

ՊԵԿ գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ Էդգար Հովսեփյան․

«Մարգարայի սահմանային անցակետի շինարարական աշխատանքները սկսվել են մայիսին։ Մաքսատունը աշխատելու է ռեվերսային տարբերակով, քանի որ կամուրջը միակողմանի է։ Սակայն, և՛ տարածքը, և՛ կամուրջը հնարավորություն ունեն ընդլայնվելու»։

Գլխավոր մասնաշենքի տարածքը 988 քառակուսի մետր է։ Զննություն իրականացնելու համար խորը զննման անգար է կառուցվել։ Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ սարք–սարքավորումները նույնպես կան արդեն՝ ասում է ՊԵԿ ներկայացուցիչը․

«Կատարվում են կահավորման, սարք–սարքավորումների փորձարկման, մաքրման աշխատանքներ։ Մաքսատան տարածում ծառայություն են իրականացնելու ՊԵԿ մաքսային ծառայողները, ՌԴ սահմանապահ զորքերը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը»։

Բարերկարգվել է Մարգարայի կամրջի հայկական կողմի հատվածը։ Հայաստանը և Թուրքիան 2022–ի հուլիսի 1–ին Վիեննայում էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Հայ–թուրքականսահմանը փակ է 1993 թվականից: Սակայն այն մի քանի անգամ բացվել է բացառապես մարդասիրական նպատակներով։

Օրերս ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարական 30–րդ համաժողովում ներկայացրել էր հաղորդակցությւոնների ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագիծը՝ նշելով, որ Հայաստան — Թուրքիա սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի։ Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկա օրերին այն ի վերջո կբացվի։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է՝ կամուրջը պատրաստ է գործարկման։ Այլ խնդիր է, թե որքանով այն պատրաստ կլինի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։

«Կամուրջը պատրաստ է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալները իր վրա կրել։ Եթե ձևակերպենք, ապա կամրջի խնդիրն այն է, որ նեղ է, միակողմանի երթևեկության համար է, լայնությունը այնպիսին է, որ կարող է մեկ մեքենա  անցնել»։

2022–ին Թուրքիայից Հայաստան ներմուծումը 263 մլն դոլար է կազմել, արտահանումը՝ մի քանի անգամ պակաս՝ 61 մլն դոլար։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը ընդգծում է՝ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խթանելու հարցում․

«Ամեն դեպքում՝ Հայաստանը շուկա է, թեկուզ  և փոքր, բայց թուրքական ապրանքների ու ընկերությունների տեսանկյունից երկարաժամկետ, աշխատած շուկա է, որտեղ տարիներ շարունակ թուրքական ապրանքները իրացվել են, ունեն իրենց սպառողը։ Դա լավ է, թե վատ՝ այլ հարց է»։

 Ներդրումների առումով էլ հեռանկարներ կան ՝ասում է տնտեսագետը։ Թուրքիայի արևեյալ շրջանները, որոնք սահմանակից են Հայաստանին, սարգացվածության ավելի ցածր մակարդակ ունեն ու որակյալ ծառայությունների հասանելության մասով խնդիրներ կան այնտեղ․

«Թուրքիայի տեսանկյունից կողմերից մեկն էլ այն է, որ սահմանի բացմամբ, հնարավորություն է ընձեռվում նաև որոշ ոլորտներում արևեյալ շրջանների զարգացման համար նոր խթան հաղորդել»։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա է արտահանվել հիմնականում ոսկի՝ շուրջ 353 կգ։ 20 մլն 377 հազար դոլարի ապրանք, որտեղ առյուծի բաժինը հենց ոսկու ձուլակտորներինն է։  Բայց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցնում է՝ Հայաստանը բաց տնտեսություն ունեցող երկիր է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նկատում է, որ թուրքական շուկան փակ է հայկական ապրանքների համար, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմվում է միայն ներմուծման հաշվին։

«Համարյա ամբողջ ապրանքաշրջանառությունը, որ ունեցել ենք Թուրքիայի հետ՝ 320 մլն դոլար, հիմնականում ներմուծումն է, քանի որ ներմուծման համար ՀՀ սահմանները բաց են, իսկ դեպի արտահանում Թուրքիայի սահմանները փակ են»։

Փորձագիտական դաշտում վստահ են՝ սահմանի բացումը կխթանի երկկողմ տնտեսական հարբերությունները։

Back to top button