Կամո Պետրոսյանը Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է: Շրջանում նրան գրեթե բոլորն էին ճանաչում, 25 տարի վարել է Ստեփանակերտ-Ավետարանոց երթուղու ավտոբուսը: 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել են, սկսել են ապրել Ստեփանակերտում։ Իսկ այս սեպտեմբերի 28-ից Պետրոսյանների ընտանիքը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում է բնակվում:
Սեպտեմբերի 28-ին Պետրոսյանների ընտանիքը Ստեփանակերտից Արմավիր է հասել ավիահարվածներից վնասված մեքենայով: Զինվորական որդին այս մեքենայով է բարձրացել դիրքեր ու իջել, իսկ սեպտեմբերի 19-ին հայտնվել է թշնամու օդային հարվածների տակ: Բարեբախտաբար մեքենայում մարդ չի եղել՝ ասում է Կամո Պետրոսյանն ու հայացքը հառում վեր.
«Երկու տղաս 44-օրյա պատերազմին էլ են մասնակցել, էս մի կռվին էլ: Մոտ 10 օր մենք ընդհանրապես ոչ մի տեղեկություն չենք ունեցել նրանց մասին. կապ չի եղել, ինտերնետ, ոչ մի մի զանգ չի եղել: Երկու տղաներս են եղել ու աղջկաս ամուսինը: Ամենաուժեղ սթրեսն այդ ժամանակ եմ տարել: Իրենք որ եկել են, Դրմբոնով անցնելիս արդեն տեսել են թուրքերին այնտեղ, իրենք էլ են սթրեսի ենթարկվել, ավտոմեքենան է պայթել, ինքնաթիռից, որ խփել են, մեքենայի տանիքն ու առջևի մասը վնասվել էր»:
Հիմա արդեն նորոգված, ներկված մեքենան կանգնած է նոր կացարանի առջև, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: Կամո Պետրոսյանն ասում է՝ իրենց տոհմի երրորդ գաղթն էր սա։ Նախնիները Խոյից են գաղթել Արցախ, 2020-ին իրենք Ավետարանոցից՝ Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերին՝ Ստեփանակերտից Արմավիր:
Հոգեբանական ծանր ապրումները հաղթահարելով, անցել են Հակարիի կամուրջը:
«Ես որ եկել եմ, ասել եմ՝ թող իրենք Հակարիով անցնեն, կարող է ինձ բռնեն, էն մի կռվին էլ ես եմ մասնակցել: Կարող է ինձ ուրիշի տեղ բռնեն, ինչ եմ իմանում: Որ անցել են, երևի, աշխարհում ամենալավ օրն է եղել ինձ համար, տեսա, որ ամբողջ ընտանիքս անցավ: Մնացի ես մենակ, ես էլ եկա, ինձ էլ բաց թողեցին»:
Ուրախացել են, բայց վախերն ու անհանգստությունները չեն վերացել: Հարսը՝ Լուսինեն, հղի էր, պատերազմը, գաղթի ճանապարհն ու խցանումները ծանր են անդրադարձել նրա ինքնազգացողության վրա:
«Ահավոր դժվար էր էդ ճանապարհն անցնելը, ահավոր ցավեր ունեի, մտածում էի, թե ճանապարհին կմնամ, տեղ չեմ հասնի, կամ չգիտեմ, ինչ-որ բան կլիներ: Էդ մի կողմից ավելի էր վախեցնում. Երկար ճանապարհը, էդքան խցանումները, մեկ օրից ավելի մեքենայում նստած վիճակը շատ ավելի էր ազդել ինձ վրա: Փառք աստծո, նորմալ տեղ ենք հասել»:
Լուսինեի որդին ծնվել է նոյեմբերի 10-ին Արմավիրի ծննդատանը։ Պապը կատակում է, ասում է՝ Արմենս հոկտեմբերյանցի է:
Շրջափակման օրերին դժվարությամբ մի քանի շոր էին ձեռք բերել նորածնի համար: Պակասը լրացրել են այստեղ: Պետրոսյանների ընտանիքն այժմ անվճար ապրում է Մրգաշատում։ Տան տերերը ժամանակվորապես բացակայում են գյուղից, հունվարին են վերադառնալու: Այստեղ ապրելու բոլոր պայմանները կան:
«Հիմա խնդիրները կապված են աշխատանքի ու կացարանի հետ. Այստեղից տեղափոխվելու ենք մյուս վարձակալած տուն, որը հիմա վերանորոգում ենք: Պիտի կահավորենք, պիտի գազօջախ ճարենք, տնտեսական պարագաներ, պահարաններ, չգիտեմ, ամեն ինչ պետք է զրոյից սկսենք: Մեկ էլ, եթե աշխատանք ունենանք, կկարողանանք գոյատևել»:
Երկհարկանի վարձակալած տան առաջին հարկում Լուսինեի ծնողներն են ապրում, երկրորդ հարկում իրենք են տեղավորվելու, սենյակներն ընդարձակ են, մի քանի իրեր գյուղացիներն են տվել, հիմա կոմունալ հարմարություններ են ստեղծում:
Կամո Պետրոսյան. «Դե, մնացել է հատակը ծածկենք, մի բան ճարենք, կավրալիտ առնենք գցենք, պատերը ներկել ենք, կոմունալ հարմարություններ չկան այստեղ, բերել ենք, որ սարքենք»:
Ընտանիքը հիմա մտահոգված է աշխատանքի խնդրով: Կամո Պետրոսյանը վարորդ է, 25 տարի Ստեփանակերտ-Ավետարանոց երթուղու ավտոբուսն է վարել, կինը՝ Նարինեն բուժքույր է, բայց հիմա փորձում է ձեռագործ աշխատանքով վաստակել: Լուսինեն վստահեցնում է, որ սկեսրոջ ձեռքերը «ոսկի են», եթե պատվեր լինի, շատ համեղ ժենգյալով հաց կթխի, գուլպաներ ու վերնահագուստ կգործի: