ԿարևորՀասարակություն

Ներկայացվել են Եվրոպական նորարարական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները

Դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել «Եվրոպական նորարարական խորհրդի Տեղեկատվական օր» միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են Եվրոպական նորարարական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, հետաքրքրությունները և նորարարական գաղափարներ առաջարկող ընկերություններին տրամադրվող աջակցության մեխանիզմները:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Նա ներկայացրել է նախարարության այն ծրագրերը, որոնք ուղղված են նորարարական ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Գևորգ Մանթաշյանը կարևորել է գիտելիքի, ֆինանսների, տեխնոլոգիաների հասանելիությունը, որը կօգնի նորարարներին իրենց տաղանդն օգտագործելով՝ ստեղծել արտադրանք և մուտք գործել շուկա:

Նախարարի առաջին տեղակալը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրոպական միության համար:
Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռել շահագրգիռ կողմերին ծանոթանալ նորարարական էկոհամակարգին, փոխանակվել կարծիքներով և ուսումնասիրել Եվրոպական նորարարական խորհրդի կողմից առաջարկվող հնարավորությունները:

Եվրոպական նորարարական խորհուրդը (European Innovation Council) Եվրոպական միության խոշորագույն նորարարական նախաձեռնությունն է, որի բյուջեն կազմում է ավելի քան 10 մլն եվրո:

Խորհրդի հիմնական ծրագրերն ուղղված են գիտանորարարական (Deep Tech) ընկերությունների աջակցությանը և ստարտափների ու ՓՄՁ-ների ընդլայնմանը: Իր գործունեության ընթացքում Եվրոպական նորարարական խորհուրդը ներդրումներ է կատարել 12 միաեղջյուր ընկերություններում:

Back to top button