ԿարևորՀասարակություն

Լրատվամիջոցների ինքնակարգավորում․ ինքնուրո՞ւյն, թե՞ օրենքի պահանջով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։ Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ, որի մասին խոսվում է մեկ տարուց ավելի:

Նախարարության ներկայացուցիչները նշում են, որպեսզի մեդիա ոլորտը կարողանա իր այս գործառույթն իրականացնել, այն պետք է լինի սոցիալապես պատասխանատու, միաժամանակ պետք է երաշխավորի օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվության մատուցումը՝ զերծ սուբյեկտիվ գնահատականներից, ապատեղեկատվությունից, ատելության խոսքից:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։  Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ, որի մասին խոսվում է մեկ տարուց ավելի: ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով՝ պետությունը ոչ թե միջամտում է ԶԼՄ-ների ինքնակարգավորմանը, այլ խրախուսում է այն։

«Որպեսզի մեդիա ոլորտը կարողանա այս գործառույթը իրականացնել, պետք է լինի սոցիալապես պատասխանատու, պետք է երաշխավորի , որ հանրությանը մատուցում է ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, զերծ սուբյեկտիվ գնահատականներից»։

Ինքնակարգավորման գաղափարը ենթադրում է, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենք պետք է խթանեն էթիկական չափանիշների պահպանումը՝ դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը: Ինքնակարգավորման մարմինները քննարկելու են լուծում պահանջող մասնագիտական հարցերը, ընթերցողի կամ հեռուստադիտողի բողոքները, հարթակ են դառնալու վեճերն արտադատական կարգով լուծելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հայեցողական են լինելու, և  պետությունը իրավունք չի ունենալու պարտադրել, որպեսզի որեւէ լրատվամիջոց ինքնակարգավորվի: Ըստ բանախոսի այս օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունն այն է, որ չեն նախատեսվում պատասխանատվության մեխանիզմներ, եթե ԶԼՄ-ն չի ինքնակարգավորվում կամ չի հետեւում լրագրողական էթիկայի նորմերին։

Աշոտ Մելիքյանի ձևակերպմամբ՝ տեղեկատվական ոլորտում այսօր բևեռացում կա, բաժանում՝ ըստ քաղաքական, տնտեսական, կլանային ճամբարների։ Ըստ նրա՝ շատ լրատվամիջոցներ ուղղակի մի կողմ դնելով հանրային շահը՝ սպասարկում են տարբեր քաղաքական և կլանային շահեր ու այդ ընթացքում ոտնահարվում են նաեւ լրագրողական վարքագծի պարտադիր նորմերը: Նախագծով բացի ինքնակարգավորվող համակարգից առաջարկվում է ստեղծել նաև վերահսկող կառույց, որը պետք է որոշի, այսպես ասենք, խաղի կանոնները։ Նոր մարմինը կոչվելու է Մեդիա խորհուրդ։  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան։

«Եթե դու քեզ լրագրող կամ լրատվամիջոց ես համարում, բարի եղիր հետևել լրագրողական էթիկայի նորմերին։ Ու կապ չունի՝ դու իշխանությանն ես գովերգելու, թե՞ ռադիկալ ընդդիմությանը, բայց արա դա էթիկայի նորմերում։ Ու եթե ավանդական ԶԼՄ-ներ դեմ են լինելու այս ամենին, ապա կարող են շատերը իրենց դիմակները պատռել»։

Մելիքյանը հայաստանյան լրատվադաշտը համեմատում է ջունգլիների հետ։ Այս համեմատությունը հարուցում է  «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի դժգոհությունը։

«Երբ իշխանության ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվում, ֆեյքերով հարձակվում են, հայհոյում են, հեռախոսը առնում, փախչում են, ու դրանք պաշտոնատար անձինքն են։ Այսինքն՝ հայ հասարակությունը  նման պաշտոնյաններին հարմարվում ու հանդուրժում է, բայց սուր հարցեր տվող լրագրողներին մի տեսակ չի կարողանում հանդուրժել»։

«Իհարկե, կարելի է վերամբարձ բառերով ամեն ինչ քողարկել, բայց երբ ես ասում եմ, որ այսօրվա հայաստանյան լրատվադաշտը նման է ջունգլիի,  հիմնավորում եմ։ Հայաստանյան ԶԼՄ–ների ճնշող մեծամասնությունը  դարձել է քաղաքական համակարգի մաս, սպասարկում է քաղաքական շահեր, դա էլի իրենց գործն է, թող գնան սպասարկեն, բայց եթե իրենք լրագրողական գործունեություն են իրականացնում, դա պետք անեն էթիկայի նորմերի սահմաններում»։

Մելիքյանն ասում է, որ լրագրողական հանրության ուշադրությունը պետք է ուղղել մասնագիտական նորմերի պահպանմանը և այն լրատվամիջոցների խրախուսմանը, որոնք ինքնակամ կկարգավորվեն:

Back to top button