ԿարևորՔաղաքական

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանում մարտահրավերները հաղթահարելու նախագիծ

Ինչպես են անցնելու ճանապարհները Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համաձայն։ Ծրագրի գրաֆիկական տարբերակն  այսօր ներկայացվել է Երևանում կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն է համաժողովը  կազմակերպել՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։ Համաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Իրանի և Հնդկաստանի դեսպանները։

Հայաստանը պատրաստ է դառնալ կապող հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջարկելով որպես որդեգրած խաղաղության օրակարգի կարևորագույն մաս։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դրական է համարում փորձագետներին ներկայացուցչական ընդգրկվածությունն ակտիվ քննարկումներում։ Համոզված է, որ հայեցակարգի կյանքի կոչումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը։  

«Այդ հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է՝ նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրոհաղորդման գծեր կառուցելու, հները նորոգելու և գործարկելու միջոցով։ Նախագծի նպատակն է վերականգնել տարածաշրջանի կարևոր դերը հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում անխոչընդոտ տարանցման ապահովման գործում»։     

Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչման համար՝ վստահեցնում է Հարությունյանը: Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության նոր քայլերը, որոնք ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության՝ հայտարարում է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Թեպետ Հայաստանն ու Իրանն ունեն ամենակարճ ընդհանուր սահմանը, բայց այն, դեսպանի խոսքով, բարեկամության և խաղաղության լավագույն սահմաններից մեկն է։

 «Մենք սատարում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, սատարում ենք տևական և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Այս ուղու զարգացումը մեր երկրներին կապահովագրի արտաքին վնասներից։ Հավատում եմ, որ եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա նրանք կարող են ավելի նշանակալի դեր ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Սա նոր ուժի հայեցակարգն է»։

Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ՝ հայտարարեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաշի Իլակշի Սահա Սինհան, ապա վստահեցրեց.

«Մենք Հայաստանի համար դյուրացնելու ենք նավահանգստի  օգտագործման հնարավորությունը՝ հաղթահարելու մարտահրավերները, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»։   

Չնայած աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին, փորձագետները կարծում են, որ կոմունիկացիոն նախագծերի հարցում շահագրգիռ կողմերը հետաքրքրված են։ Հնդկական «Էկոնոմիկս թայմս»-ի խմբագիր Դիփանջան Ռոյ Չաուդհուրին լավատես է.

«Կարծում եմ՝ գնալով հետաքրքրությունն աճում է Պարսից ծոցի նկատմամբ։ Այսինքն, նման նախաձեռնությունները վստահաբար արժեքավոր կդառնան։ Մենք Հնդկաստանում տեսնում ենք հեռանկարը, Հնդկաստան-Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման ներուժն իսկապես հսկայական է։ Իհարկե, մտածելու բան կա, և անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հնարավորությունները»։  

Իրանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գաղափարն ինքնին հետաքրքիր է՝  Իրանի և Եվրասիայի հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն ասաց։ Նրա խոսքով՝  նախաձեռնությունն ընդհանուր առմամբ շահեկան է Իրանի համար։ Նրա խոսքից մի հատված՝ համընթաց թարգմանությամբ։

«Իրանի համար ամենակարևոր գերակայությունը խաղաղությունն է տարածաշրջանում, մանավանդ՝ Հայաստանում։ Որևէ նախաձեռնություն, որը կարող է օգնել ավելի երկար և կայուն խաղաղություն կառուցելու, Իրանի կողմից միայն ողջունվում է»։ 

Թուրք փորձագետ Էմրե Դիների կարծիքով էլ՝ խաղաղության գործընթացը կարևոր գիծ է և հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ միասին լինելու տեսանկյունից։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, երբ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, Էմրե Դիները նշեց՝ ամենակարևորը խաղաղության գործընթացի վերջնական արդյունքն է։

«Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։ Կարևոր չէ, թե ինչ են երբեմն ասում Երևանից, Անկարայից կամ Բաքվից։ Հասկանում եմ՝ դա շատ դժվար է շարքային քաղաքացիների համար։ Պետք չէ ականջալուր լինել ամեն ինչին։ Երեք երկրները պետք է մտածեն միայն խաղաղության հասնելու մասին։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է բանակցեն բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ։ Ոչ ոք չի ասում, որ գործընթացը հեշտ է, բայց անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել, որովհետև ոչ ոք չի կարող մեկուսացված ապրել առկա խնդիրների պատճառով։ Ընդ որում՝ երկխոսությունն էլ չպետք է լինի ինքնանպատակ»

Թուրք փորձագետն ընդգծեց, որ հավատում են խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում և որ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Արձագանքելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին՝ թուրք փորձագետն ասաց, որ իր երկիրը պետք է գնա այդ քայլին, ինչը լավ հիմք կարող է դառնալ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար։ 

Back to top button