ԿարևորՔաղաքական

«ՀայաՔվե»-ն ունի ևս մեկ շանս ապացուցելու, որ «Արցախը Հայաստան է և վերջ»

ԱԺ նիստերի դահլիճում մոտավորապես 30 րոպե է հատկացվել խորհրդարանական հանձնաժողովում հետաձգված «ՀայաՔվե» նախաձեռնության քննարկմանը։ Խորհրդարանը մերժել է դրա ընդգրկումը լիագումար նիստերի օրակարգում։

Ըստ էության, «ՀայաՔվե»-ի միջոցով հանրությունն առաջին անգամ է օգտագործել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը: Նախագիծն օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը:

Նախագծով  քրեական պատասխանատվություն է սահմանվում այն պաշտոնյաների համար, որոնք Արցախը Ադրբեջանի մաս կճանաչեն ու կժխտեն Հայոց Ցեղասպանությունը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չեն շտապում հայտարարել, որ Ադրբեջանը բանակցությունների փոխարեն նորից թեժացնում է իրավիճակը։ Բայց ընդունում են, որ խաղաղության գործընթացում որոշակի խնդիրներ կան՝ Ադրբեջանի նախագահը  փաստացի խուսափում է բանակցություններից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը տեղեկություն չունի՝ արդյո՞ք  «Խաղաղության պայմանագրին» առնչվող նոր պահանջներ է առաջ քաշում ադրբեջանական կողմը, թե՞ ոչ։

 «Եթե բանակցություններին չի մասնակցում, հետևաբար չի կարող նոր պահանջներ դնի»։   

Երևանում չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը նորից կրակում։ Եթե նախօրեին Վայոց ձորի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հայկական կողմի համար զինծառայողի կյանք արժեցան, եվրոպացի միջնորդների համար մտահոգության հերթական առիթ են, որը Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արտահայտել է X-ի իր միկրոբլոգում։ Եվրոպացի պաշտոնյան իր գրառումը եզրափակել է մտքով, որ «բանակցային սեղանի շուրջ պետք է ձեռք բերվի վճռական առաջընթաց»։ Վահագն Ալեքսանյանի կարծիքով, սակայն, միջնորդները կարող էին անել ավելին։  

« Այո, ես կարծում եմ, որ եթե միջազգային մեր գործընկերները մշտապես ու ամբողջ ներուժով դատապարտեին Ադրբեջանի ապօրինի գործողությունները, գուցե, ամեն ինչ մի փոքր այլ հունով գնար։ Մենք բնականաբար, պետք է հույս ունենանք, որ մեր միջազգային գործընկերներին կհաջողվի Ադրբեջանին վերադարձնել բանակցային պրոցես, որպեսզի վերջապես տեղի ունենան հանդիպումները։

Վաշինգտոնո՞ւմ, թե՞ Բրյուսելում։

Մեծ հաշվով հարցն այն է, որ այդ բանակցությունները տեղի ունենան։ Միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում բազմիցս շեշտվում է անհրաժեշտությունը, որ Ադրբեջանի վրա պատշաճ դիվանագիտական ճնշում բանեցվի, որ վերջինը վերադառնա բանակցությունների սեղանին և ոչ մի պարագայում չգնա էսկալացիայի։ Բայց թե որքանով դրանք կաշխատեն, բնականաբար, ոչ մեկը երեշխավորել չի կարող»։

Այս ֆոնին Հայաստանի խորհրդարանը մերժեց և 26 կողմ, 57 դեմ քվեարկությամբ օրակարգում չընդգրկեց  «Հայաքվեի» նախագիծը, որը քրեական պատասխանատվություն՝10-15 տարվա ազատազրկում  է նախատեսում Հայաստանի այն պաշտոնյաների համար, որոնք Արցախը Ադրբեջանի մաս կճանաչեն ու կժխտեն Հայոց Ցեղասպանությունը:

Իշխանության այս վարքագիծն ընդդիմադիրներն ընկալում են իբրև նախընտրական խոստումների ոտնահարում։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը ընտրողների ուշադրությունն է հրավիրում փաստերի վրա․  

«Խոստացել է, որ ՀՀ–ն երաշխավորելու է Արցախի ժողովրդի անվտանգությունը, սակայն չի կատարել։ ՀՀ–ն ձգտելու է Արցախի հարցը լուծել նրա կարգավիճակի վերջնական հստակեցմամբ, հիմնված հիմնարար սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի վրա, սակայն չի կատարել։ Թույլ չի տալու այնպիսի ապաշրջափակում, որը կհակասի Հայաստանի և Արցախի կենսական շահերին, սակայն չի կատարել։ Ձեր քվեով իշխանության եկած ուժը, այո, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, չի պաշտպանում Արցախի ժողովրդին և այսպես շարունակ»։

Ընդդիմությունից Արթուր Խաչատրյանն էլ բարձրաձայնում է այն կասկածները, որ իշխանության համակարգում արգելված է օգտագործել «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը.

«Վերջերս, երբ ԵԽԽՎ մոնիտորինգային խմբից երկու պատգամավոր էին եկել, մեր խմբակցությունը հանդիպում ունեցավ իրենց հետ։ Մամուլի հաղորդագրությունը ես ինքս գրեցի, ուղարկեցի և այնտեղ նշեցի, որ խոսել ենք Արցախի Հանրապետության մասին։ Աշխատակազմը Արցախի Հանրապետություն ձևակերպումը փոխել է, դարձրել է Լեռնային Ղարաբաղ։ Դա եղել է նաև կարծես Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Եթե իրոք միտում չկա, ապա խնդրում եմ այստեղից հանձնարարել հաջորդ անգամ այլևս չհանդգնեն ցենզուրայի ենթարկել։

Արցախի Հանրապետությունը հայտարարություն է արել լուծարման մասին և կարծում եմ՝ այդ առումով ԱԺ-ն պետք է հետևի օրենքի տառին։

«Հայաքվե»-ի նախագծում նույնպես իրավական որոշակիության կա՝ ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է՝ չեն հասկացել, թե ինչ խնդիրներ կարող է լուծել «Հայաքվե» նախաձեռնությունը, բայց համոզված են, որ այն բազմաթիվ նոր խնդիրներ կարող է առաջացնել։ Իշխանական պատգամավորները համոզված են՝ նախաձեռնությունը ընդդիմության համար «դեմքը փրկելու» քայլ է։  

«Բոլորս էլ, դուք էլ շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառով է տեղի ունեցել, ինչ պետք էր անել, որ տեղի չունենար, ինչ պետք չէր, որ տեղի չունենար։ Եվ քանի որ մոռանալու մասին խոսք գնաց, մի լավ խոսք կա՝ եթե ձեզ թվում է, որ ձեր խիղճը մաքուր է, ուրեմն դուք հիշողության հետ կապված խնդիրներ ունեք»,-ասում է Բաբկեն Թունյանը։

«Գիտե՞ք ձեր խոսույթի պրոբլեմը որն է։ Կարևոր է, որ մենք՝ որպես ժողովուրդ, պետություն, որպես մարդիկ, աշխարհի վերաբերյալ մեր քարտեզը համադրենք իրականության հետ։ Ձեր քարտեզը՝ և՛ բառի ուղիղ իմաստով, և՛ մտածողության քարտեզը, իրականության հետ չի բռնում։ Մոտավորապես գիտե՞ք որն է դա, որ Երևանի Թումանյան փողոցիք ուզեք գնալ Տիչինա, բայց Մեծ Հայքի քարտեզը ուզեք ներբեռնել նավիգատորի մեջ։ Չի ստացվի, ուղղակի ուրիշ տեղ կգնաք։ Հասկանո՞ւմ եք։ Ձեր մտածողության և իրականության մեջ այնքան մեծ դիսոնանս գոյություն ունի, որ անգամ չեք հասկանում նախագծերը, որ այստեղ պաշտպանում եք ինչպես կարող եք հիմնավորել»,-ասում է Հայկ Կոնջորյանը։  

Ի դեպ, իշխանական պատգամավորները չեն հերքում, որ ժամանակին իրենք էլ էին օգտվում Հայկ Կոնջորյանի ներկայացրած պատկերավոր քարտեզից։ Վահագն Ալեքսանյանը հիշում է՝ բոլորն էին կրկնում «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։

 «Մեր խնդիրը եղել է այն, որ չենք համակերպվել այդ իրականության հետ կամ գուցե ամբողջությամբ չենք գիտակցել այն, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ 30 տարի շարունակ որպես հանրություն բոլորս գոռացել ենք «Արցախը Հայաստան է և վերջ» կամ գոռացել ենք «Արցախը անկախ է»։ Բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ չի ձայնակցում, երբ մենք դա գոռում ենք»։  

Պատգամավորը համոզված է՝ այժմ Հայաստանին ձայնակցող բազմաթիվ երկրներ կան, որոնք արդեն խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին։

Back to top button