ԿարևորՎերլուծական

Հայաստանի ճանապարհները վերահսկել է պետք, հակառակ դեպքում լուրջ մարտահրավերներ կառաջանան․ փորձագետ

Առաջիկա ամիսները վճռական են լինելու Հայաստանի ապագայի համար՝ համոզված են որոշ փորձագետներ։ Վերլուծելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Վաշինգտոն և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը Բաքու՝ եզրահանգում են՝ Արևմուտքը ջանքեր է գործադրում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում  ՌԴ մասնակցությունը չեզոքացնելու համար։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում է, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը պատրաստվում է այցելել Բաքու։ Այցերն ուշագրավ են մի քանի առումով։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ էլ ՀՀ ԱԽՔ–ն քննարկել է երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծել տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը, փոխգործակցության  խորացման կարևորությունը երկու երկրների զինված ուժերի միջև: Քաղաքագետ Հայկ Այվազյանը համոզված է՝ հանդիպումները հստակ նպատակ ունեն։

«Արևմուտքը միշտ էլ կողմնակից է եղել, որ այդ ճանապարհները չվերահսկվեն Ռուսաստանիր կողմից։ Ինչո՞ւ է ասում, որ ուժով չպետք է լինի, որովհետև իրենք մտածում են, որ եթե Ադրբեջանն ուժով փորձի դա անել, ռուսները փորձելու են կանխարգելել, ու այդ կանխարգելման արդյունքում այդ ճանապարհների վերահսկողությունը կանցնի Ռուսաստանին, ինչը գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»։

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ Բրայանը խոսել էր Կենտրոնական Ասիայից առևտուրը Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով Թուրքիա հասցնելու հնարավորության մասին, բայց նաև նախազգուշացրել, որ եթե փորձ արվի այս հարցը լուծել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները կանխելու առևտրային նման ճանապարհի ստեղծումը։ Բաքվին ուղղված այս զգուշացումը ցավագին էր ընդունվել Ադրբեջանում, սակայն այդ հայտարարությունից  մեկ շաբաթ անց Բաքու է պատրաստվում ժամանել Օ Բրայենը․քննարկվելու է խաղաղությանն աջակցելու օրակարգը։ Բաքվի լրատվամիջոցները նշում են, թե մինչ այցի կազմակերպումը Ալիևը  պայման է դրել Վաշինգտոնի առաջ պետքարտուղար Բլինքենի հետ զրույցում, որ Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու արգելքը, ինչն ընդունվել է։ Հայկ Այվազյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը առանց Ռուսաստանի մասնակցության մեծ ռիսկեր ու մարտահրավերներ է պարունակում։

«Վերահսկել դեռ չի նշանակում, թե ճանապարհները չեն գործելու Հայաստանի իրավազորության ներքո։ Հիմա, որ տարիներ շարունակ ռուսական ծառայությունը մեր օդանավակայանում է, ի՞նչն է մեր իրավազորությունից պակասել՝ ոչինչ։ Նրանք այնտեղ են միջպետական պայմանագրով, իսկ այդ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ օրենքներին։ Դե, պատկերացրեք, որ ճանապարհներ բացվենհիմա չենք կարողանում վերահսկել, էդ ժամանակ ո՞նց ենք վերահսկելու, այսինքն՝ փոքր Հայաստանը ի վիճակի չէ դա վերահսկել»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կարևորում է տարածաշրջանային հարթակում բանակցությունների անցկացումը, շեշտել, որ «3+3» հարթակը խոստումնալից ձևաչափ է։ Այս առումով առարկություններ ունի քաղաքագետ Արա Պողոսյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է, որ այն, ինչին ձգտում են Անկարան ու Բաքուն, տարածաշրջանային կամ Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափն է, որը  խիստ վտանգավոր է։

 «Երկկողմ բանակցությունները Հայաստանի համար նույնն են, ինչ Ադրբեջանին հետագա պատերազմների համար քարտ բլանշ տալը, քանի որ պայմանագիր կնքելու համար պետք է ունենաս առնվազն այնպիսի ռազմական բալանս, որ կարողանաս ինքդ լինել այդ պայմանագրի երաշխավորը։  Իսկ մենք գիտենք, որ այսօր Հայաստանը չի կարող լինել այդպիսի պայմանագրի երաշխավոր։ Կարծում եմ՝ երկկողմ հարթակի մասին խոսելը պետականության նկատմամբ դավաճանություն է, ինքնասպանություն»։

Քաղաքագետ Հայկ Այվազյանը, մինչդեռ, տրամագծորեն հակառակ մոտեցում ունի։ Կարծում է, որ երկկողմ ձևաչափերով հանդիպումներն ավելի նախընտրելի են, քան Արևմուտքի միջնորդությամբ անցկացվողները։

Back to top button