ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների իրավական խնդիրները մնում են չլուծված․ օրենքը դեռ քննարկվում է

44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները դժգոհ են քննչական մարմիններից,  հարուցված քրեական գործերի ընթացքից։ Նրանցից ոմանք չգիտեն՝ ինչ կարգավիճակ ունեն, ոմանք էլ ամիսներ առաջ՝ մայիսին ՀՀ գլխավոր դատախազին դիմումներ հանձնելուց հետո են միայն ստացել տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, ինչը թույլ է տվել ծանոթանալու քրեական գործերի մանրամասներին։

Դրանից հետո, սակայն, ծնողների դժգոհությունն ավելի է մեծացել․ ծանոթանալով քրեական գործերի ընթացքին, պարզել են, որ  որդիների անհետացման հանգամանքներն ու գտնվելու հավանական վայրերը մնացել են չպարզված։

Ծնողներից մեկը, որը նախկինում ներգրավված էր թե «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»–ին կից աշխատանքային խմբում, 20 օր հացադուլի մեջ էր, նա երեկ դադարեցրել է հացադուլը՝ պայմանով, որ այսուհետ ծնողները կլինեն միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական կազմում։

Անհետ կորածների հարազատների պահանջն այս պահին անհետ կորածների և նրանց հարազատների իրավական խնդիրների լուծումն է։ Հայաստանում, սակայն, չկա «Անհետ կորածի մասին» օրենք, որը կսահմաներ հարազատների բոլոր իրավունքները, պարտականությունները։ Դրա փոխարեն գործում են մի քանի ենթաօրենսդրական ակտեր, որոնք լիարժեք չեն լուծում խնդիրը։

«Անհետ կորածի մասին» օրենքը քննարկվում, մշակվում է դեռ 2000-ականերից, սակայն մինչ օրս այն չի ընդունվել՝ ասում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը․

«Հայեցակարգը մշակվել է, այն գտնվում է քննարկման փուլում, այն լրամշակվում է, որից հետո ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով  պետք է ներկայացվի ԱԺ, և այստեղ կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժն ունի հստակ պատասխանատվություն, ընդ որում՝ այս նախաձեռնությունը կարող է իրացվել թե՛ կառավարության, թե՛ ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից։ Բայց այս փուլում դեռ օրենքի հայեցակարգի աշխատանքների ավարտը ազդարարված չէ»։ 

Սահակյանը կարծում է, որ պետությունը պետք է ավելի արագ արձագանքեր խնդրին, բայց նաև նշում է՝ հարազատների՝ ճշմարտությանը հասնելը կախված է ոչ միայն ներպետական կարգավորումներից, այլև հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում փաստերի արդար քննությունից։ Արձագանքելով անհետ կորածների իրավահաջորդների՝ քրեական գործերում ներգրավվածությանը, իրավապաշտպանը նշում է՝ այս դեպքում նրանք տուժողներ են, ըստ միջազգային փորձի՝ տուժողի ներգրավումը քրեական գործին պարտադիր նախապայման է․

«Առհասարակ միջազգային չափանիշներով քննության արդյունավետության մասին վկայող գործոններից մեկը տուժողի ներգրավվածությունն է։ Եթե պետությունները իրականացնում են քննություն, սակայն չեն ապահովում տուժողների ներգրավվածությունը քր գործերին, ապա, որպես կանոն արդյունավետ չեն և արդյունք էլ չեն տալիս։ Եվ էստեղ ի սկզբանե այս անձինք ներգրավված չեն եղել, որպես տուժողներ կամ տուժողների իրավահաջորդներ։ Այս խնդիրը կարծում եմ ընդհանրական է և առնչվում է ոչ միայն անհետ կորածներին, այլև գերիներին, կամ սպանվածներին, որոնց հանգամանքների առնչությամբ ևս քր գործեր նախաձեռնվել և իրականցվել են»։

Քննչական մարմինները հաճախ չեն տրամադրում քննվող գործերի մանրամասները, հիմնավորելով, որ այդ տեղեկությունները կարող են պարունակել ռազմական կամ պետական գաղտնիք։ Իրավապաշտպանը մանրամասնում է՝ քրեադատավարական ոլորտում միշտ կա մասնավոր և հանրային շահերի մրցակցություն, սակայն օրենքն այս դեպքում տուժողի կողմից է․

«Պետք է հավասարակշռություն ապահովվի այդ մրցակցող շահերի միջև, օրենքը շատ հստակ է նախատեսում այն դեպքերը, երբ նախաքննական գաղտնիության , պետական գաղտնիք կամ այլ տեղեկությունների պաշտպանության նկատառումներից ելնելով, տեղեկատվության հասանելիությունը կարող է սահմանափակվել, բայց նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի կարող սահամնափակվել քրեական դատավարության մասնակիցների հետ հարաբերություններում և որպես կանոն նրանք նաև ստորագրում են հատուկ հայտարարություն, որով տեղեկանում են այդ տվյալների ոչ օրինական հրապարակման պարագայում քրեական պատասխանատվության վերաբերյալ»։

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ընդգրկված է եղել Գերիների և անհետ կորածների հարցերով միջպետական հանձնաժողովում, ասում է, որ «Անհետ կորածի մասին» օրենքը բացի սոցիալական, իրավական խնդիրներ լուծելուց, նաև ուղենիշ կդառնա ծնողների համար, նրանք ստիպված չեն լինի անցնել բոլոր գերատեսչություններով, որ ստանան իրենց հարցերի պատասխանները։ 

«Եթե մենք ունենք անհետ կորածների ընտանիքներ, և եթե պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն այդպիսի ընտանիքների, դա նշանակում է՝ պետք է լինի հատուկ օրենք։ Այդպես ասած՝ օրենքի փոխարինում այս ցրված նորմերով, դա բացարձակապես, իրավաբանական ոչ գրագետ մոտեցում է։ Փաստորեն ստացվում է, որ դա քմահաճույք է, եթե պետությունը կազմակերպված ինստիտուցիոնալ ձևով վերցնում է իր վրա, նշանակաում է մեր այդ տուժած խավը, անհետ կորածների ընտանիքները պետք է ունենան մեկ օրենք, որտեղից իրենք պետք է ստանան բոլոր տեղեկությունները նրա մասին, թե ինչ պետք է անի կառավարությունը, ինչ իրավունք ու պարտավորություններ ունի»,-ասում է Լարիսա Ալավերդյանը։

«Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծ է մշակել նաև Հելսինյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Դրանով նախատեսվում է՝ անհետ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհետ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Այս նախագիծը հավանության է արժանացել միայն ԱԳՆ-ի կողմից։ Մյուս գերատեսչությունները տարբեր պատճառաբանություններով նպատակահարմար չեն գտել դրան համաձայնություն տալը։

Back to top button