ԿարևորՔաղաքական

Առաջարկների փոխանակման 6-րդ շրջափուլ․ Երևանը սպասում է Բաքվի պատասխանին

Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակի շուրջ պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել՝ խորհրդարանում ասել է արտգործնախարարը՝ գործընթացի մասին այլ մանրամասներ չհայտնելով։  Վերջերս Բաքուն էր Երևանին մեղադրել իր առաջարկներին ուշ արձագանքելու համար։ Փորձագետները Խաղաղության պայմանագրի շուրջ հեռավար բանակցությունները կարևոր են համարում, բայց վճռորոշ, կարծում են, կլինեն ոչ հրապարակային քննարկումներն ու դրանց արդյունքները։

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին՝ տեղեկացնում է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա ԱԺ-ում հակիրճ է պատասխանել լրագրողների հարցերին։  

«Նշեցինք, որ փոխանցել ենք, երբ պատասխանը լինի կնշենք»։

Մինչ հայկական կողմից առաջարկների փոխանցումը ադրբեջանական կողմը հասցրել էր դժգոհել, թե Հայաստանն է ուշացումով  արձագանքել իր առաջարկներին։ Այդքան շտապող Բաքուն առայժմ մտածում է հայկական առաջարկների վերաբերյալ, իսկ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը առավել  կարևորում է ոչ թե հրապարակային հայտարարությունները, այլ փակ քննարկումները։

«Շատ բարդ է ասել, թե կուլիսային քննարկումներն ինչ փուլում են գտնվում։ Իհարկե, կարող ենք քաղաքական գնահատական տալ մեզ հայտնի տեղեկություններից ելնելով, բայց մենք բոլոր իրողություններին ծանոթ չենք։ Բոլորի համար էլ կարծում եմ, որ Բաքուն փորձելու է արագ լուծել խնդիրը, փակել Ղարաբաղի հակամարտության հարցը մեկընդմիշտ, այսինքն «խաղաղության պայմանագրում» Ադրբեջանը փորձելու է նաև նման կետ մտցնելով փակել ղարաբաղյան հարցի հետագա վերաբացման կամ վերաակտիվացման որևէ հնարավորություն»։

Հայկական կողմն առաջարկությունների 6-րդ փաթեթը Բաքվին փոխանցել էր երկու շաբաթ առաջ: Մինչ այդ վարչապետ Փաշինյանը հստակեցրել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են պայմանագրի երեք հիմնական սկզբունքները, այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29800 և 86600 քառակուսի կիլոմետր տարածքներով, սահմանազատումն իրականացվում է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակվում  են տվյալ երկրի իրավազորության ներքո:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ուշադրություն  հրավիրելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս  Օ’Բրայանի վերջին հայտարարության  վրա , թե Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա առևտրային ճանապարհը ուժով բացելու դեպքում ԱՄՆ-ն կգործադրի բոլոր հնարավոր գործիքները,  հարցադրում  է անում՝  ինչ է նշանակում «հնարավոր բոլոր գործիքներ»  ձևակերպումը և որքանով այն բավարար կլինի: Վերլուծաբանը կարծում է, որ ԱՄՆ-ն այդ իրավիճակում  գործ է ունենալու ավելի խոշոր ու հետևաբար ուժեղ խաղացողների հետ , իսկ Ադրբեջանն այդտեղ լինելու է ընդամենը միջոց կամ գործիք:

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն էլ կարծում է, որ Արևմուտքից հնչող հայտարարությունները փորձում են ցույց տալ  հակադրություն  Բաքվի քայլերին, սակայն Արցախի վերջին հայաթափումը այլ բանի մասին է վկայում։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում մեծացել է կախվածությունը Ադրբեջանից։ Գիտենք, նաև որ ռուս-ադրբեջանական համաձայնության արդյունքում Ադրբեջանն այսօր հանդիսանում է տրանզիտ երկիր և էներգակիրներ է մատակարարում Արևմուտք։ Այս առումով Արևմուտքը չի կարող հաշվի չնստել որոշ քմահաճույքների հետ»։

Այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ Հայաստանը  պետք է մեծացնի իր դիմադրողականությունը։ Ըստ զրուցակցիս՝ խոսքը տնտեսական, ռազմական պոտենցիալը բարձրացնելու մասին է։ Զինվորի մարտական ոգին, ըստ քաղաքագետի, բավարար չէ, տեխնոլոգիական ու տնտեսական հեղափոխություն է հարկավոր։

Back to top button