ԿարևորՀասարակություն

Խելամիտ հարմարեցումներ, մատչելի միջավայր․ հաշմանդամություն ունեցողների համար կգործի անձնական օգնականի ծառայությունը

Կառավարությունը փորձում է տարբեր ուղղություններով բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է անձնական օգնականի ծառայությունը։ Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձն ընտրության երկու հնարավորություն կունենա։ Նա կարող է ինքն առաջարկել, թե ում է տեսնում անձնական օգնականի կարգավիճակում, և այդ դեպքում նրանք պետության կողմից վերապատրաստում կանցնեն։  Երկրորդ տարբերակով, պետությունը կարող է առաջարկել արդեն վերապատրաստված աշխատակցի։ Երկու տարբերակով էլ ընտրված անձնական օգնականները վարձատրվելու են։ Նախնական գնահատմամբ՝ անձնական օգնականի ծառայության կարիք ունի հաշմանդամություն ունեցող 100 անձ։

Անձնական օգնականի ծառայությանը հաշմանդամություն ունեցող անձինք երկար են սպասել։ Սակայն ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Ըստ կառավարության որոշման՝ դրա շահառու կարող են դառնալ միայն ամենակարիքավորները։ Անձնական օգնականն, ընդհանրապես, պետք է հնարավորինս նպաստի հաշմանդամություն ունեցող անձի անկախ կենցաղավարմանը։

Տեսողական խնդիրներ ունեցող Սիփան Ասատրյանը անձնական օգնականից չի օգտվի․

«Շատ հաճախ պետք է լինում անձնական օգնական։ Եվ եթե կարծում են՝ ես կարող եմ վճարել դրա համար, հավատացեք՝ հնարավոր չէ։ Ամսվա մեջ միգուցե մի քանի անգամ ինձ պետք լինի։ Եվ հենց այն պահին, երբ ինձ պետք լինի, բնականաբար, ես չեմ կարողանա միանգամից մարդ գտնել, վճարել։ Հաշմանդամություն ունեցող անձն այնքան լրացուցիչ ծախսեր է ունենում։ Եթե, օրինակ , հաշմանդամություն չունեցող մարդը 1000 դրամով է տեղից տեղ տեղափոխվում, սայլակից օգտվող անձը իր համար մատչելի տաքսի ծառայությունից օգտվելու համար պետք է վճարի 10-15 հազար դրամ»։

Խելամիտ հարմարեցումների մասին կառավարության որոշումը ևս երկար սպասվածներից է։ Ըստ այդմ՝ աշխատող կամ սովորող անձն իրավունք ունի խելամիտ հարմարեցումներ պահանջել գործատուից կամ ուսումնական հաստատության տնօրենից ։ 

Բայց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը կարծում է, որ այդ պարտականությունը միայն գործատուի վրա թողնելն էլ ճիշտ չէ։

«Որոշ գործատուներ կարող են ուղղակի խուսափել հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունել։ Այդ առումով խելամիտ հարմարեցումները պետք է համատեղ արվեն՝ պետության և գործատուի կողմից։ Ողջունելի է, որ ծրագիրը կա, բայց նաև որոշակի շտկումներ են պետք»։

Արմեն Ալավերդյանը չի բացառում, որ զբաղվածության խնդիրների մի մասն էլ հենց այս ծախսերը կարող են դառնալ գործատուի համար։ Թեև այլ խոչընդոտներ էլ կան։

«Զբաղվածության խնդիրն այժմ դանդաղել է։ Պատճառները տարբեր են, դրանցից մեկն էլ գործատուների համար խթանիչ ծրագրերի կասեցումն է»։

Թե աշխատանք գտնելու ,թե մատչելի միջավայրի և թե խելամիտ հարմարեցումների ճանապարհին դեռևս ամենամեծ խոչընդոտը, սակայն, հասարակության վերաբերմունքն է, նկատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության hաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։

«Գնահատման գործոններից մեկն էլ վերաբերմունքի գնահատումն է։ Որքանով է այդ վերաբերմ ունքն ազդում աշխատանք գտնելու, սովորելու, հանրային կյանքին մասնակցելու վրա։ Այո, այդ խնդիրն ունենք։ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ համալիր ծրագրով նախատեսել ենք լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ տարբեր թիրախային լսարանների հետ»։ 

Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են արժանապատիվ կյանքով ապրելու բոլոր պայմանները: Նախարարության  ներկայացուցիչը վստահեցնում է, որ մատչելի միջավայրին ուղղված ծրագրերն անընդհատ ընթացքի մեջ են։ Դրան է՛լ ավելի կնպաստի օրենսդրական փոփոխությունը, ըստ որի Քաղաքաշինության կոմիտեն և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շենք շինությունների հարմարեցման ժամանակացույց կմշակեն, որով էլ առաջ կշարժվեն, ասում է Աննա Հակոբյանը, ընդգծելով՝ այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամ մարդուն, հարմար է բոլորին։

Back to top button