ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տիեզերքը կհնչի նաև հայերեն

Անունը՝«Հայասաթ-1» ազգանունը՝ հայրենական, ծննդավայրը՝ Հայաստան, գյուղ Զովունի, կշիռը՝ մեկ կգ, ուղղությունը՝ տիեզերք, պահը՝ պատմական։

«Հայասաթ-1» արբանյակը դեկտեմբերի 1-ին, ժամը 22։18-ին հաջողությամբ արձակվեց, րոպեներ անց արդեն անջատվեց հրթիռից ու դուրս եկավ ուղեծիր։ Հաջորդ քայլով արդեն այն պետք է բացի իր անտենաները և կապ հաստատի երկրի ու տիեզերքի միջև։

Մինչ այդ արբանյակի ստեղծողները՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնի թիմերը երկրի 3 կետերից՝ Երևանից, Զովունիի «Բազումք» լաբորատորիայից և Կալիֆոռնիայի Վալդենբերգի Տիեզերական ուժերի բազայից հետևում են արբանյակի տիեզերական ճանապարհին։ Այսօրվան երկար են սպասել՝ 2 տարի գծել, նախագծել, քննարկել ու ստեղծել են այն, ինչը պետք է տիեզերական արևի տակ Հայաստանի համար տեղ բացի։ «Բազումքի» համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանը թռիչքից րոպեներ անց ասում է՝ թեև արբանյակը փոքր է և ֆունկիցիոնալ մեծ խնդիրներ չի լուծելու, բայց ապահովելու է Հայաստանի ներկայությունը տիեզերքում․ ամեն ինչ հաջողելու դեպքում տիեզերքն այսուհետ նաև հայերեն կհնչի․

«Կան ազդանշաններ, որոնք պարբերաբար գալիս են, ինչպես փարոսի լույսը։ Դրանցից մեկը ձայնային ազդանշան է, և կա հնարավորություն, որ դու կարող ես կոնֆիգուրացնել, քո ուզած նոտաների հերթականությունը դնել։ Մենք այն նոտաների հաջորդականությունը դրեցինք, որը հնչեցնելու արդյունքում ստացվելու է Կոմիտասի «Կաքավիկը»»։

«Հայասաթ-1» արբանյակի ստեղծմանը 12 մասնագետ է մասնակցել։ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը մանրամասնում է ՝ սա առաջին փորձն էր ոչ միայն արբանյակ ստեղծելու, այլև բարդ տեխնոլոգիաների հետ աշխատելու, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու․

«Քանի որ սա առաջին փորձն էր, շատ հարցերում մենք անհայտների միջով էինք անցնելու, չգիտեինք, ոնց կլինի, որովհետև բացի նրանից, որ մենք էինք առաջին անգամ, պետությունն էլ էր առաջին անգամ այս գործընթացում՝ կոմպոնենտների ներմուծում, արբանյակի արտահանում, միջազգային կազմակերպություններից տարբեր թուլատրություններից հարցում։ Կային տեխնիկական դժվարություններ, որովհետև սա բարդ տեխնոլոգիա է, ծրագրավորումն է մեզ մոտ արվել»։

ԲՏԱ նախարաի տեղակալ Ավետ Պողոսյանը նշում է՝ 2020 թվականին «Տիեզերական գործունեության մասին» օրենքն ընդունելով, պետությունը նպատակ ուներ հարմար միջավայր ստեղծել տիեզերական գործունեության իրականացման համար ինչպես պետական ծրագրերի իրականացման, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական կամ կոմերցիոն կազմակերպությունհների համար։ Նախարարությունը սեպտեմբերին է տիեզերական գործունեության լիցենզիա տվել «Բազումք» լաբորատորիային։ Այժմ աշխատում են տիեզերական ռազմավարության վրա։

«Եթե կարճ ներկայացնենք, ապա այն տիեզերական անկախության, տիեզերական տեխնոլոգիաների ներգրավման, փորձի փոխանակման միջոցով մասնագետների պատրաստման մասին է ռազմավարությունը, և այդ առումով կարող եմ ասել, որ շատ մեծ, նոր դաշտ է բացվում մասնագետների համար։ Խոսքը ոչ միայն տիեզերական տեխնոլոգիանների մասնագետների մասին է, այլև էնպիսի տարօրինակ մասնագիտությունների մասին, ինչպիսին օրինակ տիեզերական իրավունքն է»։

Հայաստանի տիեզերական ճանապարհը սկսված է, սպասելիքներն ու նոր նվաճումների հեռանկարը՝ չափազանց մոտ՝ փաստում են մասնագետները։

Back to top button