ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Յուրաքանչյուրս այս պետությանը մեկ տղա է պարտք․ Գարիկ Մխիթարյան․ «Կյանքին ասել այո՛»

Գարիկ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին Թալին քաղաքում։ 2006 թվականին ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, իսկ 2010-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Նույն թվականին նշանակվել է Գորիսի զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար։ Ավելի ուշ  նույն զորամասի հետախուզական վաշտի հրամանատարն էր։

Իր վաշտով էլ  Ջրականում մասնակցել  է 2016-ի քառօրյա պատերազմին։ 2018-ից գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցրել  Քարվաճառի զորամասում, այս պաշտոնում էլ մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ կռվելով հիմնականում  Օմարի լեռնանցքի հատվածում։  2020-ի սեպտեմբերի 30-ին ականանետի հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել։ Տասնհինգ օր կոմայի մեջ է եղել, երկու անգամ վիրահատվել, իսկ վերականգնողական բուժումը մայոր Մխիթարյանն այսօր  շարունակում է Զինվորի տանը։ 

Ծառայության համար պարգևատրվել է Ծովակալ Իսակովի և Արիության մեդալներով, սակայն Գագիկ Մխիթարյանի  ծառայության լավագույն գնահատակը,  թերևս, հենց իր զինվորների սերն ու նվիրումն էր։ Վիրավոր հրամանատարին նրա զինվորները դուրս են բերել Օմարի լեռնանցքի մի հատվածից, որը չուներ ճանապարհ։ Բարձունքից մալուխով են մի կերպ իջեցրել։ Պատերազմից հետո պաշտպանության գործից շատ չի հեռացել,  աշխատում է  Թալինի համայնքապետարանում որպես քաղպաշտպանության մասնագետ, համագործակցում է ՈՄԱ ՀԿ-ի հետ։

Ամուսնացած է,  ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա, բայց երկրորդ տղան է ուզում ունենալ, որին մեծացնելու է որպես զինվորական։ Բացի այդ կիսում է ընկերոջ՝ մի առիթով հնչեցրած միտքը՝ յուրաքանչյուրս այս պետությանը մեկ տղա է պարտք։

Back to top button