ԿարևորՀասարակություն

Ինչու նախակրթարանները չեն շտապում դիմել լիցենզավորման համար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ նախադպրոցական բոլոր ծառայությունները ենթակա են պարտադիր լիցենզավորման: Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կհամարվի անօրինական և կդադարեցվի: ԿԳՄՍ նախարարության տվյալները փաստում են, որ լիցենզավորման համար դիմելիության ակտիվությունը փոքր է: Մինչ օրս նախարարությունը ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն: Ինչու նախակրթարանները չեն շտապում դիմել լիցենզիա ստանալու համար։

Նախադպրոցական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները մինչև տարեվերջ պետք է լիցենզավորվեն։ Օրենքի պահանջն է։ Հայաստանում գործող ավելի քան 300 կազմակերպություններ, մասնավորապես, զարգացման կենտրոններ, ԿԳՄՍ նախարարության վերահսկողությունից դուրս են, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ և զարգացմամբ` հաճախ անտեսելով տարիքային տվյալ խմբի զարգացման առանձնահատկությունները: Նախադպրոցական  հաստատությունները, իհարկե,  տեղեկացված են օրենքի պահանջի մասին, միայն թե չեն շտապում  դիմել լիցենզավորման համար։ Չեն դիմել, քանի որ վստահ են՝ մերժվելու են։ Պատճառներն, ըստ Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանի, բազմաթիվ են՝ նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության սահմանումների տարբերությունից մինչև սանիտարահիգիենիկ, շինության հասարակական նշանակության նորմեր, որոնք տարբեր կառույցներում տարբեր սահմանումներ ունեն։

«Լիցենզավորվելուց որ գերատեսչության նորմերն են հաշվի առնելու, քաղշինի՞, թե առողջապահակա՞ն։  Քանի դեռ առողջապահության նորմերը չէին փոփոխվել, դրանք միմյանց հակասում էին ։ Շատ ուրախ ենք, որ բանավոր մեզ ասացին, որ առաջնորդվելու են քաղշինով, որովհետև շատ ավելի խելամիտ և ընդունելի նորմեր են։ Բայց երբ բոլոր օրենքները կարգավորված չեն մինչև լիցենզավորումը, դա կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում»։  

Երբ օրենքում հակասություններ կան, մի գերատեսչության համար մանկապարտեզը նորմերին համապատասխանում է, մյուսի համար՝ ոչ, նկատեց Նելլի Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հիմնականում խնդիրներ են առաջանում առողջապահական նորմերի առնչությամբ։

«Ոչ մի նորմի մեջ չկա նշված գույքի գույնի մասին, բայց շատ հաճախ առողջապահական տեսչությունը ստուգումներ կատարելուց խնդիրներ էր առաջացնում սեղանի և աթոռի հետ կապված։ Երբ չկա հստակ տարանջատում, և բոլոր 3 գերատեսչությունների կողմից միակողմանի կարծիք, սկսած խաղալիքներից , երբ մի նորմով փափուկ խաղալիքն ընդունելի է, մյուսով ոչ, տուժում է հաստատությունը, որտեղ 3 տարբեր գերատեսչություններից գալիս, ստուգում են»։

Լիցենզավորումը սկսելուց առաջ բոլոր իրավակարգավորումներն արվել են՝ նկատեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Բոլոր մանկապարտեզները նախապես իմացել են, որ պետք է հասարակական նշանակության շենքերում գործունեություն ծավալեն, որպեսզի կարողանան լիցենզավորվել որպես մանկապարտեզ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նաև այն, որ բազմաթիվ մանկապարտեզների շենքային պայմաններն անվտանգային կանոններով բավական մոտ են անհրաժեշտ նորմերին, բայց շենքերի նշանակության փոփոխությունը ֆինանսական բեռ է, նախարարությունը որոշման նախագիծ է շրջանառել, որով առաջարկում է մինչև 2026 թվականը հետաձգել այս պահանջի գործարկումը։

«Որպես անձ ես մնում եմ կարծիքին, որ ճիշտը հասարակական նշանակության պահանջի պահպանումն է։ Պարզապես ընդառաջելով այս իրավիճակին, որպեսզի ավելորդ լարվածություն, խոչընդոտներ չունենանք, մենք փոփոխություններ անում ենք։ Դեռ չի հաստատվել որոշումը,  բայց արդեն շահագրգիռ գերատեսչություններից կարծիքներ ստացել ենք։ Մի փոքր բարդ է առաջ գնում, որովեհտև համաձայնությունը դժվար է ստանալ։ Ի վերջո՝ խոսքը երեխաների անվտանգության մասին է»։

Ահազանգեր կան նաև մասնագետների որակավորման պահանջի վերաբերյալ։  Օրենքում հստակ նշված է՝միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժի  որակավորում ունեցող մասնագետները կարող են աշխատել նախադպրոցական հաստատություններում։

«Այս հարցը շատ արագ չենք կարող լուծել, որովհետև ցենզը չենք ուզում իջեցնել։ Մենք գործ ունենք երեխաների կրթության հետ, և որքան ցենզը իջեցնենք, այնքան կրթության արդյունավետության և որակի ռիսկերը փոխվելու են։ Բայց նախաձեռնել ենք նախադպրոցական կրթության մասին օրենքի փոփոխություն, քննարկում ենք քանի կրեդիտի և որ մասնագիտությունների որակավորման առկայության դեպքում հնարավոր կլինի։ Առաջիկայում այս հարցն էլ կլուծենք»։

ԿԳՄՍ նախարարությունն անում է առավելագույնը լիցենզավորման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար, որպեսի այս կազմակերպությունները չդադարեն գործել և լրացուցիչ խնդիրներ չառաջանան այն երեխաների համար, որոնք արդեն հաճախում են  տվյալ  հաստատություններ։ Բայց լիցենզավորման համար անհրաժեշտ են նաև այս հաստատությունների գործուն քայլերն ու շահագրռվածությունը՝ նկատեց փոխնախարարը։ Մինչ օրս նախարարությունը ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն:

Back to top button