ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտի «Tumanyan’s ART» -ը նոր հասցե ունի

 Անի Մանգասարյան
«Ռադիոլուր»

Ստեփանակերտի «Tumanyan’s ART» գինետունը գործունեությունը կշարունակի Երևանում: Դեկտեմբերի 2-ին, Տերյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող նոր տանիքի տակ, հիմնադիր Քրիստին Բալայանը փորձելու է պահպանել արցախյան համն ու հոտը, հին ու բարի ավանդույթները: Անմասն չեն մնալու նաև հատուկ կարիք ունեցող երեխաները, որոնց օգնելու համար Քրիստինը դեռ Ստեփանակերտում ստեղծել էր «ՄիլաԳրի» հիմնադրամը և «Tumanyan’s ART»-ի ամբողջ հասույթն ուղղում էր այդ երեխաներին աջակցելուն:

 Ստեփանակերտի հին թաղամասերից մեկում, Թումանյան փողոցի վրա էր գտնվում «Tumanyan’s ART» գինետունը, որտեղ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ և՛ մեծերի, և՛ փոքրերի համար: Այն Արցախի մայրաքաղաքում հայտնի ժամանցի ու հանգստի վայր էր, և առանձնանում էր յուրահատուկ կոլորիտով: Յուրաքանչյուրն այստեղ իրեն տանն էր զգում:

«Tumanyan’s ART»-ն արդեն նոր հասցե ունի. ծանոթացնում է հիմնադիր Քրիստին Բալայանը:

«Մոսկովյան-Տերյան խաչմերուկն է, բայց անունը մնում է «Tumanyan’s ART»: Մեզ համար ART -ը Արցախն է, փակագծերը չեմ բացում, ով ճանաչում է մեզ՝ կհասկանա: Անունը, որպես բրենդ, Ստեփանակերտից եկել է այստեղ։ Սկզբից տարածքը փնտրում էինք Թումանյան փողոցի վրա, բայց չստացվեց, որովհետև ավելի շատ ներդրում պետք է անեինք»:

Այս օրերին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. փորձում են ինչ-որ չափով վերականգնել գինետան նախկին տեսքը և ամբողջացնել ճաշացանկը: Օրինակ, «թումանյան՛սցիների» դեղին տնակը պետք է վերականգնել, կահավորել արցախյան յուրահատուկ անկյունը, որտեղ մարդիկ լուսանկարվում էին:

«Մի քիչ ձևաչափն է փոփոխվելու բացօթյայից բացի լինելու է նաև ռեստորան: Մենյուի մեջ առանձին տողով լինելու է արցախյանը խաշիլը, կուրկուտը․․․: ճիշտ է, նույն համն ո ւ հոտը չենք կարողանալու ապահովել, բայց փորձելու ենք, որ մարդիկ այստեղ գալով զգան այդ ջերմությունը»:

«Tumanyan’s ART»-ը բացվելու է դեկտեմբերի 2-ին: Ժամանակը սուղ է, պետք է հասցնել՝ ասում է Քրիստինն ու ներկայացնում ծրագրերը: Նախատեսվում է նկարների ցուցահանդես ու գրքերի գինեձոն կազմակերպել: Բացման օրը  ձեռագործությամբ զբաղվող արցախցիները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց գործերը: Կլինի կենդանի երաժշտություն՝ արցախցի երաժիշտների կատարմամբ: Իսկ Քրիստինը հյուրերին կդիմավորի ժենգյալավ հացով ու սպասով:

«ժամը 11-ից 16-ն է լինելու հյուրասիրությունը։ Մարդիկ կգան, իրար կտեսնան, գուցե այս ընթացքում չեն հասցրել հանդիպել։ Ես, օրինակ, այս օրերին մտերիմներիս հանդիպել եմ միայն հոգեհանգստյան արարողությունների ժամանակ ու անընդհատ լաց-լաց․․․ Այդ օրն ուզում եմ մի քիչ ցրվեն մարդիկ։ Պետք է աշխատենք, որ չխելագարվենք․․․»:

Քրիստինն աշխատանքով կապահովի այն արցախցիներին, որոնք կդիմեն համագործակցության առաջարկով: «Tumanyan’s ART» կշարունակի նաև իր առաքելությունը՝ ընդգրկելով հատուկ կարիք ունեցող երեխաներին: Ինչպես նշում է Քրիստին Բալայանը՝ այս նախագիծը շարունակությունն է 2016թ-ին իր հիմնադրած «ՄիլաԳրի» հիմնադրամի: 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված «Tumanyan’s ART»-ի ամբողջ հասույթն ուղղվում էր այդ երեխաներին աջակցելուն:

«Մինչև այսօր կապի մեջ ենք այդ երեխաների հետ, օգնում ենք՝ ինչով կարողանում ենք։ «Tumanyan’s ART» այժմ գրանցել ենք ՍՊԸ-ով, այսինքն՝ լինելու է սոցիալական ձեռնարակատիրություն, եկամտի 20 տոկոսն ուղղվելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Մասնագետների միջամտությամբ մեր միջոցառումները շարունակվելու են։ Անգամ շրջափակման օրերին մենք գործում էինք անվճար։ Այստեղ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կլինի անվճար»։

Ստեփանակերտի «Tumanyan’s ART»-ի դռները չեն փակվել շրջափակման օրերին: Քրիստինը եղած-չեղածով, այգու բարիքներով միշտ մի համեղ պատառ է  պատրաստել և իր տաքուկ տանիքի տակ հավաքել ծանոթ-մտերիմներին: Պատերազմի օրերին տաք կերակուր էր պատրաստում և ցուցափեղկին գրում․«Սնունդն անվճար է, համեցե՛ք»: Վերջին օրերին իրենք էին սնունդ հասցնում մարդկանց:

Իսկ մտերիմները հրաժեշտից առաջ տան վերջին բրինձն ու ձավարն էին բերում Թումանյանսին:

«Սեպտեմբերի 29-ին ենք դուրս եկել, արևի վերջին շողերն էին, բայց ժամացույցին չեմ նայել։ Արդեն հստակ գիտեինք, որ ավտոբուսները գալիս են մարդկանց տեղափոխելու և մենք դուրս եկանք։ Ճանապարհին մենք տեսել ենք ավտոբուսները։ Քաղաքում արդեն զինված թշնամիներն էին, իսկ մերոնք, նույնիսկ, առանց դանակի։ Վերջին օրը ռուսները մեքենաներով ալյուր, շաքարավազ, մսի պահածոներ են բերել ու մարդկանց բաժանենք, որն արդեն պետք չէր․․․ մարդիկ 9 ամիս սոված էին …»

Հեռանալիս Քրիստինը չի փակել Թումանյանսի դուռը: Չի փակել, որովհետև գիտեր՝ շրջափակման մեջ դեռ մարդիկ կան, քաղցած կլինեն: Ափսեներն ու պատառաքաղները խնամքով շարել է, դասավորել հացի վերջին կտորները:

«Ամեն ինչ իրար կողք դրած էր։ Այգում ինչ միրգ կար՝ հավաքեցի ու դրեցի սեղանին։ Նայեցի վերջին անգամ ու դուրս եկա՝ արևի վերջին շողերին ։ Չեմ ընդունում այս ամենը ինչ կատարվել է։ Թվում է՝ երազ է և շուտով պետք է գնանք տուն։ Եվ, կարծում եմ՝ դա լինելու է, գուցե ժամանակ էպետք։ Մարդուն մեկ տուն է լինում և մերը՝ Ղարաբաղն է, Արցախը։ Գնալու ենք»:

Քրիստին Բալայանի ընտանիքը Ստեփանակերտից դուրս է եկել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին: Նա պատմում է, որ այդ օրը մայրաքաղաք Ստեփանակերտն ընդամենը երկու գույն ուներ. ավտոբուսների դեղինն ու մանուշակագույնը: Իսկ արևն, ասես, խռովել ու հավաքել էր իր շողերը: Ցուրտ էր:

Back to top button