ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պատմական ու տիեզերական․ հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք կարձակվի

Մասնագետներն արդեն այս թռիչքը պատմական են անվանել։ Այսօր՝ Երևանի ժամանակով 22։18-ին, հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով ԱՄՆ-ից  կարձակվի տիեզերք։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի մասնագետներ։  

Լաբորատորիայի համահիմնադիր և հետազոտող, «Հայասաթ-1» թիմի համակարգերի ինժեներ Վաչիկ Խաչատրյանն է մանրամասնում․

«Սա, եթե համեմատենք, Հայաստանի համար նույնն է, երբ Խորհրդային Միությունն իր առաջին արբանյակը՝ «Սպուտնիկն» ուղարկեց տիեզերք: Այստեղ է հավաքվում, փորձարկվում, ծրագրավորվել, այսինքն` տեխնիկական բոլոր խնդիրներին Հայաստանի մասնագետներն են բախվել, չնայած կոմպոնենտները/բաղադրիչները գնվել են, բայց դրանց հետ կապված տեխնիկական խնդիրները բազմաթիվ էին։ Այսինքն՝ գործընթացը բավական բարդ է եղել, և դրա վրա ամբողջ թիմը շատ մեծ հենք է ձեռք բերել, որը կարող է օգտագործել հետագա նախագծերի մեջ»:

Արբանյակը կշռում է 1 կգ, ունի GPS ընդունիչ՝ ուղեծրի պարամետերը որոշելու համար,  նաև արևի ճառագայթման և մագնիսական դաշտերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու հնարավորություն։

Արբանյակը 90 րոպեն մեկ Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու։ Ամեն անգամ Հայաստանի երկնքով անցնելիս արբանյակը «Բազումքի» վերգետնյա կայանից համապատասխան հրահանգ կստանա, տվյալների ողջ փաթեթը կհաղորդվի Երկիր ու կընդունվի  «Բազումքի» կողմից: Երկկողմանի կապը կապահովի սարքի կառավարումը: Ըստ նախատեսվածի` արբանյակն ուղեծրում  կգտնվի 550 կմ բարձրության վրա՝ նոսր մթնոլորտային շերտում, հասարակածի հետ ուղեծրի հարթության թեքությունը կկազմի 97.6 աստիճան: Սա Երկրային ցածր ուղեծիրն է (Low Earth orbit), որտեղ ուղարկվում են կարճատև գործունեություն իրականացնող արբանյակները: 

Չնայած  արբանյակը փոքր է և մեծ խնդիրներ չի լուծելու, սա պատմական իրադարձություն  է․  Հայաստանում դեռ արբանյակ չէր նախագծվել ու թեստավորվել՝ ասում է «Հայասաթ-1» թիմի գլխավոր գիտնական Ավետիք Գրիգորյան․

«Մեր արբանյակը, որը պատրաստվում ենք արձակել, ընդամենը 1 միավոր է՝ հիմնականում ստանդարտ հնարավորություններով, միակ ոչ ստանդարտ բանը երկրորդային օգտակար բեռն է, որը հայրենական չափիչ սարք է և պետք է կարողանա արբանյակի կողմնորոշման փոփոխությունները գրանցել ու հաղորդել մեզ, որ տեսնենք՝ ինչ ճշգրտությամբ է աշխատում, ինչպես է դիմանում տիեզերական ծանր պայմաններին։ Եթե տիեզերքում փորձարկվի և կարողանա աշխատել, ապա կարող է կոմերցիոն հնարավություններ բացել մեր առաջ։ Այդ առումով էապես տարբեր արբանյակի մասին է խոսքը, բայց շատ ավելի թույլ, փոքր, պարզ և էժան։ Մյուս կողմից՝ դա պոտեցիալ է, հեռանկար, ինքուրույն զարգացնելու, ինքնուրույն մտնելու տիեզերական ոլորտ և մեր արժանի և արժեքավոր տեղը զբաղեցնելու տիեզերական շուկայում»։ 

Արբանյակի հեռարձակումից առաջ՝ ժամը 21 –ին, գիտնականներն ու արբանյակի ստեղծման աշխատանքներին մասնակցած մասնագետները կպատմեն «Հայասաթ-1»-ի  մասին։ Թռիչքին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Back to top button