Վերնատուն

«Շուքին մեջ մնացած մարդը»․ Վահան Թեքեյանը՝ հրապարակագիր. «Վերնատուն»

Լույս է տեսել «Վահան Թէքէեան․ Յօդուածների ժողովածու» եռահատոր գրքի երկրորդ հատորը: Ընթերցողների շրջանում հայտնի և սիրված քնարերգուն առաջին անգամ ներկայանում է որպես հրապարակագիր։

Վահան Թեքեյանի հոդվածների հատորներ կազմող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանն ասում է, որ Թեքեյանը հրապարակախոսական հսկայական ժառանգություն է թողել․ «Հանքի պես մի բան բացվեց իմ առաջ, որքան պեղեցի, այնքան շռայլորեն բացվեց։ Ես տեսնում էի իրականությունը սթափ գնահատող մեկին, Թեքեյանը ամեն բան տեսնում էր, ոչ մի դեպք ու ոչ մի իրադարձություն նրա աչքից չէր վրիպում, ես սիրում եմ Թեքեյանին անվանել «հազարաչքանի», ես նաև նրան անվանում եմ «օրագրող հրապարակագիր»։ Թեքեյանը հանճարեղ հրապարակագիր էր»։

Վահան Թեքեյանի երկերի եռահատոր ժողովածուի առաջին և երկրորդ հատորներում ընդգրկված են 1901–1910 և 1911–1920 թվականներին գրված մամուլի էջերում և արխիվներում սփռված հրապարակախոսությունները, որոնք հավաքվել և կազմվել են ժամանակագրորեն։ Դրանք անդրադառնում են կյանքի և իր ժամանակի գրեթե բոլոր ոլորտներին՝ մշակութային, պատմական, քաղաքական, տնտեսական, որբահավաքությանն ու գաղթականությանը վերաբերող և այլն։

Վարդուհի Դավթյանն ասում է, որ ժամանակը Թեքեյանի օգտնի չի աշխատել, նա երկար ժամանակ մնացել է «անճանաչ»։ «Շուքին մեջ մնացած մարդն է Թէքէեանը, երկար ատեն անտեսված այն ժողովուրդեն, որուն մեծագոյն երախտավորներեն մեկն է ինքը»․ այսպես է բնորոշել նրան լիբանանահայ բանաստեղծ Վահե Վահյանը։

Վարդուհի Դավթյանը նշում է, որ բոլոր տագնապներն ու մտահոգությունները, որ ժամանակին ունեցել է Թեքեյանը, այսօր կրկնվում են։ Նշում է, որ նրան անհանգստացրել է ազգային համերաշխության ու եղբայրության պակասը, այն, որ այլ ազգերի հետ ավելի հեշտ ենք մտերմանում, բայց ինքներս մեզ չենք սիրում։

Անդրադարձել է ոչ միայն հոգևոր, այլ ֆիզիկական ուժի կարևորությանը։ Վարդուհի Դավթյանն ասում է, որ իր բոլոր ձեռնակները հաջողվում էին, քանի որ բոլոր ոլորտներում անվիճելի հեղինակություն էր, ցանկացած միջավայրում կարողանում էր իրականացնել ծրագրեր, որոնք շատերի ուժերից վեր էին։

Back to top button