ԿարևորՄշակույթ

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը դեկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպի հոբելյանին նվիրված համերգային երեկո։

65 տարիների լավագույն բեմադրությունները դեկտեմբերի 28-ին կներկայացվեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին․ կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։ 65 տարիների լավագույն բեմադրությունների կողքին կլինեն նաև նոր համարներ։

Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ․ սպասվում է հիրավի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։

Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր՝ թե՛ ժանրային իմաստով, թե՛ նաև տարբեր տարիների անսամբլի անդամ եղած արտիստների մասով։

Համերգային այս տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է։ Երաժշտական մասի ղեկավար՝ Հայկ Գրիգորյան։ Բալետմայստեր՝  Աննա Քալաշյան։ Գլխավոր բալետմայստեր ՝  Ասատուր Քալաշյան։

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 28 միլիոն դրամ է հատկացրել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով: Այդ հագուստներն առաջին անգամ կցուցադրվեն հենց հոբելյանական երեկոյի ընթացքում։

Back to top button