ԿարևորՔաղաքական

Սահմանային հարցերի քննարկումը՝ սահմանին․ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել հանդիպումները

Այսօր կայացել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ․ տեղեկությունը հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ Հանդիպումը տեղի է ունեցել Իջևանի ու Ղազախի հատվածում: Բանակցություններին մասնակցել են ոչ միայն երկու երկրների փոխվարչապետերը, այլև հանձնաժողովների մյուս անդամները:

Ավելի վաղ,  ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի առաջարկի՝ հայ-ադրբեջանական սահմանին առանց միջնորդների հանդիպում անցկացնելու և խաղաղության պայմանագրի ուհարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մասին, ՀՀ ԱԳՆ-ն իր առաջարկն էր արել՝  այդ ձևաչափով սահմանին քննարկել սահմանազատման հարցերը։

Այսօրվա հանդիպումը հանձնաժողովների 5-րդ հանդիպումն է, երրորդը, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագծին և առաջինը, որն անցնում է առանց միջնորդների։

Հայաստանի և Ադրբեջանի ն միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վերջին հանդիպումը հուլիսի 12-ին էր՝ կրկին Իջևանի և Ղազախի հատվածում։ Հհանձնաժողովների նախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անգամ  հանդիպել էին 2022-ի մայիսին՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին։ Մեկական հանդիպումներ էլ անցկացվել են Մոսկվայում ու Բրյուսելում։ Դրանց մասին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրություններում նշվել էր, որ շարունակվել է սահմանազատման հարցերի քննարկումը, կազմակերպչական ու ընթացակարգային հարցեր են քննարկվել։  

Այսօրվա հնդիպումը հանձնաժողովների 5-րդ հանդիպումն էր, երրորդը, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագծին և առաջինը, որ անցնում է առանց միջնորդների։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ է անցել հանդիպումը:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի՝  հանդիպման արդյունքների մասին հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։  

Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: ԱԳՆ տարածած հաղորդագրությունում կարդում ենք.

«Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Որոշ փորձագետների գնահատմամբ՝ տետ ա տետ  խոսելու ձևավորվող պրակտիկան կարող է կտրուկ շրջադարձ բերել հայ-ադրբեջանական բանակցություններում, ուստի պետք է շատ զգոն լինել։ Առավել ևս, երբ պարբերաբար Ադրբեջանը մի կողմից զինվում ու կոշտացնում է իր հռետորաբանությունը, բայց մյուս կողմից՝ խոսում խաղաղության մասին։ Ռազմական փորձագետները ֆիքսել են, թե ինչպես է զինվում Ադրբեջանը։ Վահագն Սարոյան. 

«Այնպիսի տպավորություն է, որ պատրաստվում է է՛լ ավելի մեծ գործողությունների։ Ադրբեջանը զինվում է հարձակողական-պաշտպանողական զենքերով։ Ավելի շատ հարձակողական, քան պաշտպանողական, ուստի, նման պարագայում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի, այսպես ասած, խաղաղասիրական տրամադրվածությունը այնքան էլ իրականությանը մոտիկ չէ»։     

Դա հայ փորձագետներին հուշում է, որ Ադրբեջանի ուզածն իրականում ոչ սահմանանշումն ու սահմանազատումն է, ո՛չ էլ խաղաղությունը։ Քաղաքագետ Հայկ Քոչարյանի ձևակերպմամբ՝ աշխարհակարգի այսօրվա խառը պայմաններում նրանք պարզապես մանևրում են. 

«Իրենք ձևացնում են բանակցություններ։ Իրենք չեն ուզում սահմանների սահմանազատում և սահմանագծում, որովհետև այդ դեպքում իրենք գոնե միառժամանակ, ասենք՝ 5-10 տարի, թաթները քաշելու են Հայաստանի սահմանի վրայից, բայց իրենք դա չեն ուզում։ Դրա համար իրեն այս պահին կձևացնեն բանակցություններ։ Ոչինչ՝ թող ձևացնեն։ Այնպես չէ, որ դա մեզ շատ ձեռնտու չէ։ Սա մեզ համար ժամանակ է, առաջին հերթին՝ բանակը կարգի բերելու, Հայաստանի դեմոկրատական ինստիտուտները կարգի բերելու, արտաքին աշխարհին ներկայանալու իբրև իսկական դեմոկրատական պետություն, և արտաքին աշխարհի դիվերսիֆիկացիայի միջոցով Հայաստանի պոտենցիալը բարձրացնելու։ Այդ ժամանակ դուք կտեսնեք ձեր առջև կանգնած մեղմ, շատ բարեկիրթ և «ատամները քաշած» Ադրբեջան»։

Ի տարբերություն հայաստանցի փորձագետների՝ ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն։ Այդ մասին ավելի վաղ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։   

 «Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ»։ 

Հարցազրույցում ԵՄ դեսպանը նաև վստահեցրել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում այդ գործընթացում։ Դեսպանը նաև հայտնել է, թե Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու  հետագա համագործակցության ոլորտները:  

Back to top button