ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բաքուն հայ գերիներին պահում է քաղաքական նպատակներով

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, այդ թվում 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքն Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատված տվյալների մասին է։ Առնվազն 80 հոգու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Տվյալներն այսօր հրապարակել է միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա  խոսել է նաև Բաքվում ընթացող շինծու և ցուցադրական դատավարությունների մասին։ Իրավապաշտպանը կարծում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները կսկսվեն առնվազն 6 ամսից։

Այս  պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ․ 6-ը  քաղաքացիական անձինք են, 41–ը՝ ռազմագերիներ, 8-ը նախկին բարձրաստիճան քաղաքական ու զինվորական գործիչներ, որոնք համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ։ Սրանք Բաքվի կողմից պաշտոնապես հաստատված տվյալներն են, ևս 80 հայերի վերաբերյալ տեղեկություններ չկան։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Ադրբեջանն առանց քաղաքական դրդապատճառների որևէ քայլ չի ձեռնարկում, Հայաստանն այս հարցում բավարար նախաձեռնողական չէ։

«Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին ու ընդունեց այն խաղի  կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում հանգուցալուծված հարցերի հետ։ Օրինակ՝ կարող է լինել ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում, բնակչության  ազատում որոշակի տարածքներից»։

Այս ընթացքում գերիները չեն կարողացել հանդիպում ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ: Հանդիպումներ եղել են միայն «Կարմիր խաչի» ներկայացուցիչների հետ,  հաճախ՝ ուշացած: Իսկ եթե «Կարմիր խաչը» խոշտանգման դեպքեր փաստագրի, ապա չի կարող բարձրաձայնել դրանց մասին, քանի որ մանդատը թույլ չի տալիս․ այն խիստ մարդասիրական է և թույլ չի տալիս խոշտանգումների համար պատասխանատվություն պահանջել:

«Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում 2-3 շաբաթ անց միայն կարողացանք ունենալ առաջին այցելության վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  նոյեմբերին են այցելել ադրբեջանական կողմից  ձերբակալված հայերին: Այցն էլ տեղի է ունեցել ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները շուտ չեն սկսվի, բայց  դրանք կլինեն։

Շինծու ու ցուցադրական դատավարությունների պակաս չի զգացվի՝ ասում է Սահակյանը։

«Կարծում եմ՝ մյուս հայերի դատավարությունները կավարտվեն, նոր կթևակոխի այս կարևոր ցուցադրական դատավարության փուլը: Դրա համար ես կանխատեսում եմ, որ դա տեղի կունենա 6 ամսից ոչ շուտ: Ինչ վերաբերում է իրավական պաշտպանությանը, ապա դա կազմակերպել Ադրբեջանում չլիցենզավորված փաստաբանի միջոցով, ուղղակի անհնար է, ուստի միակ հնարավորությունը, որ ունեն ընտանիքները, ադրբեջանական փաստաբանների միջոցով պաշտպանություն իրականացնելն է»:

Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ քաղաքական գործիչների պաշտպանությունը կազմակերպելու համար պաշտպանները զրկվել են լիցենզիաներից: Գործերից մեկով արդեն դատավճիռ կա։ Նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Լաչինի միջանցքից առևանգված  Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել։  Չնայած իր դեմ գործադրված ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարել է, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։ Խաչատրյանի փաստաբանը  Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝  այս միջոցը արդյունավետ լինել չի կարող։

«Այդ բողոքարկման հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացող գործընթացներում ապացույցներ գեներացնելն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Իսկ ահա  օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղի տարածքից առևանգված  61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին ադրեբեջանցիները  ծանր մեղադրանքներ են առաջադրել։ Մասնավորապես Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու մեջ։ Սահակյանը դա հորինված  մեղադրանք  որակում, նկատում, որ մեղադրանքը նկարելիս դեր են խաղացել Ռաշիդ Բեգլարյանի տարիքն ու բնակության վայրը:

Նոյեմբերի 23-ին Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» վերնագրով զեկույցը, որում նշվում է, որ Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Այս հորդորը, ինչպես բազմաթիվ այլ կոչեր ու ստանձնած պարտավորությունների մասին հիշեցումներ, Բաքուն շարունակում է անտեսել։

Back to top button