ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը Դուբայում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28), հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

ՀՀ նախագահը և նախարարը կմասնակցեն համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։

Այցի ընթացքում կլինեն մի շարք երկկողմ հանդիպումներ։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ակնկալվում է, որ ավելի քան 70 000 պատվիրակներ կմասնակցեն COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։

Back to top button