Երաժշտական եռանկյունի

«Էթնո քալրս». նոր ֆյուժն նախագիծ. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի ժամանակակից երաժշտության գունապնակը հարուստ է ամենատարբեր դրսևորումներով՝ ավանդական կազմերից սկսած ընդհուպ մինչև էլեկտրոնային, դիջեյական երաժշտության խմբեր: Ընդհանուր պատկերի մեջ առանձնանում են տարբեր մոտեցումներ դրսևորող անհատ կատարողներ և խմբեր, որոնք որպես ստեղծագործական հենարան տեսնում են հայկական ավանդական, ֆոլկրլորային մշակույթը:

Ընդհանրապես հայկական տարրը հանրամատչելի երաժշտության բնագավառում ակնհայտ է և ունի բազմազան դրսևորումների մակարդակներ՝ ռաբիսից  մինչև պրոֆեսիոնալ, բարձրաճաշակ կատարողական արվեստի տեսակներ: Այստեղ պետք է զատել իրարից ժամանցային բնույթ կրող «ըստ պահանջարկի» ձևավորվող մոտեցումները նեղ ավանդապատապաշտական, բնագրերին հավատարիմ տեսակներից:

«Էթնո քալրս» խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Հարությունյանն իր ուսումը ստացել էր Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, բայց աշխատանքի բնույթով նախընտրել է ջազային և ավանդական երաժշտության ասպարեզը, և բնութագրում է իր նախագծի ժանրը որպես ֆյուժն: «Չնայած ստացել եմ ակադեմիական կրթություն, բայց դեռևս ուսանողական տարիներից ավելի շատ ձգտել եմ ջազի: Նաև հայկական ֆոլկլորը, նրա մշակումը միշտ հետաքրքիր է եղել ինձ որպես գործիքավորողի, այս ամենի հետևանքը եղավ այն, որ առաջարկեցի իմ ընկեր երաժիշտ կատարողներին ստեղծել խումբ և փորձել նորովի ներկայացնել հայ ավանդական երգը՝ ներառելով ոչ միայն ժողովրդական գործիքներ, այլ նաև փողայիններ, հարվածայիններ և այլն»,- ասում է կոմպոզիտորը:

Նախագծում ընդգրկված են հետևյալ նվագարանները՝ էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ և էլեկտրո կիթառ, երկու տեսակի հարվածային գործիքներ, հայկական ավանդական փողային գործիքներ, դասական փողային գործիքներ, ինչպես նաև երգչուհի մենակատար և կանացի բեք վոկալ զույգ:

Մեր զրույցի երկրորդ մասնակիցը՝ Ստյոպ Սարգսյանը, հարվածային գործիքների նվագող է: «Տասնմեկ տարի նվագել եմ Նարեկացի արվեստի միության «Նովա» ժողգործիքների նվագախմբում, ուր հղկվել է ոչ միայն ազգային նվագացանկը, այլ նաև իմ երաժշտական ճաշակը»: «Էթնո քալրս» նախագծում նվագում եմ ավանդական հարվածայինների վրա, բայց ունենք նաև ժամանակակից հարվածային գործիքների վրա նվագող երկրորդ երաժիշտ»,-շարունակում է Ստյոպը:

Նախագծի երգչուհի Սուսաննա Նաջարյանը մասնագիտությամբ երաժիշտ չէ, բայց սերը դեպի հայկական երաժշտություն և վոկալ տվյալները բերեցին նրան նախագիծ, ուր նա հանդես է գալիս որպես առաջատար մեներգչուհի:

Նախագծի մտահղացումը կայացավ քովիդի տարիների ընթացքում և խմբի գեղարվեստական ղեկավարը հանրայնացման հետ կապված առաջին քայլերը նախաձեռնել է համացանցի տարածքում: Սա կարծես թե ձևավորել է հատուկ մոտեցում, սկզբից ձայնագրել նյութը ստուդիայում, նկարահանել տեսահոլովակ, տարածել այն համացանցում և միայն դրանից հետո ներկայացնել հասարակությանը համերգային ձևաչափով:

Այս մոտեցման շնորհիվ քայլ առ քայլ տեսահոլովակից տեսահոլովակ ձևավորվում է նախագծի երգացանկն ու նվագացանկը, և այսօր «Էթնո քալրս»-ը արդեն հանդես է գալիս ոչ թե առանձին ելույթներով, այլ ներկայանում է ամբողջական համերգային ծրագրերով:

Կարդացեք նաև

Back to top button