ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արդեն 67 տարի հեռուստատեսային էկրանը խոսում է հայերեն

Հեռուստատեսային առաջին ողջույնը հնչեց 1956-ի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը։ Ու այդ օրը հեռարձակվեցին հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումները։

Արդեն 67 տարի է՝ հեռուստատեսային էկրանը խոսում է հայերեն։ Հանրայինի առաջին աշխատողները հեռուստատեսությունը պատկերացնում էին որպես արվեստի և մշակույթի արժեքների հետ շփման միջոց: Դա էր պատճառը, որ հայկական հեռուստաեթերը հարուստ էր գեղարվեստական հաղորդումներով և հեռուստատեսային ներկայացումներով, մանկական հաղորդումներով: Մոտ 7 տասնամյակ հայկական հեռուստատեսությունը վավերագրել է Հայաստանի արդի պատմության բոլոր կարևոր դրվագները ու նաև պատմություն կերտել։

Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: 

Տոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձում նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն այսօր ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է երկրի պատմության համար: Նա նաև կարևորել է այն, որ Հայաստանում հեռուստատեսային եթերի ցենզուրա չկա, և որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա:

2018-2022 թվականներին Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում:

Back to top button