ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Շահրամանյանն ամեն օր բանակցում է Բաքվի հետ»․ ինչ է պատմել Սամվել Բաբայանը Քննիչ հանձնաժողովում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր հարցեր է ուղղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին՝ 44-օրյա պատերազմին և այս տարվա սեպտեմբերին արցախցիների բռնագաղթին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար։

Պատասխանել եմ բոլոր այն հարցերին որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին և սեպտեմբերյան վերջին դեպքերին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Ում է մեղադրում Բաբայանը 44-օրյա պատերազմի համար․ սա գլխավոր հարցերից էր, որ ուղղեցին նրան թե՛ մինչև հանձնաժողովի նիստը և թե նիստից հետո։ Սամվել Բաբայանի համոզմամբ Արցախը բոլորն են  հանձնել։

Նա Արցախի կորստի հիմքում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունն է տեսնում ու մեղադրանքի սլաքներն ուղղում այն մարդկանց կողմը, որոնք համաձայնել են, որ Արցախը լինի Ադբեջանի կազմում․

«Ես բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ, որ Արցախը էս վերջին 19-ի դեպքերով հանձնել են Արցախի իշխանությունները։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը չէր կարող ոչինչ անել, քանի որ չուներ բանակ, չուներ իր պաշտպանությունը, և Ադրբեջանն էլ կոշտ հարց է դնում, որ չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվես։ Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանություններին, որ նստեին ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, քանի որ Մոսկվայից կարգադրություն էին ստացել, որ բոյկոտեին։Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել այդ ժամանակ էլ ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այսինքն նոյեմբերի 9-ին համաձայնության են եկել ու վերջ»։

Սամվել Բաբայանը Արցախի վերադարձի հարցը փակված չի համարում։ Ասում է, որ  մինչ այս տարվա սեպտեմբերի 19-ի էթնիկ զտումները ինքն առաջարկել էր անձամբ բանակցել Ադրբեջանի հետ, անգամ սկզբուննքեր էր ներկայացրել Ադրբեջանին ու  հնարավորություն էր տեսնում, որ Ղարաբաղը ինքնավարություն ստանար և պնդում էր,  որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին․

«Դրանք եղել են սկզբունքներ, թե ինչ հացերի շուրջ ենք նստում բանակցությունների, ասենք՝ Ղարաբաղը ունենալու է իր բանակը թե՞ ոչ, այդ բոլոր կետերը քննչականում կա, մի օր երբ քննությունը ավարտվի, երևի կհրապարակեն, թե ինչի մասին ենք բանակցել։ Այդ ժամանակ Շահրամանյանը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար և դահլիճում լսել է իմ ելույթը, հետո փորձել է ճշտել Ադրբեջանի անվտնագության խորհրդի քարտուղարի տեղակալից և վերջինն էլ ասել է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի ու ճիշտ է ասել, քանի որ ես հո շպյոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ։ Ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել, այսինքն իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»։

Սամվել Բաբայանի խոսքով Արցախում 22 հոգով են որոշել Արցախի հարցը և հասցրել այն վիճակին, որ կա այսօր։ Նա վստահեցնում է, որ  այսօր էլ ամեն օր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ․

«Շահրամանյան Սամվելը, որին ընդդիմությունը շատ սիրում է, այսօր էլ ամեն օր զանգում է Բաքու ու խոսում, ինչ է բանակցում՝ իրեն հարցրեք։ Ես ձեզ ասում եմ, որ ինքը բանակցում է վերադարձի մասին»։

Բաբայանը չի կարծում, որ այսօրվա «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանկցություններում Արցախի հարցը ներառված չէ, բայց նաև նշում է, որ այս փուլում հավանական չի համարում պայմանագրի ստորագրումը։

Back to top button