ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քանի դեռ այլընտրանք չկա, մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվելու. երթևեկության փորձագետ

Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիներում կայանելու վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։

2024 թվականի հունվարից մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր սակագներ կգործեն։ Եթե գործող օրենսդրությամբ կարմիր գծերում կայանելու համար քաղաքացին վճարում է տարեկան 12 հազար դրամ, ապա նոր նախագծով առաջարկվում է այդ վճարը դարձնել 160 հազար դրամ։  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ սա արվում է Փոքր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, իսկ նոր սակագները կգործեն ըստ գոտիավորման։

«Տվյալ ռեֆորմը չի ենթադրում որոշակի մուտքերի ապահովում համայնքային բյուջե։ Կենտրոնը ծանրաբեռնված է, և սա դիտարկվում է, որպես կենտրոն մուտքի սահմանափակման գործիք և խթան, որպեսզի մարդիկ օգտվեն հանրային տրանսպորտից»։

Մինչ քաղաքային իշխանությունները կարծում են, որ Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարների վերանայումը կարող է դառնալ ծանրաբեռնվածությունը զսպող գործիք, շահագրգիռ մյուրս շրջանակներում համոզված են՝ Երևանի կենտրոնի բեռնաթափումը համալիր գործողությունների ծրագիր է, և միայն կայանումը թանկացնելով հարցը չի լուծվի:

Քանի դեռ չկա կենտրոն հասնելու այլընտրանք, կենտրոնը չի բեռնաթափվելու նույնիսկ, եթե հարյուրապատիկ թանկացնեն, կարծում է երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։

«Միտումը հասկանալի է, ողջունելի։ Բայց ի՞նչ ես դրա դիմաց տալիս։ Մարդկանց ասում են՝ մեքենա մի վարեք, հանրային տրանսպորտից օգտվեք։ Բայց, եթե դու մի բան թանկացնում ես, պետք է կարողանաս նաև երաշխավորել այլընտրանք։ Եթե ես աշխատում եմ կենտրոնում և մեքենա եմ վարում, չի կարող որևէ մեկը հակառակը համոզել, եթե ոչ տրանսպորտ կա, ոչ տրանսպորտի ժամ։

Տրանսպորտի խնդիրն ու կենտրոնի ծանրաբեռնվածությունը փոխկապակցված են, կարծում է տրանսպորտի վարչության պետը։ Ըստ նրա՝ հանրային տրանսպորտի խնդիր Երևանում այժմ չկա, իսկ ավտոբուսների ուշացումն իր պատճառներն ունի․

«Տրանսպորտի ուշացման պատճառների մի մասը խցանումներով է պայմանավորված։ Տրանսպորտային հոսքերի կրճատումը ինքնին բերելու է երթևեկության միջին արագության ավելացման, և հանրային տրանսպորտի ժամանումների ճիշտ գրաֆիկին հետևելուն»։

Նախագծով առաջարկվում է «Ա» գոտու համար, որը ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա, յուրաքանչյուր մեկ ժամվա համար սահմանել 300 դրամ, ներկայում գործող 100 դրամի փոխարեն, մեկ օրվա համար 2000 դրամ, մեկ շաբաթվա համար 5000 և մեկ ամսվա համար 18 հազար դրամ, ներկա 2000-ի փոխարեն։ «Բ» գոտու դեպքում ավելի մեղմ գնացուցակ է ներկայացված։

Իսկ ինչ անեն այն քաղաքացիները, որոնք առհասարակ հանրային տրանսպորտից օգտվելու հնարավություն չունեն դրա բացակայության պատճառով և տեղաշարժվելու միակ միջոցը ավտոմեքենան է։ «Ռադիոլուրի» այս դիտարկմանը Վազգեն Հարությունյանը հետևյալ այլընտրանքն առաջարկեց․

«Շատ լավ, թող օգտվեն մասնավոր մեքենայից, խնդիրը մասնավոր մեքենաներից չօգտվելը չէ։ Խնդիրը մասնավոր մեքենայով կենտրոն չմտնել է։ Քաղաքացին կարող է այլ վարչական շրջաններ երթևեկել սեփական մեքենայով, որովհետև այս ռեֆորմն ուղղված է կենտրոնի բեռնաթափմանը»։

Զրուցակիցս կարծում է, որ այլընտրանք է նաև մետրոն։ Սակայն, հաշվի առնելով մետրոյում վերջին շրջանում մարդկանց կուտակումները և քաքացիների դժգոհությունները, մետրոն էլ լավագույն այլընտրանքը չէ։ Փորձագետ Արտակ Խաչատրյանը խնդրի լուծումը կայանատեղիներ կառուցելու մեջ է տեսնում, սակայն դա էլ ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված։

«Վերջին տասը տարում անընդհատ կրկնում ենք, որ մրցույթ կազմակերպեն, վճարովի կայանատեղիներ կառուցեն։ Սա պետք է արվեր վճարովի կայանատեղիներ կառուցելուն զուգահեռ ինչպես օրինակ, Օպերայի ստորգետնյա կայանատեղիի դեպքում արեցին»։

Մինչ քաղաքային իշխանությունները ցանկանում են նախ կենտրոնը բեռնաթափել, հետո միայն այլընտրանքների մասին մտածել, երթևեկության փորձագետը փակուղուց դուրս գալու լավագույն լուծում է համարում հեծանիվը. համ համայնքային բյուջեն չի լցվի, ինչպես քաղաքային իշխանություններն են ընդգծում նախագիծն առաջարկելիս, համ խցանում չի լինի, համ  կայանումն անվճար կլինի, համ էլ՝ առողջարար է։

Back to top button