ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գավառը՝ երիտասարդների մայրաքաղաք․ Մեծամորը էստաֆետը կփոխանցի դեկտեմբերին

Մայրաքաղաք Երևանում այսօր որոշվեց՝ որն է լինելու Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը 2024-ին։ 5 քաղաքների՝ Աբովյանի, Ալավերդու, Էջմիածնի, Գավառի ու Վեդու մրցակցության մեջ հաղթող ճանաչվեց Գավառը, որտեղ, ըստ էության, գալիք տարում պիտի կենտրոնանա երկրի երիտասարդական կյանքը։

«Ռադիոլուր»-ը մրցույթի ամփոփումից րոպեներ առաջ զրուցել է մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչների հետ և պարզել՝ ո՞րն է մրցույթին մասնակցելու գլխավոր դրդապատճառը։ Էջմիածինն, օրինակ, ուզում է իր երիտասարդների՝ Երևան «տեղափոխված» կյանքը հետ բերել ծննդավայր։ Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Աննա Սաթաղյանն է մանրամասնում․

«Իրականում տիտղոսի կարիք Էջմիածինը չունի, ավելի շատ կենտրանացման փոփոխոթյան կարիք ունի, որ ֆոկուս լինի ոչ միայն որպես հոգևոր մայրաքաղաք, տուրիստական կենտրոն, այլ դիտարկվի որպես երիտասարդական հանգրվան։ Երևանամերձ բոլոր քաղաքները ունեն նման խնդիր, որ երիտասարդության մեծ մասն աշխատում, սովորում, նաև իր ժամացը անց է կացնում Երևանում, ու հիմնականում քաղաքները, որտեղ իրենք ապրում են, ավելի շատ դիտարկում են որպես տուն ընդամենը, մնացած գործառույթները իրականանցում են Երևանում»։

Ճիշտ նույն խնդիրն է մրցույթին մասնակցելուն դրդել Աբովյան քաղաքին։ Նախամրցութային աշխատանքները համակարգել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Նախթալյանը․

«Առաջին նպատակն այն է, որ մենք մոտ ենք մայրաքաղաքին, մեր երիտասարդները հավասարապես ակտիվ են նաև Երևանում և որ շատ ակտիվ լինեն հատկապես Աբովյանում, կարծում եմ, Երևանը այս հարցում կարող է մեզ օգնել՝ մեզ երիտասարդական մայրքաղաք կոչումը տալով։ Մոտ լինելը բերում է նրան, որ մեր 13-14 տարեկան պատանիները շատ հանգիստ կարողանում են երթուղայինով գնալ Երևան, մասնակցել ինչ-որ երիտասարդական միջոցառումների, հաճախել խմբակներ»։

Սակայն արդյո՞ք Հանրապետության երիտասարդական մայրաքաղաքի կոչումը բավական է, որ քաղաքը երիտասարդների համար հետաքրքիր դառնա։ Այս քաղաքները որոշել են՝ ընտրվելու դեպքում կանցկացվեն փառատոներ, ֆլեշմոբեր։ Իսկ հնարավոր չէ՞ դրանք կազմակերպել՝ առանց կոչման։ Էջմիածնի ներկայացուցիչ Աննա Սաթաղյան․

«Այնպես չի, որ էս միջոցառումները իրականանալի չեն, բայց մի կարևոր հանգամանք կա․ նախարարությունը, բնականաբար, ֆինանսավորելու է այս ամեն ինչը, որոշակի համաֆինանսավորում լինելու է համայնքի կողմից, բայց ֆինասնավորման մեծ մասը նախարարության կողմից է լինելու։ Համայնքը չի կարող դա ֆինանսավորի, եթե ուղղակի որոշի, որ էս մի շարք միջոցառումները պետք է իրական դարձի»։

Իսկ Աբովյան քաղաքը միջոցառումների առաջարկը ևս նախարարության հայեցողությանն է թողել։

«Որպես ծրագիր մենք ներկայացրել էինք կանաչ քաղաք ունենալու վերաբերյալ ծրագիր, առաջնահերթ տեսակավորված աղբի հարցը լուծելու խնդիրն էինք մեր առաջ դրել՝ տեսակավորել թափոններ։ Մեր հիմնական ծրագիրը, որով դիմել ենք, դա էր, իսկ երիտասարդության հետ կապված մեր քաղաքում հետաքրքիր միջոցառումներ անցկացնում ենք, որը մեծ հնչեղություն ունի, օրինակ՝ «Աբովյան՝ իմ պարի քաղաք» փառատոնը, բոլոր տոնական օրերին փորձում ենք ակտիվ գեղեցիկ միջոցառումներ անցկացնել, հիմա էս ծրագրից ակնկալում ենք, որ նախարարությունը, մայրաքաղն էլ իր հերթին ավելի հետաքրքիր ծրագրեր մեկ տարվա կտրվածքով կներկայացնի»,- ասում է Ռոզա Նախթալյանը։

2022-ին բանալին Կապանից փոխանցվում է Հրազդանին

Սա մրցապայքարը հաղթահարած Գավառնի՝ երիտասարադական մայրաքաղաք դառնալու առաջին փորձը չէր։ Մանրամասնում է փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը․

«Գավառ համայնքը երրորդ անգամ է հայտ ներկայացրել մասնակցելու երիտասարդական մայրաքաղաք մրցույթին և հայտ ներկայացնելուց առաջ բնականաբար դիտարկում ենք մեր և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը և հաշվի առնելով վերջին տարիներին համայքնում երիտասարադական հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի աճը, մեզ թույլ է տալիս և նաև մոտիվացնում է, որ մենք հայտ ներկայացնեինք»։

Գրիգոր Դաշտոյանի խոսքով՝ քաղաքը երիտասարդական դարձնելու համար առանց մայրաքաղաք դառնալու էլ աշխատանքներ արվում էին։ Վերջին տարիներին համայնքի բյուջեից 30 միլիոն դրամ հատկացվել է երիտասարդական կենտրոնի վերանորոշմանը, տարեկան 10 միլիոն դրամ՝ դրա պահպանմանը, տարեկան 5 միլիոն դրամ էլ համայնքային բյուջեն երիտասրադների նախաձեռնություններին աջակցելու համար է նախատեսում։

«Սա ևս մեկ խթան կարող է հանդիսանալ այդ ծրագրերը ավելի լավ, ավելի մոտիվացված կազմակերպելու»։

Գավառը

2022-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղքը Հրազդանն էր, 20-ին՝ ընտրված Կապանը քաղաքի երիտասարդականացումը քովիդով պայմանավորված հետաձգեց մեկ տարով՝ ծրագրերն իրականացրեց 2021-ին։ 2019 թվականին այս կոչումը Վանաձորինն էր, դրանցի առաջ՝ Իջևանինը, Չարենցավանինը, Գյումրիինը, Ստեփանավանինը, Սիսիանինը։

2023-ին այս կոչումը պատկանում է Մեծամորին, որը, համայնքի Կրթության, մշակույթի, սպորիտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Բենիկ Ստեփանյանի խոսքով, պատշաճ օգտվել է այդ հնարավորությունց․

«Հնարավորություն տվեցին, որ երիտասարդների միջև ծանոթություն, կոմունիկատիվ համագործակցային կապեր հաստատվեն, որովհետև Մեծամորը խոշորացման արդյունքում այսօր ընդգրկում է 31 բնակավայր և փոխհարաբերությունների կառուցումը շատ կարևոր էր»։

Այժմ Մեծամորը տարվա վերջին երիտասարդական միջոցառմանն է պատրաստվում․ դեկտեմբրի առաջին տասնօրյակում քաղաքը երիտասարդական մայրաքաղաքի սիմվոլը՝ փոխանցիկ բանալին հանդիսավոր կերպով կփոխանցի 2024-ի հաղթողին՝ Գավառին։

Back to top button