Գերդաստաններ

Երաժշտության, գաղթի, Արցախում անտեր մնացած սերկևիլների մասին․ Հարությունյաններ. «Գերդաստաններ»

Մարատ և Գագիկ Հարությունյանները ստեփանակերտցի երաժիշտներ են։ Նրանք երկրորդ կյանք են տվել իրենց նախնիներից հասած հնագույն երգերի պատառիկներին։ Մարատը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ժողովրդական երգերի ուսուցում է դասավանդել, իսկ Գագիկն այսօր Կամերային երգչախմբում մենակատար և Առնո Բաբաջանյան քոլեջում դասախոս է։

Գագիկի Կառլեն պապը երաժշտական գործիքներ էր պատրաստում, հիանալի լարագործ էր և հաճախ էր թոռանը նստեցնում կողքին, լսել տալիս, թե ինչպես են թառից կամ քամանչայից հնչում ժողովրդի հոգու լարերից ծնված երգերը։ Մարատն էլ հետևում էր պապին՝ Հարություն Աղաջանյանին, որը հնագույն երգերի հրաշալի կատարող էր։ Հետևում էր ու սկսում է սիրել ժողովրդական երգարվեստը։ Երբ մեծացավ, սկսեց նվագել ու երգել մորաքրոջ շնորհիվ պահպանված երգերի պատառիկները։ Շուտով նա ընդունվեց Ստեփանակերտի երաժշտական դպրոց, իսկ երբ եկավ Երևան, այստեղ իրականացավ նրա մեծ երազանքը՝ դարձավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան՝ պատմում է Մարատը։

Երաժշտական ընդունակությունները տղաներին գեներով անցել էին մայրական մեծ պապից ու պապից, սակայն հայրական նախնիներից նրանք ժառանգել էին նկարչական կորողություններ, որոնք, միահյոսվելով, ստեղծել էին մի յուրահատուկ կատարողական արվեստ։ Տղաները երբեմն միասին էին երգեր գրում ու կատարում։ Խոսքերը հիմնականում գրում էր Մարատը, երաժշտությունը՝ Գագիկը։

Մարատի հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ կամավորական էր գրվել և մեկնել պաշտպանելու հարազատ հողը։ Հենց այս ընթացքում էլ Մարատը, լսելով խրամատների տղաների երգերը, դրանք կատարում էր շատերի մոտ և ոգևորում երիտասարդներին։

Յոթ տարեկան էր Մարատը, երբ եկավ Երևան և ընդունվեց տեսողության խանգարում ունեցողների թիվ 14 հատուկ դպրոցը, որտեղ նկատեցին նրա երաժշտական փայլուն ընդունակությունները, և տղան սկսեց հաճախել  ժողովրդական երգեցողության խմբակ։ Շնորհիվ երաժշտագետ, բանահավաք Զավեն Թագակչյանի՝ նա բռնեց ժողովրդական երգի ճանապարհը։

Մեր ստուդիայում դժվար էր  երգել սիրված «Կռունկը», քանի որ դրա բառերը արցախյան վերջին արհավիրքների՝ տեղահանության, պատեարզմի հետ են նույնացվում, և հիշելով այդ ամենը, մեկ անգամ ևս ալեկոծվում է հոգին, դառնանում է, ուզում է թռչել տուն, ինչն արգելված է։ Սակայն նա համաձայնվեց երգել «Աղջի լաոն»։

Գագիկը հաճախ էր գնում Արցախ, հյուրընկալվում Մարատին։ Նրանք միշտ միասին են անցկացրել մանկության ու երիտասարդության վառ ու որոնումներով լի  տարիները, միասին հղկել իրենց ստեղծագործություններն ու կատարումները։

Մարատը Ստեփանակերտի երաժշտական դպրոցում իր հերթական պարապմունքն էր անցկացնում աշակերտների հետ, երբ  զանգահարեց կինը և ասաց, որ շտապ երեխաներին դպրոցից վերցնի ու գա։

Ծանր էր գաղթի ճանապարհը։ Ամենուր մահ ու ավերածություն։ Սրտներում՝ վախ ու սարսափ, աչքերում՝ ապրելու տենչ, քայլում էին Մարատը, կինը, երեք երեխաները, մոտ 30 ժամ ճանապարհ անցնում՝ մեքենաներով, ոտքով։ Շատ հայրենակիցների հետ հասան Կոռնիձոր։ Փրկության լույսի ներքո՝ մարդիկ արցունքախառն աչքերով փարվեցին միմյանց, երեխաների աչքերում խինդ նկատվեց, սակայն մի անբացատրելի թախիծ դաջվեց նրանց դեմքին՝ կորուսյալ տան պատկերով՝ պատմում է Մարատը և հուզվում։

Գագիկն այսօր Կամերային երգչախմբում մենակատար է, աշխատում է նաև «Առնո  Բաբաջանյան» քոլեջի ժողովրդական երգեցողության բաժնում՝ որպես դասախոս։ Հենց «Առնո Բաբաջանյան» քոլեջում են սովորում նաև Մարատի՝ Արցախից  տեղահանված աշակերտները, որոնք երազում են կրկին աշխատել իրենց ուսուցչի հետ։

Ասում են՝ հատկապես բնածին տեսողության խնդիր ունեցող երաժիշտները կանխազգում են մոտալուտ վտանգը, այդպես է եղել նաև Մարատի կյանքում։ 

Այսօր հարազատ հողից, տնից կտրված՝ Մարատի ընտանիքը պատսպարվել է Հայաստանում, սակայն չի կորցնում հույսը, որ կօգնեն մարդիկ ու ինքը կրկին երաժշտություն կդասավանդի այստեղ գտնվող իր աշակերտներին։ Հավատում է նաև, որ Աստված կօգնի և մի ճանապարհ կբացվի՝ Արցախ վերադառնալու։ Իսկ Գուսան Շահենի «Իմ Էլինար» երգը, որը, չգիտես ինչու, անընդհատ այցի է գալիս Մարատին, հնչում է, հնչում՝ որպես շարունակվող, անեղծ կյանքի խորհրդանիշ։

Back to top button